Մի թևանի «խնգահոտ» թռչունը


Ազգագրական պարի թատրոն հիմնելու մասին Գագիկ Գինոսյանի հայտարարությունը խանդավառ հետաքրքրություն առաջացրեց «Խնգահոտ Էրգիր» առաջին ներկայացման (բեմադրիչ` Գոհար Տրդատյան) հանդեպ: ԿԳՆ Մշակույթի կենտրոնի «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավարը, «Էրգրի» կարոտից չապաքինվող Շահում պապի (Գուրգեն Անտոնյան) և նրա թոթովախոս թոռնիկի (Սուրեն Թովմասյան) զրույցի հենքի վրա, մտահղացել էր հայրենասիրության դասեր տալ հանդիսատեսին` համեմելով դրանք առավելապես Էրզրումի ժողովրդական կատակերգերի, խաղիկների, խմբերգերի, հարսանեկան և հերոսական երգերի գունեղ թատերայնացմամբ: Հրաշալի գաղափար, որ բեմական լիարժեք մարմնավորում ձեռք բերելու համար պետք է, նախ, նպատակասլաց դրամատուրգիական կուռ տեքստում հստակ արտահայտվեր, ապա բեմադրական հնարամիտ, մանրակրկիտ մտածված ձևավորում ստանար գլխավոր ասելիքի կրող երկու հերոսների արժանահավատ կերպավորումից սկսած մինչև նրանց զրույցը աշխուժացնող երգուպարային ներդիրների իմաստավորված, անկարկատան սինթեզը մեկ ամբողջության մեջ: Մինչդեռ, ի՞նչ է ցուցադրվում բեմից: Պապ ու թոռ, ի սկզբանե դատապարտված ստատիկ ճառախոսության (հատկապես անհարկի պաթոսի կրող, անհարիր բեմական կաղապարում ի սկզբանե կաշկանդված պապը), իրենց զրույցն են անում` գամված բեմի ձախ անկյունում տեղադրված կարպետածածկ թախտին, միջնորմին ամրացված տարազահանդերձ ամուսինների (ըստ երևույթին` նախնիների) նկարի տակ: Համույթի մոտ երկու տասնյակ անդամները իրենց վտիտ կարողությունների անմնացորդ ներդրումով ջանում են կենդանացնել հազվադեպ կենսական ճշմարտություններ պարունակող բառախաղային («էրգիր-երկիր») այդ հավակնոտ երկխոսությունը համերգային ելույթներով, որոնք այդպես էլ չեն միաձուլվում բեմական կենսապատումի ընդհանրացված հստակ ասելիքի օրգանական շաղախով: Ելույթներն ինքնին ուշագրավ էին, սակայն ապահովված չէր նաև դահլիճին հասցեագրված ձայնի հարկավոր հնչողությունը, ինչն անհաղորդ էր դարձնում հանդիատեսին լսած երգերի ու կատակախաղերի բանահյուսական խորքերին: Իր հերոսի նկատմամբ որոշակի անխաթար ուշադրության արժանանում էր հիմնականում փոքրիկ Սուրենը` մանկական երբեմն ինքնաբուխ անմիջականության դրսևորումներով (ոչ երբեք բնատուր օժտվածության ուղղորդված փայլատակումներով, ավաղ): Անհարկի շտապողականությո՞ւնն էր այս «ներկայացման» թերարժեքության պատճառը: Ստացված պատվերի շուտափույթ իրացո՞ւմը: Մշակութային գերակտիվ բազմազանության ձգտող պատվիրատուն մինչև հրապարակային ցուցադրությունը գոնե պետք է իմանար, թե ինչի համար է վճարում, հուսալիորեն ապահովագրեր հայապահպան այս մտահղացման բազիսային հաջող կենսագործումը: Ազգանվեր այս նախաձեռնությունը սատարելու մեկնարկային խթան կարող էր լինել ասպարեզում եղած անհատականություններին նախագծի իրագործմանը մասնակից դարձնելը` տալով նորաստեղծ հիմնադիր խմբին, նրա` հերոսական պատկառազդու նկարագրի տեր գեղարվեստական ղեկավարին անհրաժեշտ միջոցներ ու ժամանակ պատշաճ կայացնելու «ազգագրական պարի թատրոն» երևույթը: Արտիստական վառ անհատականությունների բացակայության պարագայում, կարծում եմ, ժամանակավրեպ, պարզապես անհեթեթ էր ընդամենը 10 օրում ազգագրական թատերական հիմնադիր ներկայացում (առանց չակերտների) ակնկալելը: Առավել ևս` մեր հնագույն դիմորոշ ավանդների փրկարար վերահաստատմամբ արդի ապազգայնացող մշակութային դաշտում հայկական ժողովրդական արվեստի յուրատիպ գրավչությունը նորովի կարևորելն ու առաջնայնացնելը: Ամենախենթ նվիրումն անգամ ի զորու չէ երազանքը իրականության վերափոխել, եթե չի գտնում լիարժեք արարման համապատասխան միջավայր: «Մի թևանի թռչուն ենք դարձել ազգովի,- ասում է Շահում պապը,- շատերն էլ ի ծնե անթև են…»: «Մի թևանի թռչուն» էր, ցավոք, ազգագրական «թատրոնի» անդրանիկ ելույթը: Ով դարձավ ակամա պատճառը անթռիչք թևավորի այս վաղաժամ ինֆանտիլ ծնունդի, տեսնես, գոնե ներքուստ մեղանչո՞ւմ է…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ