Հայ-վրացական համագործակցության նոր միտումներ


Ընթացիկ աշխատանքային շաբաթը միասին սկսեցին հարևան 2 երկրների վարչապետները` հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավա րական հանձնաժողովի նիստի շրջանակներում: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովին կհաջողվի լուծել տնտեսական համագործակցության բնագավառում կուտակված հարցերը, ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական և հումանիտար կապերի հետագա խորացմանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանը նաև կարևորել է երկու երկրների գերատեսչությունների աշխատանքը. - Ակնհայտ է, որ գործնականում ցանկացած ոլորտում համատեղ նախագծերը զգալիորեն ավելի մեծ հնարավորություն ունեն ներդրումային աջակցություն ստանալու միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից, - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը` հավելելով Հայաստանում և Վրաստանում արտադրվող ապրանքների արտահանմամբ միմյանց շուկաներում այդ ապրանքների փոխլրացման խնդրի կարևորությունը: Զուրաբ Նողաիդելին գոհունակությամբ է արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում փոխշահավետ համագործակցության մասին` նշելով, որ այժմ Վրաստանում աշխատանքներ են իրականացնում մյուս տարվանից ավտոմոբիլային ճանապարհները, այդ թվում` Նինոծմինդա-Ախալքալաքից մինչև Բաթումի, բարեկարգելու ուղղությամբ, որը շուրջ 200 կմ-ով կկարճացնի նշված ճանապարհահատվածը, կնպաստի նաև զբոսաշրջության աշխուժացմանը: Վրացական կառավարության ղեկավարը համաձայնել է արդյունաբերական արտադրության ոլորտում կոոպերացիաների ստեղծման` Սերժ Սարգսյանի առաջարկության հետ: Զուրաբ Նողաիդելին հեռանկարային է համարել քիմիայի, վերամշակող արտադրության բնագավառներում, ինչպես նաև հումանիտար, կրթության, մշակույթի, բնապահպանության ոլորտներում զարգացող համագործակցությունը շարունակելու կարևորությունը: Նենսի Փելոսի. «ԱՄՆ-ը պետք է դառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 24-րդ երկիրը» Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կիրակի օրը ամերիկյան ABC հեռուստաալիքով ողջունել է արտաքին գործերի կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևի ընդունումը: - Արդեն 23 երկիր հայերի զանգվածային սպանությունները որակել է ցեղասպանություն, եւ Միացյալ Նահանգները պետք է 24-րդը դառնա,- հայտարարել է նա: Ամերիկյան խորհրդարանի ստորին պալատի խոսնակը անցած շաբաթավերջին ասել էր, որ թիվ 106 բանաձեւը պալատի լիագումար նիստում քվեարկության է դրվելու այս տարի: Վերլուծաբանների կանխատեսմամբ, դա տեղի կունենա մինչեւ Գոհաբանության օրը (նոյեմբերի 22-ը): «Թրքիշ դեյլի նյուս»-ը, սակայն, վկայակոչելով իր կոնգրեսական եւ դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Նենսի Փելոսին կարող է Հայոց ցեղասպանության բանաձեւը պալատի քվեարկությանը ներկայացնել արդեն այս շաբաթ: Միաժամանակ, «Միլիեթ» օրաթերթի վկայությամբ, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը զգուշացրել է, թե ամերիկյան Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեպքում ռազմական ոլորտում թուրք - ամերիկյան հարաբերությունները «անդառնալի վնաս կկրեն»: «Ազատություն»