«ԾԱՂԻԿԸ» ԾԱՌԵՐ Է ԿՏՐԵԼ
Դավթաշենի բնակիչներն անհանգստացել ու վրդովվել են` տեսնելով, որ իրենց սիրելի վայրերից մեկը` Դեյզի այգին, գրեթե ծառազրկվել է. այնտեղ կտրվել է 100-ից ավելի ծառ: Կտրողն էլ եղել է ոչ այլ ոք, քան ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` «Ծաղիկ Ռուբոն»:
Ըստ սեփականատեր պատգամավորի` նա բարեկարգումներ է իրականացնում այգում, սակայն, ըստ էության, կտրել է ծառերը: Եվ, ինչպես վկայում են դավթաշենցիները, մտադիր է այստեղ էլիտար շենք կառուցել:
Ժամանակին այս այգին ծառապատվել է Ռուբեն Գևորգյանի` թաղապետ եղած ժամանակ, ներդրվել են համայնքի ֆինանսական միջոցները: Հետագայում նախկին թաղապետը սեփականաշնորհել է այգին, իսկ վերջին շրջանում այն անհասանելի դարձրել վարչական շրջանի բնակիչների համար:
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ պատգամավորից, սակայն նրա հետ կապը չստացվեց, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում էլ խորհուրդ տվեցին զանգահարել ավելի ուշ... Եղանք նաև Դավթաշենում և տեսանք ծառահատված այգին, որը տխուր տպավորություն էր թողնում: Բազմաթիվ դավթաշենցիներ պնդեցին, թե իրենք իրազեկված են և հաստատ գիտեն, որ այստեղ էլիտար շինարարություն է սկսվելու, մինչդեռ ժամանակին Գևորգյանը ցուցանակ էր կախել այգու մուտքի մոտ և հայտարարել, որ դա իր նվերն է: Նվեր` համայնքի փողերով, որը հիմա «հետողորմեա» է արվում: