ԴՈՒՔ ԻՍԿԱԿԱՆ ԱՍՊԵՏ ԵՔ, ՄԱԵՍՏՐՈ
Բացառիկ բախտավորություն է մարդու համար, երբ մանուկ օրերից անվարժ թաթիկներով սարքվող հողե տնակը ոչ միայն հաղթում է չար քամիներին, որ սպառնում են անհետ ջնջել հեքիաթային լուսեղեն անուրջները, այլև, աճելով ու իմաստնանալով, կարողանում է սիրո հրաշքով երջանկության անզուգական դղյակի վերափոխել իրականում անշուք այդ հողե տնակը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության պետ, զինվորական փողային հատուկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, փոխգնդապետ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ մեր կյանքում հազվադեպ հանդիպող այդ բախտավորներից է: Կարծում եք` չափազանցնո՞ւմ եմ: Ամենևին... Պարզապես հարկավոր է խելամիտ ծնողների անսխալ ուղղորդմամբ գտնել որպես մարդ կայանալու ճիշտ ճանապարհը, նաև` մանկությանդ երազանքների հողե տնակը քամիներից խնամքով փայփայող փոքրիկ «արքայադստերը» և համարձակ անցնել այն Սիրո պահապան հրեշտակի անխոտոր ուղեկցությամբ` քո բաժին երջանկության կրակով ջերմացնելով մյուսներին: Արվեստասեր ճարտարագետ ծնողները, վաղ հայտնաբերելով Արմենի երաժշտական բնատուր օժտվածությունը, հետևողականորեն առաջնորդեցին իրենց որդուն լիարժեք ինքնաբացահայտման ճանապարհով: Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում թավջութակի գաղտնիքների յուրացման տարրական գիտելիքներ ստանալիս Արմենը հանդիպեց Նունեին` հայտնի կիթառահար Էդուարդ Բադալյանի աղջկան, որի հետ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, կարճատև անջատումից հետո, սովորելու տարիներին համոզվեց` ահա իր «արքայադուստրը»: Ամուսնացան ուսումնարանը չավարտած, շարունակեցին մասնագիտանալ կոնտրաբասի ու դասական կիթառի ներդաշնակ նվագարկման արվեստում` միաժամանակ շենացնելով իրենց երաժշտական ընտանիքը, որում տարիների հետ տիրապետող դարձան կիթառի մեղմ ու քնքույշ հնչյունները, երբ Դավիթը (ֆլեյտա) ու Մարիաննան (դաշնամուր) նախընտրեցին հավատարիմ մնալ պապիկի երաժշտական ավանդներին: Պատանեկան հասակից կիթառն անբաժան էր նաև Արմենից` որպես հանպատրաստից ծնված երգերի ներշնչող ու ծաղկեցնող: Ռազմական երաժշտության նկատմամբ բախտորոշ հետաքրքրությունն արթնացավ Օպերայի և բալետի թատրոնի նվագախմբում աշխատելիս, գլխավոր դիրիժոր Հակոբ Ոսկանյանի անմիջական ազդեցությամբ: Ռաֆիկ Նանյանից, Վահե Թերզյանից ու Ելենա Մամաջանյանից ստացած բարձրակարգ մասնագիտական կրթության շնորհիվ Արմեն Պողոսյանին, զինկոմիսարիատի ուղեգրով, հաջողվում է դյուրությամբ ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիայի ռազմական դիրիժորության ֆակուլտետ, Վլադիմիր Մոսկվիչովի, Խրիստաֆոր Խախանյանի և Իգոր Սավինովի հասուն վարպետության դարբնոցում հղկվել որպես ռազմանվագախմբային դիրիժոր, գործիքավորող ու կոմպոզիտոր: Մոսկվայում ուսանելու տարիներին ծնված երազանքը` զվարթ հչնեցնել կրկին Հայաստանի ռազմական նվագախմբի ձայնը` թույլ չի տալիս գայթակղվել արտերկրում շահավետ առաջարկություններով: Կանխորոշված էր` վերադառնում է հայրենիք ու ձեռնարկում նվիրական դարձած ցանկության իրականացմանը: Սիրո պահապան հրեշտակի հովանավորության ու բարոյակամային բարձր հատկանիշների զուգակցման միջոցով կարողանում է հասնել իր նախաձեռնության իրագործմանը ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորմանը զուգահեռ: Մոսկովյան կայուն ապրելակերպի կտրուկ փոփոխությունը, պայմանավորված մութ ու ցուրտ 90-ականների բարդություններով, չեն ընկճում նպատակասլաց մարտիկին: Նուբարաշենի դեսանտագրոհային առաջին գնդում կազմավորվում է Հայկական բանակի առաջին զինվորական նվագախումբը: Հաջող մեկնարկը ցանկալի շարունակություն է ունենում` սիմֆոնիկ ու փողային նվագախմբերի երաժիշտներից, կոնսերվատորիայի ու երաժշտական ուսումնարանների շրջանավարտներից կազմավորվում է զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նվագախումբը` պետական-գերատեսչական բարձր մակարդակի բոլոր միջոցառումները, բարձրաստիճան հյուրերի պատշաճ դիմավորումն ապահովելու առաջնահերթ ֆունկցիայով: Նվիրյալների ընդգրկումով ձևավորվում է առողջ կորիզը, որի հիման վրա պայմանագրային ու ժամկետային զինծառայող երաժիշտների ամենօրյա միասնական բարեխիղճ տքնանքով այսօր հնարավոր է դարձել ձեռք բերել կատարողական մի վարպետություն, որի մասին ակնածանքով են արտահայտվում Հայաստանի օդանավակայանում իրենց երկրների օրհներգերի անթերի վերարտադ րությամբ հմայված պաշտոնական անձինք: Մոտ 80 երկրի օրհներգ է հնչեցնում նվագախումբը` անճիգ հաղթահարելով ամենաբարդերը, ինչպես սիմֆոնիայի մի հատվածի հավասար Ուրուգվայինն ու Արգենտինայինը: Խանդավառողը պատասխանատվության բարձր զգացումն է. չէ՞ որ առաջին տպավորությունը մեր ազգի, հայրենիքի, զինված ուժերի մասին օտարները ստանում են իրենց դիմավորող նվագախմբային կատարումներից: Հպարտությամբ ու պատվով 500-ից ավելի պետական նշանակության արարողությունների մասնակցած նվագախումբը այժմ կրկին նախաքննական հուզմունք է ապրում, ինչպես յուրաքանչյուր ելույթից առաջ` պատրաստվում է իր 15-ամյա հոբելյանի տոնակատարությանը: Բանակային կարգուկանոնն ու կազմակերպվածությունը վաղուց դարձել է կայուն կենսակերպ Արմեն Պողոսյանի ողջ ընտանիքի համար, որն ապրում, աշխատում ու սովորում է այնպես, որ չխանգարի 1992-ի հունվարի 28-ից` Հայկական բանակի ծննդյան օրվանից, նվիրյալների առաջին շարքերում իր անբասիր ծառայությամբ նորաստեղծ հայրենիքի փառքը հյուսող մարտիկի նոր նախաձեռնությունների իրականացմանը: 15-ամյա մաքառումների պտուղների քաղցրությունը պահպանելու նպատակով Երևանի կոնսերվատորիայում նրա մտահղացմամբ բացվում է ռազմական դիրիժորության բաժանմունք, որտեղ նա իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում նոր սերնդին: Նույն նկրտումներով համագործակցում է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հետ: Մշտապես ուշադրության կենտրոնում են զորամասային նվագախմբերը: Մի կարևոր խնդիր է մտատանջում` փողային գործիքների նկատմամբ հետաքրքրությունը նոր սերնդի մոտ գնալով նվազում է, քաղաքացիական նվագախմբերը անմխիթար վիճակում են: Ակունքներն են ցամաքում: Պետք է սկսել, անշուշտ, տարրական երաժշտական դպրոցներից, ինչ-ինչ պետական խրախուսական քայլեր ձեռնարկել գրագետ հերթափոխ աճեցնելու համար: Չլիներ Պաշտպանության նախարարության առանձնահատուկ ուշադրությունը, հազիվ թե հնարավոր դառնար Հայկական բանակում փողային բարձրակարգ նվագախումբ ունենալու Արմեն Պողոսյանի փափագը: Փառք Աստծո, նվագախումբը կայացել է, ունի իր հարուստ երկացանկը (մոտ 200 գործ): Ինքը` գեղարվեստական ղեկավարը, նախանձելի համառությամբ շարունակում է ստեղծագործել տարբեր ժանրերում: Երկու տասնյակ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է` քայլերգեր, վալսեր, երգեր, պարեր, ռոմանսներ... Շուտով կավարտի կիթառի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրվող կոնցերտը: Բանակում կենդանի երաժշտությանը վերադառնալու պահանջ է զգացվում: Այս հանգամանքը կենտրոնացնում է Արմեն Պողոսյանի պրպտուն միտքը բանակում երգի-պարի անսամբլ ստեղծելու երազանքը ի կատար ածելու ուղղությամբ: Դժվարություններից չվախեցող, ձեռք բերածով չգոհացող, իր նկատմամբ հատկապես խստապահանջ, 22-ամյա զինծառայության բերումով առավել զգաստացած զինվորական երաժշտի հոգու նրբին լարերը ամենևին չեն խզվել: Մանկության օրերից հյուսվող սիրո հեքիաթը խնամքով պահպանվում ու շարունակվում է: Արդեն 36 տարի: Արմենն ու Նունեն աչալուրջ հսկում են, որ անսպասելի կենսական հանգամանքները երբեմնի չար քամիների նման չվնասեն իրենց սիրո դղյակը, նույն հավատով ու պատրաստակամությամբ, որ երբևէ ունեին փոքրիկ մանչուկն ու «արքայադուստրը» ...