ՆԵՈԲՈԼՇԵՎԻ՞ԶՄ


Հայաստանի քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը անվավեր ճանաչեց ՍԻՄ 17-րդ համաժողովի նախագահության ու վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն ները: Սակայն այս կերպ ՍԻՄ-ում տեղի ունեցած հեղաշրջման հետեւանքները, ինչպես պարզվեց, անհնար է վերացնել: Անցնող շաբաթվա ընթացքում այս կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների խրոնիկան կարող է ուսանելի լինել այլոց համար առաջիկայում, քանի որ հնարավոր է` նմանատիպ հարաբերությունները ներթափանցեն նաեւ ուրիշ քաղաքական կառույցներ, եւ կրկնվի քաղաքական ու ֆինանսական խմբերի միջեւ ներկուսակցական հակամարտությունը: Այս պատմությունն ուսանելի է այնքանով, որ նախընտրական փուլում է°լ առավել ակնհայտ է դառնում, թե ինչպես կուսակցական կառույցները քաղաքական պայքարին նախեւառաջ պատրաստվում են ո°չ գաղափարականորեն, այլ` ֆինանսապես: Ընդդիմության շարքերում ու, մասնավորապես, «Արդարություն» դաշինքում այս երեւույթը շատ ավելի վաղ է դրսեւորվել: ՍԻՄ-ում տեղի ունեցածը պարզապես չքողարկվեց: 2003-ի քաղաքական ֆիասկոից ու վստահության բացարձակ կորստից հետո, բնականաբար, «Արդարությունում» ծայր առան ռեւանշիստական տրամադրություններ: Սակայն, քանի որ բոլորը մեղավոր համարում էին «դաշնակցին», բայց ո°չ իրենց, սկսեցին առանձին - առանձին փնտրել քաղաքական վարկը վերականգնելու ուղիները: Բնականաբար, փնտրտուքները բոլորին հասցրեցին արտաքին ստնտուի դուռը: Իսկ վերջիններս, եւ դա բացահայտ է, բավական հստակորեն հասկացրին, որ պատրաստ են վճարել, բայց միայն լիակատար կամակատարության պարագայում` երբ բացառվում են ամեն կարգի գաղափարական տվայտանքներն ու հեղափոխական համատեքստից դուրս ինքնագործունեությու նը: Այս ծրագրին նախ չհամաձայնեց ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» կոորպորատիվ նոր դաշնակիցների փնտրտուք սկսեց ներքաղաքական դաշտում: Որոնումները մինչ այսօր փաստական արդյունքի չեն բերել: Սակայն շատ կարեւոր ու արձանագրելի է , որ նրանց ջանքերի հետեւանքով հեղափոխական բոլոր ճանապարհները ուղղվեցին դեպի ներքաղաքական լուսանցք` որտեղ տեր-տիրականը ՀՀՇ-ն է: Այս ուժն էլ, ըստ էության, դարձել է արտաքին աղբյուրներից ստացվող փողերով քաղաքական համարում գնող նեոբոլշեւիկյան շտաբը: Այո°, ՀՀՇ-ն թեեւ իրեն հռչակել է ազատական ուժ, սակայն այսօր բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է հեղափոխական դառնալ ու անգամ համագործակցել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, միան թե իշխանությունից հեռացնի գործող վարչախումբը: Այս նեոբոլշեւիկյան բիզնես ծրագիրը առայժմ հրապարակավ անընդունելի է հայտարարել միայն Ալբերտ Բազեյանը, ով առանց բացատրության, բայց եւ առանց երկմտանքի հեռացավ «Հանրապետությունից» եւ իր կեցվացքը շեշտելու համար հիմնադրեց «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Սիմ_ի միջոցով բացահայտված այս երեւույթը, ըստ այդմ, երկպառակտության համախտանիշ է այսօրվա ներքաղաքական ընդդիմադիր ճամբարում, ինչը անտեսելը հղի է հետեւանքներով` ողջ քաղաքական դաշտի համար:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ