ՀԱ՞ ՈՐ
Երբ հայաստանյան ՀԸ-ներն հրապարակեցին նախընտրական քարոզչության վճարովի եթերների գները, ակնհայտ դարձավ, որ քաղաքական շատ կուսակցություններ, հատկապես ընդդիմադիր բլոկի, նախընտրելու են «քարոզարշավի» ասուլիսային տարբերակը, քանզի, վերջիններիս պնդմամբ, առասպելական գներ են սահմանված եթերային մեկ րոպեի համար: - Առնվազն անբարոյականություն է այդպիսի գներ սահմանել մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը կամ միջին կենսաթոշակը քսան դոլար է,- պնդում է Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, մոռանալով, որ ընտրություններում իրենց թեկնածությունները առաջադրում են ոչ թե միջին աշխատավարձ կամ կենսաթոշակ ստացողները, այլ քաղաքական միավորումներն ու նրանց առաջնորդները, ովքեր առանց ֆինանսական աղբյուրների ոչ միայն առաջադրվել, այլ նույնիսկ գործունեություն ծավալել չէին կարողանա: Ահավասիկ` - Մեր քարոզարշավը ֆինանսավորվում է հայաստանյան իրականությունից դժգոհ միջին բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև արտասահմանյան բարերարների կողմից, ովքեր չեն ընդունում հանրապետության այս քաղաքական լիդերներին,- հայտարարում է Հովհ. Հովհաննիսյանը: Թե ինչքանով է դա համապատասխանում ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքին, կարծում ենք ԱԱԿ առաջնորդի համար մանրուք է` համեմատած այն «պահանջարկի» հետ, որ հասարակության մեջ իբր ունի իրենց կուսակցությունը: - Մեր կուսակցությանը ժողովուրդը ձայնը կտա, որովհետև ճանաչում է մեզ, մեր կուսակցությանը: Ճանաչում է ինձ և առանց նախընտրական բլոկի ընտրություններին մասնակցելու դեպքում` հինգ տոկոսի արգելքը հաղթահարելը, բնավ էլ պրոբլեմ չէ,- պնդում է նա: Դժվար է ասել, թե որտեղից է գալիս այսպիսի ինքնավստահ լավատեսությունը մի կուսակցության նախագահի, որին ճանաչում են, մեր կարծիքով, առավելապես քաղաքական լրագրողներն ու մեկնաբանները, սակայն ներկայացնենք այն հավակնություններն ամբողջությամբ, որ ունի կուսակցապետ Հովհաննիսյանը: - Հասարակությունը հոգնել է սրանցից (գործող իշխանություններից-խմբ.) և փոփոխություն է ուզում, իսկ փոփոխության արդյունքում հենց ընդդիմությանն է ուզում տեսնել իշխանության ղեկին: Ընդդիմության դաշտում ԱԱԿ-ի տեղը առաջնորդ կուսակցությունների բլոկում է: Ձեռքի հետ նա առանց «ալարելու» մի երկու իշխանական կուսակցությունների «պորտն է տեղը դնում». - ՀՀԿ-ն, որպես քաղաքական կուսակցություն, մահացել է, չկա: Այն վերածվել է հարուստների ակումբի: Կորպորատիվ շահեր հետապնդող հարուստների ակումբի: - Ո՞ւր է այնտեղ քաղաքական երևույթ, քաղաքական թիմ: Որպես այդպիսին «Բարգավաճը» գոյություն չունի: Դուք կատակ եք անում երկրի ապագայի, ժողովրդի հետ: Խոմ չի՞ կարելի պրոֆեսոր ներին, մարդկանց հավաքել ու ասել, թե սա քաղաքական թիմ է: Այդպիսի մի թիմ էլ ժամանակին «Շամիրամ» անունով ստեղծեցին: Վերջը տեսաք` ինչ եղավ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա, ըստ ամենամերժ կուսակցապետի, Մյունխենում ունեցած Վլ. Պուտինի վերջին ելույթից հետո աշխարհը նորից հայտնվեց սառը պատերազմի շեմին, և այս իրավիճակում Հայաստանին ոչինչ չի մնում, քան ՆԱՏՕ-ին անդամագրվելը: Այստեղ հավանաբար պետք է վերջակետ դրվեր` եզրահանգումներն ընթերցողին թողնելով, բայց քաղաքական լրագրողիս, հայ մարդուս, ընտրողիս գրիչը հրաժարվեց ենթարկվել ու շարունակեց: Մի իմաստունի հարցնում են. ո՞րն է հիմարի ու խելոքի միջև եղած տարբերությունը: - Հիմարը միշտ նույն սխալն է գործում: Խելոքը գործելու նոր սխալներ է գտնում,- հնչում է դիպուկ պատասխանը: Դարեր շարունակ, զենքը ձեռքներիս, «քթներս խոթել» ենք կամ պարսկա-բյուզանդական, կամ բյուզանդա-թուրքական, թուրք-պարսկական ու պարսկա-ռուսական հարաբերությունների մեջ: Կամ սրա կողմն ենք անցել, կամ նրա: Արդյունքում` կռիվներից հետո կողմերը հաշտվել են, ու նրանցից մեկը ամբողջ զորությամբ վրեժ է լուծել մեզանից` մեծ կտորը 29.000 քկմ-ը թողնելով մեզ` իբրև հայրենիք: Գուցե ժամանա՞կն է խելոքանալու և մեզ համար նոր «սխալներ» գտնելու: Ի վերջո, հասկանանք, որ ՆԱՏՕ-ն մեզանով չի «շինվելու», իսկ Ռուսաստանը` քանդվելու: Ուստի ճիշտը ազգային-պետական շահերը չոտնահարելով, տարածաշրջանային հզոր ուժերի հետ փոխշահավետ համագործակցությունն է: