ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ կամ` «իշտահիդ քացախ»
Չորս «դիվանագիտական» տարիներն ինչպես անցան, ազգընտիրներն իրենք էլ չիմացան: Չորս երկար ու ձիգ տարիներ` «ճպուռն ու մրջյունը» հայտնի հեքիաթի հանգույն. եկան օրեր ցրտաշունչ, ժողովրդի պատգամաբերներն ընկան լուռ ու մունջ, անորոշության մշուշի մեջ էլ ի՞նչ երգ: Թեև առջևում ճամփաբաժան մայիսն է, բայց ցուրտն ուր որ է կտանի ոմանց «ոտ ու ձեռք»... Այս անհուսությամբ էլ պատգամավորների մի մասը դեգերում է` չգտնելով այն մրջյունին, որի առաջ կարելի է սիրտը բացել գոնե և կուրծք ծեծելով հավատացնել, թե հաջորդ «ամառը» նույնքան «բերքառատ» է լինելու, որքան` նախորդը: Բայց անորոշության մթնոլորտը այնքան է խտացած, որ խեղճ երեսփոխանը չգիտի խոսի՞, թե՞ չխոսի: Խոսելուց ի՞նչ ասի: Բա որ հանկարծ անասելի մի բան լեզվից թռցրե՞ց, ի՞նչ պատասխան պիտի տա հարազատ կուսակցությանը: Մենակ էլ ո՞նց կռիվ գնա: Կուսակցությա նը «մաքուր» ցուցակներ են պետք: Փող է պետք: Իսկ «մաքուր» ցուցակներն ու փողը մեկտեղել, նշանակում է համ նալին խփել, համ` մեխին: Բայց Նազարը մենակ ո՞նց կռիվ գնա... Էս չորս տարին էլ, ոնց որ աչքատես ու բերանից կարոտ: Հիմա մնում է ի՞նչ մաղթել. իշտահիդ քացա՞խ, թե՞ անուշ լինի: Կա նաև այլընտրանք: Մնում է, որ պատգամավորները գնեն իրենց գործընկերոջ «Քավոր» գինին և «քավորով» քավոր ընտրեն: ...Ի՞նչ են մտածում այս մասին «դեմբել» խորհրդարանականները, որքա՞ն է նրանց կրկին ընտրվելու հավանականությունը և ի՞նչ ընտրակարգով են պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ - Ըստ երևույթին կառաջադրվեմ ԱՄ համամասնական ցուցակով, թեև կուսակիցներս պնդում են, որ պայքարեմ նաև մեծամասնականով: Դեռ կտեսնենք: Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ (Երևան) - Կարծում եմ, որ կառաջադրվեմ մեծամասնական ընտրակարգով: Լյովա ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ես անպայման լինելու եմ նոր խորհրդարանում: Արդեն իսկ վերանորոգում եմ առանձնասենյակս: Արծրունի ՂԱԼՈՒՄՅԱՆ - Իմ թեկնածությունն առաջադրելու եմ մեծամասնական ընտրակարգով: Միքայել ՎԱՐԴԱՆՅԱՆ - Առաջին անգամ ընտրվել եմ ՀՅԴ համամասնական ցուցակով, սակայն այս ընտրություններին փորձելու եմ մասնակցել մեծամասնական ընտրակարգով: Վահե ՀԱԿՈԲՅԱՆ - Ես պատգամավոր եմ դարձել մեծամասնական ընտրակարգով: Այս տարիների ընթացքում ժողովրդի հետ շփումների ժամանակ ճշտել եմ, որ նույն ընտրատարածքում կրկին ինձ են ուզում տեսնել իրենց պատգամավորը: Այդ պատճառով կփորձեմ իմ թեկնածությունը առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Արմեն ԱՇՈՏՅԱՆ - Այդ հարցի պատասխանը կարող եմ տալ, երբ կուսակցությունը հրապարակի իր քաղաքական որոշումը` կապված համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ: Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Դեռ պարզ չի: Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ - Ժողովուրդն է որոշում, թե՞ ով է լինելու իր ընտրյալը: Ես կուսակցության անդամ եմ, և կուսակցության խորհրդի որոշումից է կախված ամեն ինչ: Մանվել ՆԱԶԱՐՅԱՆ - Առաջադրվելու եմ մեծամասնական ընտրակարգով և նույն ընտրատարածքում: Չնայած` եթե չընտրվեմ էլ, իմ համայնքի համար անելու եմ հնարավորինը: Հովիկ ԱԲՈՎՅԱՆ - Հավանական է` մեծամասնականով: Առաքել ՄՈՎՍԻՍՅԱՆ - Ժամանակը կգա` կտեսնենք: Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Ի դեպ, հարցվածների մեծ մասը չցանկացավ պատասխանել: Իսկ մեզ մնում է միայն նրանց հետ սպասել ընտրությունների արդյունքներին: