ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՇՈՒՇ
Նախընտրական այս քաոսում, երբ իշխանությունները երդում-պատառ են ուտում, թե չեն խախտելու խաղի կանոնները և չեն թերանալու իրենց պարտականությունների մեջ, ընդդիմությունը հիշեցնում է, թե «այդ երգը մենք վաղուց ենք լսել»: Ամեն Աստծո ընտրությունից առաջ ընդդիմությունը իշխանական նախընտրական քարոզարշավին հակադրվողի կեցվածք է ընդունում, և ամեն անգամ ստացվում է սովորականի պես` սեփական քարոզարշավը պատշաճին կազմակերպելու փոխարեն ենթադրական ինչ-որ տոկոսների կորստից են դժգոհում: Արդեն իսկ սկսվել է ավանսային դժգոհությունների տարափը: Եվ ամենաանընկալելին, թերևս, այն է, որ ընդդիմադիր ներկայացող` երբեմնի իշխանավորները գործող իշխանություններին փնովում են այն նույն մեղքերի համար, որոնց կնքահայրերից են հենց իրենք: Նախկին երեք քաղաքագլուխների տեսակետներին անդրադառնալուց առաջ հարց ուղղենք նրանց ու նմաններին. - Ոչնչացնող ձևակերպումներ հնչեցնելուն զուգընթաց գոնե մեկական օրինակ կարո՞ղ եք փաստել` ժողովրդաշահ ձեր գործերից: Փաստ է` ժողովուրդը դժգոհ է գործող իշխանություններից, բայց ոչ միայն հիացած չէ, այլև չի կարողանում ամոքել նախկիններից ստացած վերքերը` և° բարոյական, և° նյութական ու կենցաղային: Նախկին իշխանավորների խորհրդով հարևաններից պարտք վերցրած քաղաքացիների մի մասը այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վերադարձ նել պարտքը` «քցող» որակը կենսակերպ դարձնելով: Դե, «պետությունն» էլ այն նեղ օրերին ինչ-որ բանկեր բացեց ու քաղաքացիներից ավանդներ հավաքագրեց ու նորից «քցեց»` երբևէ վերադարձնելու սին խոստում անգամ չտալով: Բնական է, իշխանություն չունեցող քաղուժերը պետք է իշխանության ձգտեն` ընդդիմության վեղարով: Բայց հարցնենք` ո՞ւր եք, տղաներ. մի՞թե անտեղյակ եք կամ այնքան ինքնամեծար, որ վստահ եք, թե միայն նախընտրական 2-3 և հետընտրական 1-2 ամիսներին բարձրացվող հայհոյախառն վայնասունով հավատ ու վստահություն եք շահելու: Այ` եթե կեղծիքներին հակադրեիք ձեր իսկ հայրենակիցներին օգտակար գործողության գործակիցը` կոնկրետ օրինակներով, կարելի էր նաև ծափահարել: Մինչդեռ... Երևանի նախկին քաղաքապետներ Սուրեն Աբրահամյանը («Հանրապետություն»), Վահագն Խաչատրյանը («Այլընտրանք» միավորում) և Ալբերտ Բազեյանը «Ազգային վերածնունդ») նույնպես կեղծիքների դեմ պայքարելու իրենց վճռականությունն են հայտնում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, հավանաբար սեփական փորձից ելնելով, գտնում է, որ իշխանությունների գործադրած քաղաքական մտրակի, «դուխով տղերքի» շնորհիվ ընտրված պատգամավորները երբեք էլ ժողովրդին չեն ծառայել: - Բոլոր այս դժվարություններն աչքներիս առաջ ունենալով` այս մթնոլորտը վերափոխելու խնդիր ունենք: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների` մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու գաղափարի հեղինակը մեր կուսակցությունն է: Մի շարք ընտրատարածքներում առաջադրելու ենք մեր թեկնածուներին և պայքարելու ենք մինչև վերջ: Ժամանակն է երկիրը մաքրել քրեաօլիգարխիկ իշխանություններից: «Այլընտրանքային» Վահագն Խաչատրյանը համոզված է, որ բոյարական-կալվածատիրական այս երկիրը չի կարող երկար գոյատևել, որ այս ճանապարհը տանում է դեպի կործանում... - Այդ ինչպե՞ս չի կեղծվելու, երբ ընտրություններից 3-4 ամիս առաջ երկրի գործադիր իշխանությունն արդեն տոկոսներ է բաժանել իրեն հավատարիմ քաղաքական ուժերին,- ասում է Վահագն Խաչատրյանը: Եթե մենք կարողանանք մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում մթնոլորտը փոխել, իշխանություններին հասկացնել, որ իրենց կեղծիքներն ու ուժի կիրառումն իրենց դեմ է ուղղված, եթե մեզ հաջողվի ժողովրդին համոզել, որ մենք ենք այն մարդիկ, ովքեր իշխանության են գալիս ոչ թե իշխանության համար, այլ քաղաքական ներկա համակարգը վերացնելու, այլ կերպ ասած` ընտրություններին մասնակցելով իշխանափոխություն իրականացնելու, ապա համոզված եմ, որ հաղթանակը մերը կլինի: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը չթաքցրեց, որ կուսակցությունը թերևս չի մասնակցի ընտրություններին` ֆինանսական սուղ հնարավո րությունների բացակայության պատճառով: - Մենք, որպես Հայաստանի քաղաքացի և քաղաքական կառույց, փորձելու ենք վերահսկողություն իրականացնել: Իշխանավորից մինչև շարքային քաղաքացին պարտավոր են հարգել Սահմանադրությունը, օրենքի կիրառումը կբացառի որևէ ընտրակեղծիք: Համոզված եմ, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կհարգի օրենքի տառը և բոլորին կստիպի աշխատել օրենքի շրջանակներում: Սա մենք համարում ենք գերխնդիր,- հավելեց նա: