Որ ամեն մարդու ջուրն իր առվով գնա
Ջրօգտագործող ընկերությունները պետական բյուջեից ֆինանսական աջակցություն են ստանում: Պետությունից ՋՕԸ-երը սուբսիդավորելը այս ընկերությունների ինքնուրույ նությունը խրախուսելու նպատակ ունի: Բյուջեն նրանց աջակցում է նաև ջրի սակագինը ցածր պահելու համար: Սա է եղել պետության քաղաքականությունն այս ոլորտում: Սակայն պետությունը որոշել է փոխել ռազմավարությունը` հանձն առնելով կիսել ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական հոգսը` որոշակի պայմանների առաջադրմամբ: ՋՕԸ-ն չպետք է նվազեցնի ոռոգելի հողատարածքը, սակագնային վերին սահմանը պետք է մնա անփոփոխ (ընդ որում, այս տարի ոռոգման ջուրը չի թանկանա, կպահպանվի 1 խմ դիմաց 8 դրամ սակագինը): ՋՕԸ-երին աջակցելու` կառավարության սահմանած նոր կարգը, ըստ էության, ուղղված է դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչն իր հերթին կպակասեցնի ծախսերը և կհանգեցնի սուբսիդիաների գումարի նվազեցմանը: Այսօր Հայաստանում գործող 51 ջրօգտագործող ընկերությունները բյուջեից ֆինանսավորվում են հավասարաչափ: Հավասարության այս սկզբունքը չի դիտվում որպես արդյունավետ աշխատանքի խթան, մինչդեռ ըստ աշխատանքի արդյունքի աջակցելը կարող է լինել արդյունավետության խթան: Հարցի մյուս կողմը, որն, ի դեպ, մեր իրականությունից բնավ էլ հեռու չէ, հետևյալն է: Դիցուք, ՋՕԸ-ն վատ է աշխատում, հետևաբար և չի ստանում սույն ֆինանսական աջակցությունը: Ի՞նչ է սպասվում նման դեպքում անբարեխիղճ կամ անփույթ մատակարարից օգտվող ջրօգտագործողին: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այստեղ կարևորում է իրավական երաշխիքների ստեղծումը: Ըստ նրա, որոշմանը հաջորդելու է իրավական մեխանիզմների ամրագրումը, որպեսզի համակարգն անխափան գործի, և գյուղացին, հողատերը ջուր ստանան: Իրավական երաշխիքների ստեղծումն, անշուշտ, բոլոր ոլորտների նորմալ, բնականոն գործունեության գրավականն է: Սակայն միշտ չէ, որ հասարակությունն ունենում է նման նորմալ ընթացքի բարեբախտությունը: Եվ ուր էր թե այս ոլորտում հասարակությանը խոստացված իրավական մեխանիզմները այնքան հուսալի լինեն, որ ի զորու լինեն հաղթահարել մեր բարոյականության համակարգում իրենց տեղ արած ինքնիշխանությունը, զոռբայությունը: Որ ամենաթողությունը չդառնա ջրբաժան` ջուրն ամենեցուն հասնելու ճանապարհին: Որ ամեն մարդու ջուրն իր առվով գնա: