ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ
Էջմիածնի տարածքային զինվորական կոմիսար-գնդապետ Գառնիկ ՓԱՅՏՅԱՆԸ շփվող է, պարզ ու անմիջական: Շատ անկեղծ զրուցակից է, չի մտածում տպավորություն գործելու մասին: Կյանքի դժվարությունները, ահավոր հոգսերը չեն փոխել նրա կենսուրախ, կենսասեր էությունն ու լավատեսությունը: Շատ շեշտված են նրա քաղաքացիական կեցվածքը, պատասխանատվությունը կողքինի հանդեպ, և նեղյալին ձեռք մեկնելու պատրաստակամությունը: - Իմ ճանաչած բոլոր Փայտյանները պնդում են, որ այդ ազգանունով հայերը աշխարհի որ ծայրում էլ լինեն, սերում են նույն արմատից, նույն գերդաստանի շիվերն են: - Մեր նախապապը` Սարգիս քահանան, Հադրութի Մեծ Թաղլար գյուղից 450 տարի առաջ իր գերդաստանով տեղափոխվել է Տավուշ: Բոլոր Փայտյանները նրա շառավիղներն են: Պատերազմի ժամանակ Արարատի մարզում մի Փայտյանի հանդիպեցի: Ընտանիքը հայրենադարձ էր, Հայաստանում հարազատներ չունեին: Հարցուփորձ արեցի, և պարզվեց, որ մեր ազգակիցներից մեկի ժառանգներն են, Ղարաբաղի գերեզմանոցներում շրջելիս Ֆայտյան ազգանվան հանդիպեցի, հանգուցյալի հարազատներին գտա, հետաքրքրվեցի, դարձյալ կասկածներս հաստատվեցին` իմ ազգակիցներն էին, մեր գերդաստանից: - Հին հայկական գյուղերում դեռևս պահպանվել է գերդաստանի ավանդույթը` իր ողջ կենցաղային, բարոյական մշակույթով, ի՞նչ խորհուրդ ունի գերդաստանը Փայտյանների համար: - Գերդաստանը ուժ է, միևնույն ժամանակ` պատասխանատվություն: Մենք բոլորս, բոլոր Փայտյանները կապված են իրար հետ, որոշակի հաճախականությամբ հանդիպում ենք, անհրաժեշտության դեպքում` օգնում իրար: Մեկիս հաջողությունը մյուսինն է, մեկի ձախողման, սխալի համար իրենց պատասխանատու են զգում, ամաչում են բոլորը: Գերդաստանի ավագների խոսքը կշիռ ունի, նրանք կարող են և իրավունք ունեն սաստել յուրաքանչյուրին, ու կրտսերները պիտի հնազանդվեն: - Ինչպիսի՞ փոխհարաբերություններ էին Ձեր ընտանիքում: - Հայրս հարգված մարդ էր, սիրում էր կերուխում, ընկերներ: Առանց հյուրի սեղան չէր նստում, հումորով էր, զվարճասեր, բայց որդիների հանդեպ շատ խիստ էր: Մենք չորս եղբայր էինք, ամենաավագը ես էի: Մյուս եղբայրներս առավոտ շուտ արթնանում էին, օգնում մորս հաց թխելիս, տեղափոխում խմորի տաշտը, ծանր գործերը իրենց վրա էին վերցնում, իսկ ես սիրում էի քնել, հազիվ էի դասի հասնում: Հայրս ինձ վրա ձեռք չէր բարձրացնում: Նրանից քաշվում էի, իսկ, այ, մայրս փայտով ծեծում էր, երբ հաց թխելուց, այնուհետև թութունը քաղելուց հետո վերադառնում էր տուն ու տեսնում էր, որ քնած եմ մնացել ու դասի չեմ գնացել: Ես դպրոցում լավ էի սովորում, բայց չլսող երեխա էի, սիրում էի հակադրվել, կազմակերպում էի` դասընկերներս փախչում էին դասից, պատահում էր` տարբեր անկարգությունների համար մի դասաժամին երեք հատ երկուս էի ստանում: - Կռվարա՞ր էիք: - Չէ, կռիվ չէի սիրում, ընդհակառակը` իմ տարերքը միասնությունն էր, համախմբվածությունը, իրար թև ու թիկունք լինելը: Ես մտածող երեխա էի, զգացմունքային, ոտանավոր ներ էի գրում, որոնք տպագրվում էին «Պիոներ կանչ»-ում: - Ինչի՞ց է, որ Փայտյանների ընտանիքում զինվորականներ շատ են, նույնիսկ գեներալ ունեք: - Ընդհանրապես Տավուշում զինվորի պաշտամունք կա: Եթե նույնիսկ բանակը չկերակրի, Տավուշում զինվորը սոված չի մնա, ժողովուրդը կկերակրի: Յուրաքանչյուր ընտանիք իր զինվորներն ունի: Հյուրասիրում են, խնամում: Տավուշցիները սրտոտ ժողովուրդ են, պինդ, հող պահող, միևնույն ժամանակ պարզ են, միամիտ, զգացմունքային: Իրենց բնության պես են` կուտակ-կուտակ լեռներ ու սաղարթախիտ անտառ: Զինվորականները շատ հարգված են Տավուշում ու զարմանալի չէ, որ տավուշցի զինվորականները շատ են: - Դուք կադրային զինվորակա՞ն եք: - Սկզբից դիմեցի Ռյազանի բարձրագույն ռազմական ավտոմոբիլային ուսումնարան: Դիմորդների մեջ 15 հայ կար, բոլորն էլ կտրվեցին, բացի ինձնից: Ես էլ վիրավորվեցի ու վերջին քննությանը չգնացի: Հետո դիմեցի Ուկրաինական Ժիտոմիր քաղաքի ՀՕՊ զորքերի ռազմական ինստիուտը: Այդ ինստիտուտում ընդամենը 3 հայ են սովորել: Սկզբում չէի հարմարվում, ռուսերեն չգիտեի, նեղվում էի: Երեք ամսում երեք անգամ դիմեցի, որ ազատեն բուհից: Հետո կամաց-կամաց հունի մեջ ընկա: Երկրորդ կուրսում արդեն կենտրոնական դեմք էի: Շատ լավ բուհ էր, համակողմանի կրթություն էր տալիս, կուրսանտին դաստիարակում էր բարձր գաղափարների ոգով, սովորեցնում էր պատվախնդրություն, ազնվություն, քաջություն, արթնացնում էր ավելի լավը լինելու, կատարելության ձգտելու մղում, ինքնահարգանք: Բարձր էր գեղագիտական դաստիարակության մակարդակը, մենք պարբերաբար այցելում էինք համերգ, թատրոն, ցուցահանդես, մասնակացում էինք զանազան միջոցառումների: Եվ այս ամենը խոր հետք էր թողնում մեր բարոյական ըմբռնումների, մտածելակերպի, աշխարհընկալման, զգացմունքների վրա: - Ներկայացրեք Ձեր ծառայողական կենսագրությունը: - Սկսել եմ Ադրբեջանում` Գաբալինի հակաօդային պաշտպանության զորամասում` որպես ռադիոէլեկտրոնային սարքավորումների շահագործման ինժեներ, հետո անցել եմ թիկունքային ծառայության: Հայաստան եմ եկել 1989-ին, սակրավորային գումարտակի թիկունքի պետն էի, ու շատ կապված էի ինքնապաշտպանական ջոկատների հետ, հագուստ էի տալիս, զսպաշապիկ և այլ անհրաժեշտ պարագաներ, 1990-ին Սպարապետը առաջարկեց ծառայության անցնել Արարատի զինկոմիսարիատում: Ես հիմնականում զբաղվում էի ինքնապաշտպանական գումարտակների կազմավորմամբ, սկզբում` Արարատում, այնուհետև` Տավուշի զինկոմիսարիատում: Տավուշում 450 հոգանոց ինքնապաշտպանական գումարտակը 183 կմ երկարությամբ սահման էր պահում: 93-ին նշանակվեցի Էջմիածնի ինժեներասակրավորային գնդի հրամանատար: Մեր գունդը մասնակցել էր բոլոր շրջանների ականազերծման, ականապատման և ինժեներական կառույցների սարքավորմանը: - Այդ ժամանակ սակրավորներ կայի՞ն Հայաստանում: - Ընդամենը 2-3 մասնագետ կար, ովքեր սովորեցնում էին սպայակազմին ու զինվորներին: - Ասում են` սակրավորը մեկ անգամ է սխալվում, այսինքն, սխալը անդառնալի է լինում: Դժվար չէ՞ր այդ կարճ ժամանակամիջոցում սովորեցնել և ուղարկել մարտական գիծ: - Մենք այլընտրանք չունեինք. հող էինք կորցնում, բարեբախտաբար, իմ օրոք ոչ մի դժբախտ դեպք չի արձանագրվել: Ես միշտ եղել եմ զինվորի կողքին, նրան մենակ չեմ թողել վտանգի առաջ, չէ՞ որ հաճախ խրամուղիներ, հակատանկային փոսեր էինք փորում թշնամու նշանառության տակ: Հրամանատարի հետ զինվորն իրեն պաշտպանված էր զգում, դառնում էր ավելի պատվախնդիր, համարձակ, ինքնազոհ: - Ի՞նչ խնդիրներ էիք լուծում խաղաղ բանակաշինության տարիներին: Եթե չեմ սխալվում, ինժեներասակրավորային գունդը ղեկավարել եք մինչ 1997 թվականը: - Առաջին խնդիրը կանոնավոր բանակին հարիր սպայակազմ ու զինվոր դաստիարակելն էր, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ և միջանձնային փոխհարաբերություններ ձևավորելը, ինչը իր հերթին մարտական պատրաստության մակարդակ երաշխավորող պայմաններից մեկն էր: Ես ընտրեցի ոչ թե խստության, վախի, այլ հարգանքի ու վստահության ճանապարհը: Միևնույն ժամանակ հետևողականորեն ամրագրում էինք զինվորական կյանքը կանոնագրքի դրույթներով կառուցելու և օրինականությունը պահպանելու ավանդույթ: Պատահել է` զինվորին վիրավորելու համար խստորեն պատժել եմ սպային, շարքում ծամոն ծամելու համար զինվորին հաուպտվախտ եմ ուղարկել: Միևնույն ժամանակ չեմ զլացել խոսել նրանց հետ, բացատրել եմ: Ես մոտ եմ եղել և° սպային, և° զինվորին, նրանց հետ հաց եմ կիսել Օմարի գագաթին, ցեխոտվել եմ նրանց հետ, ապրել եմ նույն կենցաղով: - Ինչո՞ւ կրկին տեղափոխվեցիք զինկոմիսարիատի համակարգ: - 96-ին ծառայություն կատարելիս մեր մեքենան պայթեց ականի վրա: Շատ ծանր վիրավորվեցի, բազմաթիվ կոտրվածքներ ունեի: Միայն երեք ամիս հետո գիտակցության եկա և վեց ամիս հետո կարողացա ոտքի կանգնել, իսկ լիովին ապաքինվելու համար շատ երկար ժամանակ պահանջվեց: - 98-ից ղեկավարում եք Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատը, ի՞նչ է փոխվել այդ ընթացքում` կապված զորակոչի կազմակերպման որակի, օրինականության և արդյունավետության հետ: - Ամենակարևորը` հասարակություն-բանակ փոխհարաբերությունները դարձել են ավելի հարգալից, ջերմ, հաստատվել է փոխվստահության մթնոլորտ: Էականորեն նվազել է բանակից խուսափող զինակոչիկների քանակը: Զորավարը դարձել է շատ ավելի կազմակերպված և օրինական: Եթե չասեմ բացառվում է, ապա խիստ հազվադեպ է հիվանդ զինակոչիկը հայտնվում բանակում: Գործում է բուժզննման եռաստիճան համակարգը, որպեսզի փակվեն բոլոր հնարավոր սողանցքները: - Ձեր ամուսնության մասին չպատմեցիք: - Ընդհանրապես, աղջիկներն ինձ սիրում էին: Մշտապես մի քանի հոգի ինձ էին սիրահարված, մի քանի հոգու ես էի սիրահարված: Բայց նրանցից ոչ մեկի հետ չամուսնացա: Ադրբեջանում ծառայելու ժամանակ արձակուրդ եկա, 10 օրվա ընթացքում սիրահարվեցի մեր հարևանի աղջկան, ամուսնացա ու նրա հետ միասին վերադարձա ծառայության: - Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս, ավելի ճիշտ` Ձեր դեպքում պիտի հարցնեմ` ինչպիսի՞ կանանց հետ կարելի է ամուսնանալ: - Ճիշտ է, դուր գալն ու ամուսնանալը տարբեր բաներ են: Կարելի է ընտանիք կազմել համեստ, հանդուրժող, աշխատասեր, հասկացող և հասկանալի կանանց հետ: Արտաքինը ոչ մի նշանակություն չունի: - Ճի՞շտ է, որ Ձեր ընտանիքում բոլորը զինվորականներ են` և° Ձեր կինը, և° երկու որդիները: - Կինս զինվորական էր, արդեն թոշակի է անցել: Տղաներս ավարտել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Այժմ ծառայում են հայկական բանակում: Մեր ընտանիքը արդեն մեծացել է` երկու հարս ունեմ և մեկ թոռնիկ: Շատ լավ թոռնիկ ունեմ, մայիսի 28-ին է ծնվել, տոնի օրը, իսկական տղա է: Իմ անունն եմ դրել, ամեն ինչով ինձ է ընդօրինակում, ասում է` գեներալ եմ դառնալու: Ինձ պես` հենց դրսից տուն գա, անմիջապես փոխում է շորերը, եղած-չեղածը հանում է, տկլոր կանգնում, մաքրում է իմ ու իր կոշիկները, հետո վազում է բաղնիք լվացվելու: Խելոք, մտածող երեխա է, հետը ընկերություն եմ անում: Նրա հետ ավելի լավ եմ լեզու գտնում, քան տղաներիս հետ: - Տղաների հետ լեզու չեք գտնո՞ւմ: - Նոր սերունդ է, բաներ կան, որ չեմ ընդունում: Ընդհանրապես, ես խիստ հայր եմ, եթե մի բան սրտովս չեղավ, պիտի խոսեմ: Եթե տուն մտնելու պես համազգեստը չեն հանում, արդեն նեղանում եմ: Մաքրասիրությամբ ինձ են քաշել, պիտի ամեն օր լվացած, արդուկած հագնեն, բայց փոխարենը մոր, կնոջ չարչարանքը հարգել է պետք: Չգիտեմ, գուցե ժամանակներն են փոխվել, գուցե հայրենասիրության իմ ըմբռնումը հնացած է, ծայրահեղ է, ավելի շատ նվիրում եմ պահանջում, ավելի մեծ խանդավառություն, եռանդ, տքնանք: - Ո՞րն է հայրենասիրության Ձեր ըմբռնումը, որ կարող է ծայրահեղ համարվել: - Հայրենասիրությունը սկսվում է հայրենակցի հանդեպ սիրուց: Պիտի ամաչես քո բարեկեցիկ կենսակերպից, քո ճոխությունից, երբ հարևանդ կարիքի մեջ է: Պիտի պատառդ կուլ չգնա, երբ կողքիդ երեխան սոված է: Մարտի 8-ին առաջինը մեր մուտքի բոլոր կանանց եմ ծաղիկներ նվիրում, հետո` իմ կնոջը: Կազմակերպում եմ` մաքրում ենք բակը, ծառ ենք տնկում, օգնում ենք նեղյալներին: Միասնություն եմ սիրում, բարեկամություն, ընկերություն: Մարդը չի կարող մենակ երջանիկ լինել, մարդու արատներից վատթարագույնը անտաբերությունն է կողքինի ցավի հանդեպ: