Ո՞վ է Նանա Կազարին


2000-ական թվականներին նորաձևության շոու-բիզնեսի ասպարեզ էր ոտք դրել շատ համարձակ մի գեղեցկուհի` Նունե Հարությունյանը: Հետագայում նա պիտի համարվեր նորաձևության օրենսդիրներից մեկը: Չնայած երիտասարդ տարիքին, նա բացել էր նորաձևության սեփական գործակալություն և դարձել Հայաստանի լավագույն մոդելավորողնե րից մեկը: Աչքի էր ընկել դեռևս 13 տարեկանից իր արտաքինով, գեղեցկությամբ, իսկ ամենակարևորը` նպատակասլացությամբ: Ընկերս` Ղազարոս Հարությունյանը, ֆիզկուլտուրայի բազմավաստակ մանկավարժ է, աշխատել է Հիդրոմելիորատիվ տեխնիկումում: Կինը` Քնարիկ Գրիգորյանը, երկար տարիներ փոխտնօրեն է եղել, հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայրենի Պտղնի գյուղում: Նունեն իրենց դուստրն է, այս ընտանիքում է մեծացել: Հետագայում գործակալության տնօրենը հոր անվան առաջին մասն է վերցնում, իսկ իր անունը մի փոքր ձևափոխում: Դառնում է ՆԱՆԱ ԿԱԶԱՐԻ: «Ես հանկարծ հասկացա, որ նորաձևությունը մի աշխարհ է, որտեղ հավերժ փոփոխվող զգացողությունը ինձ տխրելու առիթ չի տա: Եվ ես որոշել եմ մնալ այդ կախարդիչ աշխարհում»,- գրում է Նանան: Նա, չբավարարվելով եղած ձեռքբերումներով, գնում է Մոսկվա. «Մոսկվայում մի քանի տարի նորաձևության կարիերայի նպատակով իմ մնալը տվեց բավականին լավ հեռանկար, հնարավորություններ` ուսումնառել բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, որը ես չէի կարող բաց թողնել: Հընթացս ծանոթացա շատ առաջատար մասնագետների հետ, որոնց գիտելիքներն ու փորձը ինձ պիտի օգնեին այստեղ` հայրենիքում: Ուշագրավն այն է, որ նրա գործակալության պարտավորություններից մեկը տղաներին և աղջիկներին նորաձևության գաղտնիքների ԱՆՎՃԱՐ ուսուցումն էր: Հայրենական շոու-բիզնեսի բազում աստղեր իրենց տեսահոլովակները ստեղծելու համար ընտրում են այս գործակալության տղաներին ու աղջիկներին: Հայրական տանը պահպանվող բազում լուսանկարներից, ազդագրերից ու նյութերից զգում ենք, որ հետագայում գեղեցկության մրցույթներին մասնակցելու նախադրյալները ստեղծվել են այս «ընտանիքում»: Ահա ազդագրերից մեկը. Ներկայացնում են նախադեպը չունեցող նորաձեության շոու «Երրորդ հազարամյակ»: Մասնակիցներն են` Գրիշա Աղախանյան, Սյուզան Մարգարյան, Արմինե Նահապետյան, Ալլա Լևոնյան, Անդրե, Աշոտ Հախինյան, Սոֆի Դևոյանի համույթը: Դա դեռևս 1999-ի դեկտեմբերն էր: Երևանում բազում ցուցադրումներից զատ Նանան կազմակերպում է նորաձևության ցուցադրություններ Թբիլիսիում և Տաշքենդում: Պատվոգրերից բացի Տաշքենդում արժանանում է «Գրան-Պրի» մրցանակի: *** Քանի որ մեր երկիրը շատ հարցերում, այդ թվում նաև նորաձևության բնագավառում պատրաստ չէ ընդառաջելու նորարարներին, Նանա Կազարին հարկադրաբար հայտնվել է ԱՄՆ-ում: Ինչպես ինքն է խոստովանում, սկսել է զրոյից` կոլաժներից: Ինքը նկարում է տվյալ զգեստի մասերը, ինքը` շունչ տալիս: Ուշագրավն այն է, որ ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված բարեգործական աճուրդում Պիկասոյի, Դալիի նկարների կողքին հայտնվել էր Նանայի կոլաժը և վաճառվել... 5 հազար դոլարով: Մեկ այլ երևույթ. շատ նման լինելով հայտնի Մերիլին Մոնրոյին, հատուկ զգեստներով ու զարդարանքներով նրան նկարահանել են կինոնկարում ու այդ դերով մասնակցել է Կաննի փառատոնին: Այլ խոսքով` սպասելիքները շատ են, ակնկալում ենք նորանոր նվաճումներ: Ահա մի քանի կարծիքներ. ԱՐՄԻՆԿԱ - Նունեն շատ շնորհալի է ու նրբաճաշակ: Ամեն բանում գտնում ու տեսնում է գեղեցիկը: Ունի ծով երևակայություն: Նրան հայկական նորաձևության մեջ կարող եմ անվանել... հեղափոխական: ԼՈՒՍԻՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ- Նունեն բազմաշնորհ է: Մեծ հմայքի տեր է, ունի նուրբ ճաշակ, օժտված է հումորի զգացումով: Մաղթում եմ մեծ նվաճումներ, կանացի երջանկություն: ՍԻՐՈՒՇՈ- Նունեն առաջիններից մեկն էր, ով ունեցավ մոդելային գործակալություն, կարողացավ կազմակերպել շքեղ ցուցադրություն: Ես ինքս մասնակցում էի համերգային մասում, իսկ շոուն վարում էր մայրս` Սյուզան Մարգարյանը Արմեն Ամիրյանի հետ: Շատ ուրախ էի, որ Հայաստանում նմանօրինակ շոու կարող է լինել, առավել ուրախ, որ այն կազմակերպել էր շատ երիտասարդ մի աղջիկ:

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ