Ընկերոջ հիշատակին


Կյանքից հեռացավ ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի մեր երախտավորներից մեկը` Վաղարշակ Ալեքսանի Վիրաբյանը, ով 50 տարի ֆիզիկական կուլտուրա է դասավանդել հանրապետության դպրոցներում, նպաստել մանկապատանեկան սպորտի զարգացմանը: Ծնվել է 1929 թ. հունիսի 6-ին, Հրազդան քաղաքում: Ավարտել է N 1 միջնակարգը: Հատուկ թույլտվությամբ ֆիզկուլտուրա է դասավանդել Աղբյուրակ գյուղում: Իսկ բանակային ծառայության ընթացքում սպորտում և կյանքում կոփված սպան 1953-57 թթ. ընդունվում և գերազանց գնահատականներով ավարտում է ֆիզկուլտուրայի ինստիտուտը մարմնամար զության մասնագիտությամբ: Գործուղվում է Չարենացավան: Մի քանի տարի աշխատում է տեղի դպրոցներում, մարզադպրոցում, ֆիզկուլտուրայի կոմիտեում: Վիրաբյանի տարերքը հանրակրթական դպրոցն էր: Տեղափոխվելով Երևան հիմնական բնակության, աշխատանքի է ընդունվում N 68 միջնակարգ դպրոցում, ուր մեծավաստակ ուսուցիչ Հրանտ Նիկոյանի հետ 15 տարի ֆիզկուլտուրայի ինքնատիպ ու կատարյալ դասեր են վարում, արտադասարանական մարզական աշխատանքներ նախաձեռնում, որպես բազային դպրոց, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողական պրակտիկա վարում: Նրանց ղեկավարությամբ դպրոցի թեթև ատլետները, հաղթելով հանրապետական մրցումնե րում, չորս անգամ մասնակցել են ԽՍՀՄ տարբեր քաղաքներում անցկացված քառամարտի մրցումներին, միշտ էլ վերադարձել են պատվոգրերով, հաղթանակներով: 1980-83 թթ. Վաղարշակ Վիրաբյանն աշխատել է Ուսուցիչների կատարելագործման Երևանի քաղաքային ինստիտուտում, որպես ֆիզդաստիարակության կաբինետի վարիչ: Նրա վերջին հանգրվանը եղավ Վահան Տերյանի անունը կրող N 60 հայտնի դպրոցը, ուր իր հարուստ փորձն ու գիտելիքները շուրջ 20 տարի անմնացորդ նվիրել է մատաղ սերնդին: Այստեղ ևս` նվաճումներ, հաղթանակներ, ուսանողների հետ տարվող բազմաբնույթ աշխատանքներ: Ուսուցիչ-մեթոդիստ Վիրաբյանը ամենաակտիվ մասնակցություն է ունեցել Տերյանական միջոցառումներին, կոլեկտիվով հասել են Օրենբուրգ, հայերենով և ռուսերենով Տերյան ներկայացրել, ամեն տարի Տերյանական օրերին պատիվ են ունեցել լինել Գանձայում` ունենալով ամենաակտիվ մասնակցությունը: Վաղարշակ Վիրաբյանը շատ մարդամոտ ու ընկերասեր բնավորություն ուներ, վայելում էր կոլեկտիվների սերն ու հարգանքը: Խորապես ցավակցում ենք երկարամյա մանկավարժ տիկին Իսկուհի Պալյանին, զավակներին ու թոռներին: Գառնիկ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Տերյանի դպրոցի նախկին տնօրեն Վալերի ՓԻԼՈՅԱՆ, նախկին փոխտնօրեն, դպրոցի Տերյանի թանգարանի տնօրեն Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ, կուրսընկեր Վոլոդյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեղրիի N 1 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, կուրսընկեր Զավեն ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հրազդան քաղաքի լուսաշխի նախագահ