ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ
Քաղաքական զարգացումների բուռն ընթացքը որքան էլ չեզոքացնի դրանց նախկին միապաղաղությունը, այդուհանդերձ, հետզհետե հիմնավորվում է, որ Հայաստանում իշխանափոխության նախադրյալներ, միևնույն է, չկան: Նման եզրակացության հանգելու համար ամենևին էլ կարիք չկա հատկապես նորերս հրապարակված սոցհարցումների արդյունքներն աչքի առաջ ունենալ: Մինչև անգամ կարելի է առաջնային չհամարել այն փաստը, որ դրանցում ներկայացվող բոլոր չափորոշիչները ևս հաստատում են, թե իշխանության թեկնածուն Նախագահի ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ միանձնյա ու անվիճելի առաջատարի դիրքերում է արդեն: Չպետք է անտեսել, որ հարցումների արդյունքները, համենայն դեպս մինչև այսօր, որքան էլ իրականության հայելային արտացոլումը եղած լինեն, այնուամենայնիվ, դրանք, բոլոր դեպքերում, կանխատեսումների շրջանակում են ներկայանում: Ինչպես փորձն է ցույց տալիս, հարցումների հավաստիությունը ամենևին էլ չի ենթադրում, թե ներկայացված տվյալներին չհավատացողների կամ, ավելի ճիշտ, հրապարակվող թվերի հետ հաշտվել չցանկացողների քանակը նույնպես քիչ չի լինի: Անկախ ամեն ինչից, ներկա իրավիճակը սպասվածից էլ պարադոքսալ է: Մի կողմից Նախագահի թեկնածուները (որոնց անունները վաղուց հայտնի են, ովքեր բառացիորեն մի քանի օր հետո պաշտոնապես են առաջադրվելու, և որոնց վարկանիշը մշտապես 1-3 տոկոսի շրջանում է տատանվում) չեն ընդունում իրենց երազներն ու ապագայի ծրագրերը հօդս ցնդեցնող տվյալները: Մյուս կողմից` նրանց սատարող լրատվամիջոցները ընդամենը մի քանի օր առաջ սիրահոժար կերպով ներկայացրին փետրվարի 19-ին Նախագահի ընտրության քվեարկությամբ վավերացվելիք այդ նույն հարցումների տվյալները: Կարծես թե ամեն ինչ պարզ է: Եվ այսքանից հետո մնում է սպասել Ընտրական օրենսգրքով նախատեսվող գործընթացների ավարտին: Այսպես, բրիտանական հեղինակավոր «Քոմրես» ընկերության «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի» հարցին պատասխանելով` հարցվողների 38 տոկոսը Սերժ Սարգսյանի անունն է հնչեցրել: Ընդ որում, ՀՀԿ նախագահը երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուից երեք անգամ ավելի շատ ձայն է պատրաստվում ստանալ: Ավելին, հաջորդող «Ո՞վ կհաղթի ընտրություններում» հարցին պատասխանածների 67 տոկոսը դարձյալ Ս. Սարգսյանի անունն է տվել: Ասել է թե` այլ քաղաքական նախասիրություն ունեցողների մեծամասնությունը նույնպես գործող Վարչապետի հաջողությունն է տեսանելի համարում: Նման իրավիճակում կարելի է կարծել, թե սոցհարցումներում ներկայացվող թվային ենթադրությունները միմիայն իրականության վերափոխվելու են «դատապարտված»: Հիմա դառնանք, այսպես կոչված, նախահեղափոխական իրավիճակին, ինչի համար, կրկնենք, հիմքեր բացարձակապես չկան: Նույն «Քոմրեսի» տվյալներով` Լ. Տեր-Պետրոսյանն իր վարկանիշով զիջում է երեք այլ թեկնածուների: Նա ընդամենը չորրորդ տեղում է և ունի ոչ ավել, քան վեց տոկոս ընտրազանգված: Չթաքցնենք` բրիտանացի հետազոտողները խոստովանում են, որ իրենք երբեմն 1-2 տոկոսի սխալ են թույլ տալիս… Իսկ հիմա զինվենք լավատեսությամբ և վերոնշյալ վեց տոկոսին հավելենք առավելագույնը: Այսքանից հետո մնում է միայն զարմանալ, թե ինչպես է նախկին Նախագահն իր ութ տոկոս կազմող պոտենցիալ համակիրների բանակի հետ պատրաստվում իշխանափոխություն անել: Ընդդիմադիր դաշտում, ինչպես ընդունված է ասել` բացը լրացնելու հեռանկար նույնպես չկա: Ի վերջո, նույն սոցիոլոգների ակնարկած հանրութ յան 10-20 տոկոսը կազմող բողոքական հատվածի համակրանքը շահել փորձող գործիչների թիվն այնքան մեծ է, որ նոր դեմքերի հայտնությունը ոչինչ չի կարող փոխել, բացի առանձին գործիչների ունեցած 1-3 տոկոսանոց վարկանիշն է°լ ավելի նվազեցնելուց: