«Նպատակներն իրատեսական են և իրագործելի»


Հատվածներ ՀՀԿ 11-րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից Նախագահի ընտրությունների հեռատեսիլում արդեն իսկ տարորոշվում են քաղաքական համայնապատկերի ընդհանուր գծերը, քաղաքական ուժերի ու գործիչների դիրքորոշումները: Եվ թող ներեն մեզ մեր իշխանավորներն այս անկեղծությունը, եթե ասենք, որ կայացած հասարակարգում առանձնապես չպետք է կարևորվի իշխանավորների անունը: Կարևորը երկրի, ժողովրդի կյանքը բարեկեցիկ դարձնելու նախանձախնդրությունն է, գործելու, գործերով իր պայքարի ընթացքն ամրագրելու կամքն ու վճռականությունը: Եվ պետք է ասել, որ, հանձին Հայաստանի Հանրապետական կուսակցության, ժողովրդի մեծ մասը տեսնում է այդ կարող ուժը, տեսնում է երկիրը կառուցել-կայացնելու պատրաստակամությունը: Քաղաքական-գաղափարական ուժ, որ կանգնած է մեր նոր ազգային-ազատագրական պայքարի ակունքներում և այսօր էլ ժողովրդի համար ոչ պակաս վճռական ու կանխորոշիչ այս օրերին նրա կողքին է, նրա հոգսերի ու մտահոգությունների կրողը: Խորհրդանշական է, որ ՀՀԿ 11-րդ համագումարին ներկա էին նաև կուսակցության երջանկահիշատակ 2 առաջնորդների այրիները` Սուսաննա Մարգարյանը և Հասմիկ Նավասարդյանը£ ...Ժամանակակից աշխարհը լի է լրջագույն մարտահրավերներով. - աշխարհաքաղաքական հարթույթում ձևավորվում են նոր կենտրոններ, - խարխլվում է ռազմական հավասարակշռվածությունը, տարածվում են ահաբեկչական շարժումները, - տնտեսական մրցակցությունը սաստկանում է, - հարուստ և աղքատ երկրների միջև ճեղքվածքը շարունակում է խորանալ: Համաշխարհային քաղաքական, ռազմական ու տնտեսական անհամամասնությունները, բնական ռեսուրսների համար խորացող պայքարը կարող են մեզ համար շատ ավելի ցավոտ հետևանքներ ունենալ, եթե մենք պատրաստ չլինենք իրադարձությունների` վատագույն սցենարներով ծավալմանը: Համաշխարհային շուկաներում վառելիքի և սննդամթերքի գների աճը բացասական հետևանքներ են արդեն ունեցել բազմաթիվ հայ ընտանիքների համար: Մենք ապրում ենք բազմաթիվ հակասություններով և վտանգներով լի տարածաշրջանում: Գրեթե բոլոր հարևան պետություններում առկա են մեզ մտահոգող իրադարձությունների պարբերական զարգացումներ. - չկարգավորված ազգամիջյան և քաղաքական խնդիրները Վրաստանում, - ամերիկաիրանյան լարված հարաբերությունները, - Թուրքիայի ռազմատենչ տրամադրությունները և պահվածքը, - Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգումը մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքեր և ռեսուրսներ: Ներհանրապետական մարտահրավերների մասին կցանկանայի ասել հետևյալը. նախորդ` բարդ և հակասական 15 տարիների ընթացքում մեզ հաջողվեց կառուցել ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա խարսխված անկախ պետականություն: Այսօրվա խնդիրն է պետականության ամրապնդումը, արդարության, համերաշխության և օրինականության մթնոլորտի ձևավորումը: Անցնելով դժվարությունների և փորձությունների միջով` մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր հաջողությունների միակ գրավականը մեր ժողովուրդն է: Թվարկված մարտահրավերների հարթությունից դուրս բերված խնդիրները ուրվագծում են մեր զարգացման հիմքերը. այն է` ուժեղ պետություն, որը համայն հայությանն է և ուժեղ աշխարհասփյուռ հայություն, որի Մայր հայրենիքը Հայաստանն է: Մարտահրավերներին պատասխանելու մեր գլխավոր հնարավորութ յունը համայն հայության ներուժն է: Հանրապետության ապագա նախագահը պետք է իր ջանքերն ուղղի արդիականացված տնտեսական, գիտական, մշակութային և քաղաքական համագործակցության կենտրոնների ձևավորմանը, որոնք կբացահայտեն և կիրացնեն վերոնշյալ ներուժը: Դա է լինելու մոտակա տարիների մեր անելիքների առանցքը և համաշխարհային ու տարածաշրջանային մրցակցային առավելությունը: …Անցած տարիների ձեռք բերած փորձն ու հաջողությունները մեզ թույլ են տալիս պնդել, որ Հայաստանը չի ենթարկվելու Թուրքիայի և Ադրբեջանի շանտաժին և շարունակելու է հավատարիմ մնալ առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու իր մոտեցմանը` համարելով, որ դա միակ ճանապարհն է ոչ միայն փոխշահավետ գործակցության, այլև առկա խնդիրների լուծման համար: Այս հիմքերի վրա, արցախյան հիմնախնդիրը մնալու է նախագահի գործողությունների կիզակետում... ...Հանրապետության նախագահը պետք է ձևավորի համագործակցության այնպիսի միջավայր, որ ցանկացած կարող ուժ հնարավորութուն ունենա մասնակիցը լինելու մեր տնտեսական զարգացումներին: Պետք է բացառենք անկախության առաջին տարիների սխալներն ու բացթողումները` չանձնավորելով դրանք: Այսուհետև պետք է մտածենք ոչ թե աղքատության հաղթահարման, այլ ապահով և պաշտպանված հասարակություն կառուցելու մասին: Նույնիսկ ամենահեռավոր, սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է ապրի արժանավայել կյանքով: ...Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցությունում հաղթելու գրավականը մտավոր կարողություններն են, գիտելիքների ստեղծումն ու ընդլայնումը: Մենք պետք է ունենանք միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան կրթական համակարգ: Այս խնդրի լուծումն է այն բանալին, որը կառավարության համար բացելու է բոլոր զարգացումների դռները: Երկրորդ, կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մրցակցային անհավասար պայմանները բացառելու համար անհրաժեշտ է հոգեբանական բարդույթի հաղթահարում և բոլորիս կողմից անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորում վերը նշված երևույթների նկատմամբ: Հարկերից խուսափելը, կաշառակերությունը պետք է դիտվեն անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթ: Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը և ընկեր, բարեկամ, կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը: Մեզանում պետք է գերիշխի այն գիտակցությունը, որ դա պետությունը քայքայող ամենալուրջ հիվանդությունն է: ...Որպեսզի կարողանանք իրականացնել մեր նպատակները, մենք պարտավոր ենք անցկացնել լավ ընտրություններ: Եվ ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ունենք բավարար քաղաքական կամք, փորձառություն և կազմակերպվածություն` ի չիք դարձնելու աջից ու ձախից հնչող հոխորտանքները: Այս բազմազանության մեջ ուզում եմ առանձնացնել ՀՀՇ կուսակցությանը, որ ունենալով բացարձակ իշխանություն Հայաստանում մինչև 1997 թվականը, գործեց բազմաթիվ կոպտագույն սխալներ և ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Դրանից հետո, և մինչ այդ, բազմաթիվ անգամ տրոհվեց, և թվում էր, թե անցավ պատմության գիրկը: Բայց դասեր չքաղելով սխալներից, 10 տարի անց վերակենդանացման նշաններ է ցույց տալիս և հայտարարում, թե գնալու է մինչև վերջ: Ավելին: ՀՀՇ կուսակցության հոգևոր հայրը` Լևոն Տեր-Պետրոսյանը, հավաքույթներից մեկում ի լուր աշխարհի հայտարարում է, թե կազմաքանդելու են պետական բուրգը: Ի պատիվ մեր ժողովրդի, այսօր Հայաստանում ռևանշիզմի վտանգը իսպառ բացակայում է, բայց սա մի գործոն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող: Զավեշտականն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցրել իրատեսականությունը, որ հավատում է ռևանշին և նույնիսկ խորհուրդ տալիս Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից: Պարտք չմնալու համար մի խորհուրդ էլ ես տամ նրան: Լավ կլիներ, որ նա մեղա գար, ներողություն խնդրեր հայ ժողովրդից իր գործած, մեղմ ասած, սխալների համար: Վստահ եմ` չի անի, որովհետև նա լեցուն է չարությամբ և անդառնալիորեն հետ է մնացել կյանքի ընթացքից: Նրա հուսահատ փորձերը` վերադառնալ նախագահական նստավայր միայն մի նպատակ ունեն. ոչ թե այդ պաշտոնում ծառայել սեփական երկրին ու ժողովրդին, այլ վրեժխնդիր լինել բոլոր նրանցից, ովքեր երբևէ մի սառը խոսք են ասել նրա հասցեին: Ու նաև ապացուցել, որ ինքը չի սխալվել, որ հնարավոր չէ Ղարաբաղի խնդիրն արժանավայել լուծել, որ հնարավոր չէ Հայաստանի զարգացումը առանց Ղարաբաղը հանձնելու, որ հնարավոր չէ համախմբել հայության ներուժը, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել: Եվ պատահական չէ, որ նրա նյարդերը հերթական անգամ տեղի տվեցին, ու մեր սկզբունքային վեճը նա վերածեց փողոցային բանսարկության: Պատճառը պարզ է: Դանդաղ, բայց հաստատակամորեն մոտենում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, բայց ոչ միակողմանի զիջումների ճանապարհով: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` կամաց-կամաց Հայաստանի տնտեսությունը սկսում է լիաթոք շնչել, հաղթահարվում է աղքատությունը, արագորեն մեծանում է պետական բյուջեն և որպես առաջին արդյունք` Հայաստանը հանվում է ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքից: Հայաստանում անց են կացվում քաղաքակիրթ խորհրդարանական ընտրություններ և պատրաստվում են նույնպիսի նախագահական ընտրությունների: Իսկ սա քաղաքական մահ է ՀՀՇ-ի և ՀՀՇ-ամետ ուժերի համար: Այսօր ավարտելով այս թեման` ասեմ. Տեր-Պետրոսյանը հնարավորություն ուներ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում անմնացորդ ծառայելու հայ ժողովրդին: Տարբեր պատճառներով նա չկարողացավ այդ անել և Հայրենիքի համար ծանր պահին նա սեփական կամքով լքեց գլխավոր հրամանատարի իր դիրքերը` թողնելով հուսահատության եզրին հասած ժողովուրդ, քայքայված տնտեսություն, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ և ի լրումն այս ամենի` մեզ պիտակավորելով: Այնուհետև տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, կատարվեցին ծանր հանցագործություններ, ինչը հաճույքով հիմա նրանք շահարկում են: Բայց մեր ժողովուրդը, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կարողացավ կայունացնել իրավիճակը և լավ հիմքեր ստեղծել երկրի զարգացման համար: Ու հիմա ուզում են կազմաքանդել պետությունը: Չի ստացվի: Ցանկացած փորձ կկանխվի: Ճիշտ է, որ չկա չարիք առանց բարիքի: Այս ամենի մեջ լավն այն է, որ մեր ժողովուրդը հնարավորություն ստացավ համոզվելու, որ մենք տարբեր մարդիկ ենք, որ մեր պատկերացումները Հայաստանի ապագայի մասին տարբեր են: Եվ եթե այս 10 տարիների ընթացքում քաղաքական գնահատականներ չենք հնչեցրել, ապա պատճառը միայն ու միայն հասարակության մեջ ավելորդ լարվածություն չմտցնելու ցանկությունն էր: Ինչպիսի՞ն եմ տեսնում ես Հայաստանը հինգ տարի հետո... Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը և գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքը: Փոխադարձ հարգանքը, սերը և ներողամտությունը կլինեն մեր կենցաղավարության անբաժանելի մասը: Ամուր, բազմազավակ, ավանդական հայ ընտանիքը հինգ տարի հետո տեսնում եմ որպես օրինաչափություն: Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն: Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն: Վստահեցնում եմ, որ այս նպատակներն իրատեսական են և իրագործելի: