Տարածաշրջանում նոր պատերազմը կարծես չի բացառվում


Ազգայնամոլության, ազգային փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականության արդյունքում ծագած իր ներքին և արտաքին խնդիրներով Թուրքիան այսօր սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Թուրք-քրդական հարաբերությունների սրացումը հղի է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի վտանգով: Թուրքիայի օդուժը ռմբակոծում է Հյուսիսային Իրաքի քրդաբնակ տարածքները: Իհարկե, թուրքական ներխուժումն Իրաք է°լ անկառավարելի կդարձնի այդ երկրում իրավիճակը` ԱՄՆ համար նորանոր խոչընդոտներ առաջացնելով իրաքյան նավթի շահագործման հարցում: Դա էր հիմնականում պատճառը, որ Միացյալ Նահանգները, մեղմ ասած, հավանություն չէր տալիս Հյուսիսային Իրաք ներխուժելու Թուրքիայի ցանկությանը: Ի դեպ, ԿՀՎ (ՃՀձ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի շահերը չեն համընկնում ԱՄՆ-ի շահերին: Հենց այս հայտարարությունն էր հիշատակվել Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովում N 106 բանաձևի քննարկման ժամանակ: Հիմք ընդունելով վերոնշյալը, ոմանք սպասում էին, թե Կոնդոլիզա Ռայսը Թուրքիայում խիստ կարտահայտվի Հյուսիսային Իրաք վերջինիս ներխուժման ծրագրերի վերաբերյալ: Սակայն տիկին Ռայսը Քրդական բանվորական կուսակցությունը որակեց որպես Թուրքիայի և Նահանգների թշնամի: ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասեց նաև Բուշը` Սպիտակ տանը ընդունելով Էրդողանին: Վերջինս էլ շտապեց շնորհակալություն հայտնել` Սենատում N 106 բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար: Թուրք-ամերիկյան փոխադարձ ռևերանսները, թերևս, անհասկանալի թվան: Մի կողմից` ԿՀՎ-ն անհամատեղելի է համարում Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը, մյուս կողմից, Վաշինգտոնը, կարծես, սիրաշահում է Անկարային քրդական հարցում: Բանն այն է, որ, ըստ քաղաքական տեսաբանների, հետազոտական ու վերլուծական ամերիկյան կենտրոններն ակտիվորեն քարոզում են պանթուրքիզմի գաղափարները` որպես մշակութային նմուշ: Միացյալ Նահանգները միացյալ թուրքական պետություն ստեղծելու նպատակ չեն հետապնդում, սակայն ընդունում են մշակութային-լեզվական և տնտեսական հիմքի վրա ինտեգրված տարածքի ստեղծումը: Տարածք, որը կունենա շահերի ընդհանրություն, այդ թվում նաև ընդհանուր ռազմավարական հակառակորդներ: Ըստ էության, Միացյալ Նահանգները քրդական հիմնահարցում պրոթուրքական դիրքորոշում ունի: ԱՄՆ-ը անհնար է համարում Թուրքիայի և Իրաքի տարածքներում ոչ միայն քրդական պետության, այլ նաև քրդական ինքնավարության ստեղծումը: Պաշտոնական Վաշինգտոնը հակված է որպես միատարր պետություն պահպանել Թուրքիան: Ի տարբերություն Եվրամիության, Միացյալ Նահանգները մտադիր չէ անգամ սեփական լեզվի և մշակույթի կիրառման հարցում քրդերի իրավունքները պաշտպանելու: ԱՄՆ-ը հարկադրված է հաշվի նստել Թուրքիայում քրդական խնդիրների հետ միայն այն առնչությամբ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը պայմանավորված է երկրում նաև քրդական հարցի կարգավորմամբ: Եվ հերթական անգամ ականատեսն ենք աշխարհաքաղաքական գլոբալ հարցերում գերտերության կողմից երկակի ստանդարտների կիրառմանը: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ ջանքերով Իրաքի հյուսիս-արևմուտքում ստեղծվեց, ըստ էության, դե-ֆակտո քրդական պետական կազմավորում: Սակայն այսօր արդեն Վաշինգտոնը, կարծես, համակերպվում է Թուրքիայի հակաքրդական դիրքորոշման հետ: Թուրքիան ԱՄՆ-ի համար դիտարկվում է որպես պլացդարմ` տարածաշրջանային ռազմաքաղաքական կառույցները կապող հանգույց, ինչպես նաև կարևորվում է հատկապես ՆԱՏՕ-ի շրջանակներում Եվրոպայի առաջատար պետությունների հետ փոխհարաբերություններում: Ամերիկայի ջանքերով ստեղծված ՆԱՏՕ-ում այսօր հաշվի են առնվում եվրոպական միջին և փոքր պետությունների շահերը, մասնավորապես, ռազմական ծախսերը կրճատելու հարցերում: Իսկ մանավանդ տարածաշրջանային ռազմական գործողություններում ՆԱՏՕ-ի չընդգրկվելու վերաբերյալ այդ պետությունների պահանջների հանդեպ բոլորովին հակառակ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը: Հիշենք թեկուզ, թե ինչպիսի դժվարություններ ունեցավ Վաշինգտոնը հակաիրաքյան կոալիցիա ստեղծելիս: Այս ամենի համատեքստում դժվար չէ նկատել, որ Միացյալ Նահանգները օգտագործում է Թուրքիային, որպես կարևոր գործոն` ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ բանավեճերի ժամանակ: Իսկ դրա դիմաց հարկավոր է վճարել: Եվ դա ԱՄՆ-ը անում է քրդական հարցում Թուրքիային զիջելով: Եվ ոչ միայն քրդական հարցում. չմոռանանք նաև N 106 բանաձևը: Իսկ որ Իրաք Թուրքիայի ներխուժման պարագայում շատ խնդիրներ կարող են արթնանալ առանց այն էլ անհանգիստ Մերձավոր Արևելքում, կարելի է չկասկածել: Թերևս, կասկած չի հարուցում նաև, որ տարածաշրջանում բռնկված նոր պատերազմը կարող է իր անբարենպաստ ազդեցությունն ունենալ Հայաստանի համար: Ի վերջո Հայաստանն էլ այդ տարածաշրջանի մի մասն է: Սակայն թուրք-քրդական հակամարտության վրա որևէ կերպ ազդելու մեր հնարավորությունները, մեղմ ասած, սահմանափակ են: Մնում է սպասել և հուսալ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ