Քաղաքական հին ու նոր նկրտումներ` ԱԺԿ նախագահի հեղինակությամբ
Երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված` ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ մամուլի ասուլիսի շարժառիթը կուսակցության տարածած հայտարարությունն էր, որը ներքաղաքական իրողությունների և դրանց հետագա զարգացումների առումով հետաքրքիր մեկնաբանությունների տեղիք տվեց: Հայտարարության մեջ ասված էր, որ Հայաստանը կանգնած է բախտորոշ երկընտրանքի առջև` զարգանալ կա°մ ժողովրդավարական ճանապարհով, կա°մ անձնիշխանական: ԱԺԿ-ի համոզմամբ, բոլոր այն ներքին և արտաքին խնդիրները, որոնք կուտակվել են Հայաստանում, կարող են լուծվել միայն ու միայն ժողովրդավարության հաստատման պայմաններում: ԱԺԿ հաջորդ պնդումը վերաբերում է հետևյալ քաղաքական դիրքորոշմանը: Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար հարկավոր են համակարգային փոփոխություններ: «Անհրաժեշտ է, որ այն դրական ներուժը, որ երաշխավորում են սահմանադրական փոփոխությունները, կյանքի կոչվեն: Ավելին, անհրաժեշտ է ամբողջականացնել այն կիսաքայլը, որը կատարվեց այդ ուղղությամբ: Վերջապես, չափազանց էական է Նախագահի ընտրություններից առաջ գիտակցել, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, իշխանության խնդիր չի լուծվում»: Բանախոսը ասվածը հիմնավորում է փոփոխված Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունների սահմանափակման փաստով: Մանրամասնելով այն` Շավարշ Քոչարյանը ուշադրություն է հրավիրում այդպիսի իշխանակարգի վրա. իշխանության կենտրոնը գտնվում է Խորհրդարանում և Կառավարության ձեռքին: Եթե Նախագահ է ընտրվում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը, իշխանությունն ամբողջությամբ դառնում է միակենտրոն, քանի որ նույն քաղաքական ուժը տիրապետում է և° գործադիր, և° օրենսդիր լծակներին` միաժամանակ ունենալով Նախագահի պաշտոն: Այլ է պատկերը, երբ Նախագահ է ընտրվում այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով զրկված է մի շարք էական լիազորություններից, չի կարող լուծարել Խորհրդարանը, Վարչապետին ազատելու իրավունք չունի և այլն: Սակայն, ինչպես նկատեց բանախոսը, նախընտրական տրամադրություններն այլ են, և «թեկնածուներին, որ դաշտից էլ նրանք լինեն, ձեռնտու չէ խոսել այս ամենի մասին, քանի որ այս դեպքում նրանց համար դժվար կլինի մոբիլիզացնել իրենց կողմնակիցներին»: Մեր այն հարցին, թե ի՞նչն է քաղաքական գործչին մասնավորապես հիմք տալիս համոզված պնդելու, թե նախկին իշխանությունը այլընտրանք լինել չի կարող, նա պատասխանեց. «Խնդիրը անցած տարիներն են: Եթե քաղաքական ուժն ու անձը իշխանության մեջ փորձարկված չեն, կարելի է տարբեր դատողություններ անել: Շատ ավելի հավաստի են այն դատողությունները, որոնք կառուցված են կոնկրետ փաստերի վրա: Այն Հայաստանը, որ մենք ժառանգեցինք` կիսակայացած, անձնիշխանություն, այդպիսի պետություն ունեցանք այդ իշխանության տարիներին և, ի դեպ, հակառակ ժողովրդի կամքի»: Ափսոս միայն, որ ատելության սերմանման, մեղադրանքների հակադարձումների, վատաբանելու պատճառներ փնտրելու վնասներից խոսող քաղաքական գործիչը դժվարանում է հիշել նախկին իշխանությունների նաև ձեռքբերումները` նույն այդ ժողովրդավարության ու դրա հաստատման մեջ քաղաքական կամքի անժխտելի դրսևորման առումով: ԱԺԿ առաջնորդը փաստում է, որ ընդդիմության միավորումը չկայացավ, և այս փուլում պայքարն ընթանում է ներկա և նախկին իշխանությունների միջև, ինչը, նրա գնահատմամբ, արդյունավետ չէ: «Դա նպաստում է, որ ներկա իշխանությունների հաղթանակը լինի երաշխավորված, որովհետև հասարակության զգալի հատվածի համար համեմատության հենքի վրա ներկա իշխանությունները երևում են ավելի դրական»: Այս իրավիճակից էլ, ըստ նրա, բխում է օրվա հրամայականը. կարճ ժամանակում, այնուամենայնիվ, ձևավորել թեկնածու, այնուամենայնիվ` որքան հնարավոր է` միասնական, ով կարող է այլընտրանք լինել գործող իշխանությանը: Այս դեպքում «այնուամենայնիվ»-ի տրամաբանությամբ հետաքրքիր է, թե ինչ գործոն է աշխատելու, հասարակական ինչ պատվեր է ձևավորվելու: Մեր այս հարցի պատասխանը հետևյալն էր. «Ես կոպիտ կգնահատեմ. ցավոք, խորհրդարանական ընտրություններն իջեցվեցին ստամոքսի մակարդակի: Սոցիալական խնդիրը ցանկացած երկրում կարևոր է: Սակայն այլ բան է, երբ երկիրդ կայացած է, մարդու իրավունքները պաշտպանված են, և նորմալ է, երբ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են տարբեր սոցիալական ծրագրեր: Մեր երկրում դա դարձնել առաջնային` կնշանակի շահարկել խնդիրը: Եթե այսպես շարունակվի, մենք կհայտնվենք ավելի վատ վիճակում: Ավելին, այս նախընտրական պայքարը ատելության և պառակտման վրա է»: