2008-ի բյուջեի հիմքում պետության զարգացման ծրագիրն է


- 2,5 մլրդ դոլար արժեցող պետական բյուջեն պետք է ունենա հստակ սոցիալական ուղղվածություն,- ԱԺ քառօրյա օրակարգում «Բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանը:- 2008-ի բյուջեն առաջին քայլն է այդ ճանապարհին և նրա հիմքում ընկած հետագա 5 տարիների զարգացման ծրագիրը ներկայացնելով, համոզված եմ, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է հետևյալ ռազմավարական ծրագրերով: 1. Սոցիալական, ժողովրդավարական և բարոյահոգեբանական խնդիրների լուծում: 2. Կրթական և մտավոր ներուժի ընդլայնում: 3. Առողջապահական, առողջարանային և կազմակերպված հանգստի ոլորտների զարգացում: 4. Արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության արդիականացման խնդիրների լուծում: 5. Ֆինանսական միջնորդության զարգացում: 6. Անվտանգության ժամանակակից և արդյունավետ համակարգի բարձրացում: 7. Հանրապետական և տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում: Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ հաջողության հասնելու նախադրյալը մեր ժողովրդի հոգևոր միասնության մեջ է, իսկ գերխնդիրը` ազգային անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը: Ի դեպ, 2008 թ. պետական բյուջեով պաշտպանության, անվտանգության և հասարակական կարգի պահպանության ծախսերը կկազմեն 170 մլրդ: Այդ առումով ՀՀ Վարչապետի դիրքորոշումն այսպիսին է. - Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու մեր պետության կայունությունը վտանգող բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ