Իմ լսածը քո ասածից տարբեր ա
Ամեն անգամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի մակարդակով մայրաքաղաքի բնակչությանը տեղեկատվություն է տրվում, թե քաղաքային իշխանութ յունները քաղաքի կառավարման մեջ առաջընթացի որ փուլում են, որ ծրագրերն ինչպես են կատարվել և կատարվում: Քաղաքի բարեկարգման և կառուցապատման լայնամասշտաբ շինարարությունը բավական է, որ քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ նման ներկայացումների կարիք ունենա: Մասնավորապես ասելու, որ քաղաքային իշխանություններն օրնիբուն աշխատում են, որպեսզի, այսպես ասած, տարվա օբյեկտների շինարարությունն ավարտվի սահմանված ժամկետներում: Որքան սա է հայտնի, նույնքան այն, որ մի շարք օբյեկտների մասով այդ ժամկետները խախտվել են: Աշխատանքների դանդաղեցումը, որոշ դեպքերում էլ դադարեցումը երևանցիներին ի տես է եղել: Բարեբախտաբար, այսօր արդեն նույնը ասել չենք կարող: Երևանյան շինհրապարակներում նկատելին այսօր աշխատանքային ակտիվությունն է: Եվ գուցե այս անգամ արդեն կարելի լինի վստահել քաղաքապետարանի այս կամ այն պաշտոնյայի հավաստիացումներին առ այն, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Տա Աստված, որ գոնե այսուհետ պահպանվեն վերջին վերջնաժամկետները: Ժողովուրդն ասում է` աչքը տեսածից է վախենում: Մանավանդ որ հավաստիացումներն ընդհանուր են, առանց կոնկրետ ժամկետներ նշելու: «Ըստ ժամանակացույցի» ձևակերպումը, որ չվարանեց օգտագործել նաև քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, այս դեպքում փրկություն է (տարբեր առումներով) և° ասողի, և° լսողների համար: Հասնակալի է` հստակ ժամկետ նշելը կարող է գլխացավանքի մեջ գցել նշողներին: Բա որ երևանցիների լսածն ու տեսածը նորից իրար հակասե՞ն: Ժամկետը` ժամկետ: Բայց հո բնությունը չե՞ն կարող «ժամկետավորել»: Վերցրեց ու վաղը ձյուն տեղաց: Քաղաքային իշխանություններն, ինչպես միշտ, կազմուպատրաստ են ձմռանը. մաքրող մեխանիզմներ, աղ ու ավազի անհրաժեշտ պաշար… Էս բոլորը կա (դարձյալ ըստ վստահեցումների): Բայց էս քանդած, էս «ժամկետանց» փողոցներում, էս նեղլիկ փողոցներում աղցան մեքենաները, ձյուն մաքրող մեխանիզմը ո՞նց են աշխատելու: Քաղաքապետարանում ասում են` հերթապահություն կլինի: Էհ, որ հերթապահեցին, փողոցները լայնանալո՞ւ են: Թե՞ հակառակը. ավելի են նեղանալու: Ու էստեղ են ասել` դե, խցանումն հիմի դու տես: Էնպես որ, հայրենակիցներ և համաքաղաքացիներ, թե ամռանը դժվար էր շինհրապարակ-փողոցներով և տարածքներով երթևեկելը, ձմռանը… Օ¯, ձմռանն ավելի… Գոնե ձմեռը մեղմ լինի: Մի բարակ հույս էլ կա: Առջևում Նախագահի ընտրություններն են: Գուցե թեկնածուները, ինչպես սովորաբար լինում է ընտրությունների ժամանակ, իրենց բարեգործությունների շրջանակներում որոշեն թեթևացնել քաղաքապետարանի և, այդպիսով, երևանցիներիս «փողոցային» հոգսերը: