Հոբելյանական պատկերասրահ Հայրենի բնության ամենակրքոտ երկրպագուն
Վրաստանի Սղնախ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում ծնված Գևորգի նկարելու սերը, դեռ վաղ տարիքում արժանանալով տեղի գավառապետ Էրաստ Չելոկաևի գերդաստանի ջերմ հոգատարությանը, մասնագիտական առաջին մկրտությունն է ստացել գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի նկարչական դպրոցում (1876), որի գնահատող երաշխավորությամբ բարձրակարգ ձևավորում է գտնում Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիայում, ռուսական գաղափարական բնանկարի հիմնադիրներից մեկի` պրոֆեսոր Մ. Կլոդտի արվեստանոցում: Տպավորված բնության բանաստեղծական ընկալման և լիակատար պատկեր ստեղծելու Վորոբյովի կուլտուրայով, Ա. Կուինջիի և ֆրանսիական բարբիզոնցիների բնանկարներով` նա հարթում է սեփական ստեղծագործական ուղու սկզբնական հատվածը: Այնուհետև որդեգրում է հայ կերպարվեստում բնանկարի ժանրի նախակարապետ Հովհաննես Այվազովսկու արվեստի ոճական սկզբունքները` զարգացնելով երբեմն ռոմանտիկ տրամադրությամբ գունավորված, ակտիվ հուզական ներգործությամբ քնարական բնանկարը: Ի հեճուկս աղքատ ուսանողին վիճակված կեցության դժվարին պայմանների, արծաթե մեդալի է արժանանում գծային ու գունային հեռանկարի կիրառման գիտակ հմտությամբ կոմպոզիցիոն իմաստավորվածություն ձեռք բերած «Կեչիների պուրակը» բնանկարը` ավետելով ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ տաղանդավոր նկարչի հաստատուն նորամուտը գեղարվեստի աշխարհ: Հրաժեշտ տալով Պետերբուրգին` հուսավառ վերադառնում է մանկության ու պատանեկության օրրան: «Ծնողներս այլևս չկային, տնից ու տեղից նույնպես զրկվել էի, բայց հայրենիքիս սերը մնացել էր իմ մեջ անխախտ»,- գրում է նա վերադարձի առիթով: Հայրենիքում վրձնած անդրանիկ ստեղծագործությամբ` «Ալազանի հովիտը» հյութեղ քսվածքներով, կոլորիտով հագեցած ու գունային տարածականությամբ աշխուժորեն մշակված լավագույն կտավներից մեկով, ուղենշում է իր ապագա կոչումը: Կանոնավոր շրջագայելով Հայաստանում` արարում ազգային ինքնագիտակցություն և հայրենասիրական զգացմունքներ արթնացնող, հայրենի բնաշխարհի գողտրիկ գեղեցկությունը նորովի գրավչությամբ արտահայտող պատկերաշարեր: Շրջագայությունը իտալական արվեստազարդ քաղաքներով (Հռոմ, Նեապոլ, Ֆլորենցիա, Վենետիկ), մշակութային դասական կոթողների ուսումնասիրությունը ստեղծագործական նոր լիցքեր ու որակ է հաղորդում բնապաշտ նկարչի վրձնին: Արարատի, Սևանա լճի, Կասպից և Սև ծովերի ափերից և Ռազմավիրական ճանապարհից նկարած տեսարաններում նկատելի է բնությունն ընդհանրացումներով ընկալելու նոր մեթոդը: Կարճ ժամանակում ձևավորվելով ու ճանաչվելով որպես ինքնատիպ անհատականություն` լայն սեր ու մասսայականություն է վայելում արվեստասեր հասարակայնության ամենատարբեր շրջաններում: Թիֆլիսում, Շուշիում, Պյատիգորսկում, Նոր Նախիջևանում, Ռոստովում, Նովոչերկասկում կազմակերպում է 10 անհատական ցուցահանդես (1883-88 թթ.)` առաջինը հայ նկարիչներից: Շուրջ 40 տարի` ընդլայնելով ցուցադրության աշխարհագրությունը (Մոսկվա, Պետերբուրգ, Փարիզ): Բաշինջաղյանը մոտ հազար կտավ է ստեղծել: Հայտնի է նաև որպես բնության բանաստեղծական նկարագրությունների նրբաճաշակ վարպետ, բազմաթիվ պատմվածքների, ֆելիետոնների, կերպարվեստի քննադատական հոդվածների, պիեսների հեղինակ: Եռանդուն գործունեություն է ծավալել հայրենասեր արվեստագետը Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, նրա մահարձանի կառուցման, Խ. Աբովյանին ու Րաֆֆու գերեզմանին հուշարձաններ կանգնեցնելու, հայկական ճարտարապետական կոթողների վերանորոգման և ժողովրդի մեջ կերպարվեստի պրոպագանդման ուղղությամբ: Հայ կերպարվեստում իր մնայուն հետքը թողած ականավոր նկարչի բեղուն վաստակը սերունդների համար վերստին արժեքավորելու հրաշալի առիթը` ծննդյան 150-ամյակի տոնակատարությունը Ազգային պատկերասրահում նշանավորվեց ֆոնդում առկա ու մասնավոր հավաքածուներից ժողովված յոթ տասնյակից ավելի լավագույն նկարների հոբելյանական ցուցահանդեսով: Խաղաղ բնապատկերների ներգործուն ուժը մեր օրերում ամենևին չի նվազել: Ծովային ու անտառային կենսաթրթիռ պատկերները, Արարատն ու Արագածը, ցորենի հասուն արտերը, Անիի տաճարն ու շրջակայքը, գարնան զարթոնքն ու ծանրանիստ ճերմակաթույր ձմեռը զարմանալիորեն կենդանի են ցուցադրված կտավներում, իրական` օրվա տարբեր ժամերին բնորոշ լուսաստվերային, գունային նրբին լուծումներով: Գևորգ Բաշինջաղյանի արվեստի գաղտնիքները վերծանելու, ստեղծագործական ամբողջական դիմանկարը ըստ արժանվույն ճանաչելի դարձնելու առաքելությամբ պատկերասրահում կանցկացվի նաև գիտաժողով` ուսանելի նորահայտ նկարիչների և արվեստասեր հասարակայնության համար: