«ՀՈՎԵՐ»-15 Դասականության ձգտող սինթեզով


Գնահատման չափանիշների խառնածին քաոսում համեմատաբար հստակ կողմնորոշվելու համար առայժմ մի հավանական ելք եմ տեսնում: Արվեստի ցանկացած գործ արժեքավորելիս որպես հիմք ընդունել դրան անմիջականորեն հաղորդակցված ունկնդրի, հանդիսատեսի, այցելուի, մասնակից-ականատեսի խորաթափանց, անկողմնակալ ինտելեկտուալների ամբողջական կարծիք ձևավորող կենդանի տպավորությունները: Նույնիսկ` ծայրահեղ հակասական. ճաշակին, իսկապես, «ընկեր» չկա: Այս մտքին անսպասելիորեն հանգեցի, երբ երաժշտական մենեջեր Արման Պադարյանը Գերմանիայի 7 քաղաքներում համերգային շրջագայությունից վերջերս վերադարձած «Հովեր» կամերային երգչախմբի ելույթների արձագանքներն էր ներկայացնում մի խումբ հետաքրքրասերներիս: «Հոգևոր երաժշտության այս կատարումները մեզանում կարոտ ու սեր արթնացրին ձեր երկրի հանդեպ»,- առանց սեթևեթանքի իր խանդավառությունն էր արտահայտել Հայաստանի մասին մոտավոր պատկերացում ունեցող գերմանացի երաժշտասերների մեծամասնությունը: Ուրեմն, ակադեմիական արվեստների դասականության ձգտող սինթեզով մատուցվող երգը, անկախ «աստղափայլ» շոումենների բազմապատկման խելահեղ չափերից, զգալի պահանջարկ ունի: Ամենուր: Ուրեմն, դեռ կարելի է հույսեր փայփայել գազանացող մարդ արարածի հոգևոր ախտազերծման: Մեկուկես տասնամյակ առաջ հիմնելով «Հովեր» երգչախումբը` Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Եպկ խմբավարական բաժնում, ապա` ասպիրանտուրայում պրոֆեսիոնալ ամրաշաղախ բազա ստեղծած, մի շարք երգչախմբերում թրծված գեղարվեստական ղեկավար ու խմբավար ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հազիվ թե երևակայեր, որ ստեղծագործական տառապանքներից ծնվող պտուղներում քաղցրության տեսակարար կշռի 1998-ից թափ առնող սրընթաց աճը երբևէ կհասնի 2004-ից համընդհանուր ճանաչման արժանացող ներկայիս ակնածելի չափերին: Կարծում եմ, դա մեծապես պայմանավորվում է նախընտրած աշխատաոճով` յուրաքանչյուր նոր համերգաշրջանում վերապրել ինքնահաստատման տանջալից պրոցես: Յուրաքանչյուր նոր փորձարարական նախաձեռնություն, խմբերգային ներկայացում իրագործել կատարելության ձգտող դասական չափորոշիչներին համարժեք արտահայտչամիջոցներով ու պատասխանատվությամբ: Դասական և ժամանակակից ակադեմիական, նորագույն 170-ից ավելի բազմաժանր խմբերգերից կազմված երկացանկի բազում կատարումներ անջնջելի տպավորվել են ամենատարբեր հանդիսասրահների ունկնդիրների հիշողության ծալքերում: Հոնեգերի «Մեռյալների պար» օրատորիայի խմբերգային հատվածները, կոմիտասյան պարերգերը, «Աշխարհի ժողովուրդների Ծննդյան երգեր»-ը` ստվերների թատրոնի զուգորդմամբ, Բրիթենի «Գթասրտություն» կանտատը, Մոցարտի ու Քերուբինիի ռեքվիեմները և «Մադամ Բաթերֆլայ» ու «Սևիլյան սափրիչ» օպերաները` «Սերենադ» կամերային նվագախմբի հետ համատեղ… «Հովեր»-ի ստեղծագործական 15-ամյա ուղին քանիցս նշանավորվել է հեղինակավոր մրցանակներով: Դափնեկրի կոչման է արժանացել Արեցոյի (Իտալիա) միջազգային խմբերգային պոլիֆոնիկ և Տուրի (Ֆրանսիա) մրցույթ-փառատոներում (1997, 1999): 60 երկրների 300-ից ավելի երգչախմբերի մասնակցությամբ ավստրիական Լինց քաղաքում կայացած երգչախմբերի համաշխարհային I օլիմպիադայում շահել ոսկե մեդալ (2000): Ստեփան Բաբաթորոսյանի` Վարդան Այգեկցու առակների հիման վրա գրված նորարարական խմբերգային ներկայացման լազերային ձայներիզով նվաճել է «Armenian Music Award» (2004), իսկ «Ճանապարհ» ձայներիզով` ԱՄՆ «Just Plain Folks» մրցանակներին: Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: «Հովեր»-ը Կոմիտասի ամենաակտիվ պրոպագանդողներից է աշխարհի բեմերում: Դրա լավագույն դրսևորումներից է «Պատարագ» երկակի ձայներիզի (հայերեն և անգլերեն տեքստերով) հազար օրինակի անվճար տրամադրումը արտերկրի առաջատար մշակութային կենտրոններին, կրթական համալիրներին: Երաժշտական քննադատների կողմից որպես ինքնատիպ հնչողական լիցք և երանգ ունեցող երգչախումբ գնահատվող «Հովեր»-ը պատվով մասնակցեց Հոգևոր քրիստոնեական «Լոգոս» լեհական XI երաժշտական փառատոնին: Հուսանք, որ հայկական այս 15-ամյա երգչախումբը նույն նվիրումով ու պրոֆեսիոնալ պատասխանատվությամբ դեռ երկար կպահպանի կատարողական իր արվեստի ուրույն հմայքը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ