Հանուն գրագետ հասարակության ձևավորման


Հայաստանի Ազգային գրադարանը գիտամշակութային խոշոր կենտրոն է Հայաստանում: Այն վաղուց դուրս է եկել միայն գիրք սպասարկող հաստատության կարգավիճակից` դառնալով կրթական և տեղեկատվական կենտրոն: Մոտ 7 մլն միավոր գրականություն ունեցող գրքի այս տաճարը սակայն ունի բազում խնդիրներ: Պետության տրամադրած գումարները չեն բավականացնում լուծելու գրապահոցներում անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանման, շենքային պայմանների բարելավման, և բազում այլ խնդիրներ լուծելու համար: Հաշվի առնելով գրքի ու գրադարանի դերը ժողովրդի կյանքում` Viva cell ընկերությունն իր սոցիալական ներդրումների ծրագրում ներառել է Ազգային գրադարանը: Ընկերության հատկացրած շուրջ 13 մլն դրամով այսօր արդեն վերանորոգվել են գրադարանի բոլոր 16 սանհանգույցները, գլխավոր մասնաշենքի տանիքը: Օրերս գրադարանը հյուրընկալել էր իր բարերարին: Բոլոր ընթերցողների և գրադարանի աշխատողների անունից շնորհակալություն հայտնելով Ռ.Յիրիկյանին` Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ Viva cell-ի ֆինանսական աջակցության շնորհիվ լուծվել է գրադարանում շատ կարևոր մի խնդիր. անձրևաջրերի ներթափանցումը գրապահոց, որը մեծ վնաս է հասցրել գրքերին: Դ.Սարգսյանը Ռ.Յիրիկյանին հանձնեց գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս, «Հակոբ Մեղապարտ» մեդալը, նաև գրադարանի 175-ամյակի շրջանակներում պատրաստված հուշանվերներից մի նկար, որի վրա հայերեն առաջին գրքից` «Ուրբաթագրքից» մի էջ է, Հակոբ Մեղապարտի կիսադեմը և տպարանանիշը: - Յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի մշակութային նման կենտրոն ունենալու համար: Այստեղ պահպանվող գրականությունը մեր պատմությունն է, հարստությունը: Այդ պատճառով էլ իմ արածը բարերարություն չէ, այլ պարտականություն: -նշեց Ռ.Յիրիկյանը: Քանի որ այս օրերին նշվում է Հայաստանի Ազգային գրադարանի 175-ամյակը, տոնը հավուր պատշաճին անցկացնելու համար Ռ.Յիրիկյանը խոստացավ ևս 10մլն. դրամ հատկացնել Ազգային գրադարանին: Հուսանք, որ բարերարի գործը ուսանելի կլինի բոլոր հայ գործարարների համար` ի շահ գրագետ հասարակություն ունենալու:

Գոհար ՋՈՒԼՀԱԿՅԱՆ