ԲԱՅՑ Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ

Ձմռան մի ցուրտ երեկո


Օրը թեքվում էր դեպի մայրամուտ: Ցուրտ էր և կանգառներում սառչողների ու տրանսպորտում մեկ ոտքի տեղ որոնողների համար ձյունը չէր կարող ռոմանտիկ թվալ: Կանգառում խմբված մարդիկ աշխուժացան, երբ երկար սպասված թիվ 15 երթուղու ավտոբուսը մոտեցավ: Կանգառը դատարկվեց. բոլորի հետ ավտոբուս մտան չորս-հինգ զինվորական: Քամուց ու արևից կարմրած այտեր, հոգնած, բայց միշտ զգոն հայացք. զգացվում էր, որ քաղաքից չէին, հեռվից էին գալիս…Ու մեկ էլ հանկարծ`

- Պահ, պահ, պահ…էս ինչ˜ սաղ զորքով բարձրացաք, մի կեսդ էլ մնացեք, մյուս ավտոբուսով կգաք, էլի…,- վարորդը դժգոհությունը չթաքցրեց:

Ուղևորները մի պահ չհասկացան դժգոհելու պատճառը: Իսկ զինվորականներից մեկը, որ երևի առաջին անգամ չէր առնչվում նման վիճակներին, շտապեց արձագանքել:

- Հա, մեզ ուղեվարձ չկա, մերը անվճար է, չգիտե՞ս:

Վարորդը նահանջելու մտադրություն չուներ:

- Ախպեր, դու կգաս մեր գծատիրոջ հետ քյալլա կտաս: Նա որ ուզեց, ես չեմ կարա «պլատիտ» չըլնեմ…

- Չե՞ք մտածում, որ մենք ամառ թե ձմեռ, ցրտին ու շոգին պոստի ենք կանգնում, սահման ենք պահում…

- Ա´յ ախպեր, էդ ձեր աշխատանքն ա, իմն էլ էս ա… Ես օրվա վերջում, որ պլան եմ տալի, ինձ չեն ասում` «պասաժիրներիցդ» քանիսն են սալդաթ էղել, ասըմ են` «պլատիտ» էղի… ու ես չեմ կարա «պլատիտ» չըլնեմ…

Ամեն ինչ պարզ էր: Օրվա պլան «պլատիտ» ըլնելու խոսքն ու զրույցը, չգիտեմ ինչու, գլխումս զուգահեռվեց Երևանում ուղեվարձը 200 դրամի հասցնելու համար երթուղիները սպասարկող գծատերերի սպառնալիքներին, թե 100 դրամով ձմեռն աշխատել չի լինի…Ու հոգուս խորքում, իհարկե, մեղադրեցի հաճախ անգամ կյանքի գնով սահման պահող զինվորականներին անվճար տեղափոխելուց դժգոհող վարորդին: Բայց մի քիչ էլ խղճացի. մարդը օրվա հաց վաստակելու համար ստիպված է տանել գծատերերի նվաստացումները: Այն գծատերերի, որոնց համար ուղևորը զուտ եկամտի աղբյուր է` ուրիշ ոչինչ, որից պետք է ուղղակի հնարավորինս շատ պլոկել` թեկուզ շանտաժով, որ եթե կրկնակի չբարձրացվի ուղեվարձը, ուղևորի անփորձանք տեղ հասնելը կարող է 50-50 լինել…

Խղճացի վարորդին, բայց ընդամենը մի պահ. հաջորդ պահին արդեն ստիպված էի զսպել ցասումս, որ համակերպվում ու լռությամբ ենթարկվում է նույնիսկ զինվորական տեղափոխելու համար անկուշտ գծատերերի «պլատիտ» լինելու պահանջներին…

Իրենց բիրտ պահվածքով վերջերս եթերներում հոխորտացող գծատերերն իսկի ունակ էլ չեն հասկանալ, որ իրենք գրպանները լցնում են հենց այդ` սահմանը պահող, իրենց կյանքերի գնով նաև դրանց նմաններին պաշտպանող զինվորների շնորհիվ:

Ա.Դ.