ԼԵՎոն Տեր-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «վերադարձի» առասպելը


Առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ գնալով թեժացող տուրևառումների առանցքը մեկն է` ո՞վ կամ ովքե՞ր են լինելու այն «քաջերը», որ ձեռնոց պիտի նետեն վարչապետ Սերժ Սարգսյանին: Անցյալ շաբաթը ցույց տվեց, որ այդպիսի «քաջերի» պակաս ամենևին չի զգացվում: Անունները հայտնի են, չթվարկենք: Նկատենք միայն, որ նրանցից յուրաքանչյուրը, ինչպես և կարելի էր սպասել, օջախի կրակը փորձում է քաշել իր կաթսայի տակ: Այդ համապատկերում կրկին շրջանառության մեջ է դրվել ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: ՀՀՇ-ի և ՀՀՇ-ական ծագման ուժերի համար նա եղել և մնում է միակ և անփոխարինելի առաջնորդը: Մինչդեռ հակա-ՀՀՇ-ական տրամադրված ուժերի ու զանգվածների համար Լևոն Տեր-Պետրոսյանի անձը բացարձակապես անընդունելի է, իսկ անունը` նզովքի պես մի բան: Դա պարզ երևաց մեր քաղաքական դաշտի երկու հանրահայտ դեմքերի` ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով գործադիր իշխանության ղեկավարի աշխատասենյակում հայտնված նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ու նույն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կալանավորի խցիկում հայտնվելու «քաղցրությունը» ճաշակած Շավարշ Քոչարյանի օրերս կայացած հրապարակային բանավեճից: Մինչ առաջինը չափազանցյալ գույներով ներկայացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ու իր վարչապետության տարիների ձեռքբերումները, երկրորդը տարակուսում էր, թե վերադառնալու դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ է անելու` «բացի Ղարաբաղը տալուց»: Հիշեցնելով ՀՀՇ-ի ժամանակվա խավարն ու ցուրտը և վկայակոչելով էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանին, ով ասում էր, թե երկրում այդ տարիներին ավելի շատ էլեկտրաէներգիա էր արտադրվում, քան հետո, Շավարշ Քոչարյանը ընդդիմախոսին հարցնում էր. «Բա ի՞նչ էիք անում այդ էլեկտրաէներգիան»: Ավաղ, Հրանտ Բագրատյանն այդ հարցի հստակ պատասխանը չտվեց: Նա ընդամենը պնդում էր, թե ՀՀՇ-ական իշխանությունների մասին զրպարտանքներ տարածողները վաղ թե ուշ պատժվելու են, թե, այսպես կոչված, «մազութի գործի» առթիվ ամենամեծ հասարակական աղմուկը բարձրացրած Արշակ Սադոյանը դատախազությունում, իբր, ներողություն է խնդրել: Ո՞վ իմանա, գուցե տարիներ անցնեն, և մեր երբեմնի ՀՀՇ-ական երևելիները, հույսը դնելով ժողովրդի հիշողության կատարյալ կորստի վրա, մի ամենևին էլ ոչ գեղեցիկ օր հայտարարեն, թե ոչ մի խավար ու ցուրտ էլ, իբր, չի եղել, դա՞ էլ է զրպարտություն: Ինչևէ, Հրանտ Բագրատյանի և Շավարշ Քոչարյանի միջև քաղաքակիրթ բանավեճ չստացվեց: Դա, պարզապես, երկուսին էլ պատիվ չբերող լեզվակռիվ էր: Բացարձակապես համոզված եմ, որ նրանց երկուսի այս լեզվակռիվը, Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկացած փորձի պարագայում, վերաճելու է համազգային լեզվակռվի: Որովհետև միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ ՀՀՇ-ն էլ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չափազանց դառը հետք են թողել: Հրանտ Բագրատյանի հետ խնդրո առարկա հրապարակային բանավեճում Շավարշ Քոչարյանն ուղղակի մատնանշում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ մտնելն ամենամեծ նվերը կլինի Սերժ Սարգսյանին, որովհետև նույնիսկ նրանք, ովքեր այսօր դեմ են ներկա վարչապետին` վաղը նրան ձայն կտան, միայն թե Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ նորից Նախագահ չընտրվի: Հանրապետական Կարեն Կարապետյանն ու Էդուարդ Շարմազանովը անցյալ շաբաթ տված ասուլիսներում Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, «վերադարձի» հասարակական պահանջ չէն տեսնում, կարծես հասկացնելով, որ նրան «ակտիվացնելու» ազդակները կառավարող Հանրապետական կուսակցությունից չեն գալիս: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ու քարտուղար Արտաշես Շահբազյանը նախկին Նախագահին մրցակից չէին համարում, իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հռետորական հարց էր տալիս, թե «Ո՞վ կարող է ասել` ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր»: Լևոն Տեր-Պետրոսյանի անունը կրկին քաղաքական շրջանառության մեջ դնելու այս ամբողջ աղմուկը արհեստածին, սարքովի և անիմաստ եմ համարում: Նա անցա¯ծ փուլ է, խփված քաղաքական խաղաթուղթ: Խփված խաղաթղթերով նոր խաղ չե¯ն սկսում: Ստիպված եմ հիասթափեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի «վերադարձի» հույսեր փայփայողներին. նա այլևս երբեք ասպարեզ չի գա, որովհետև գալու համար նորից, պատկերավոր ասած, քաղաքական «շուրջպար» պիտի մտնի ու պիտի «շորորա»: Բայց, որքան հիշում եմ, նա առանց «շաբաշի», այսինքն առանց հստակ քաղաքական երաշխիքների, շորորացող մարդ չէ: Ո՞վ հիմա նրան որևէ հստակ քաղաքական երաշխիք կտա: Իր գործն է, իհարկե, բայց եթե նա նորից քաղաքական շուրջպար մտնի, դա, ինչպես ընդգծում էր Շավարշ Քոչարյանը, իսկապես կլինի Սերժ Սարգսյանի օգտին: Ինքը ոչինչ չի շահի, բացի նախկին մեղքերը կրկին ճակատին շարված տեսնելու տհաճությունից: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աչքի լույսն է, որ հանուն նրա` ինքը նորից հրապարակ իջնի և դրանով արդեն իր վրա հրավիրի հասարակական զայրույթի որոշակի բաժինը: Որովհետև այդ դեպքում նա կծառայի իբրև հասարակական զայրույթի պարպման միջոց, ոչինչ ավելի: Չեմ ուզում թթու խոսքեր ասել Հայաստանի 1-ին նախագահի հասցեին: Իր իշխանության տարիներին շա¯տ եմ ասել ու գրել: Այսօր կուզենայի սոսկ նրա «վերադարձի» մասին դատարկ խոսակցություններով գլուխ տանողներին հորդորել` Աստծո սիրուն, մի ստիպեք, որ նորից վերհիշենք ՀՀՇ-ական տարիների դժոխքը, վերապրենք ողջ ժողովրդին պատճառված տառապանքը: Միանգամայն անընդունելի եմ համարում այսօրվա իշխանությունների հակառակորդների այն պնդումները, թե իբր «սրանք էլ մի բարի պտուղ չեն», սրանց օրոք նույնպես քիչ շահատակություններ չեն կատարվել և կատարվում են: Բայց եթե ընդունենք, որ այսօրվա իշխանություններն էլ, իրոք, դատափետելու քիչ տեղեր չունեն, մի՞թե դա նշանակում է, թե նախորդները… լա¯վն էին: Անսխալական, հրեշտակային իշխանություններ չեն լինում և ոչ մի տեղ չկան: Բոլոր երկրների կառավարողներն էլ, պետական ու քաղաքական գործիչներն էլ սխալներ գործում են: Ժողովուրդները միշտ ներում և նույնիսկ մոռանում են այդ սխալները: Ահա ինչու ՀՀՇ-ի ղեկավարներն իրենց երբեմն-երբեմն թույլ են տալիս կեսբերան ասելու, որ իրե°նք էլ ժամանակին սխալներ են գործել: Բայց, իմ խորին համոզմամբ, ՀՀՇ-ն ոչ թե սխալներ է գործել, այլ` հանցագործություննե°ր, նույնիսկ` ոճրագործություններ է կատարել և կատարել է` հանուն երկրում քաղաքական իշխանության նվաճման ու պահպանման: Որքան հիշողությունս փորփրում եմ, չի եղել դեպք, որ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունած, խոստովանած կամ դատապարտած լինի իր կառավարման ժամանակների որևէ ամենաաննշան սխալ, էլ չեմ ասում` հանցագործություն կամ ոճիր: Մինչդեռ առավել ցանկալի և ազնիվ կլիներ, որ իրենց ոչ թե սխալների, այլ հանցագործությունների մասին խոսեն, դրանք դատապարտեն և դրանցից հրապարակայնորեն ձերբազատվեն հենց իրենք` ներկայիս և նախկին ՀՀՇ-ական երևելիները: Անձամբ ես նրանց հին դարմանը նորից քամուն տալու ոչ մի ցանկություն չունեմ: Դա նախ և առաջ իրե°նց է պետք, մաքրվելու, բարոյական քավարանով անցնելու և նոր դեմքով հրապարակ իջնելու խնդիրն իրե°նց առաջ է կանգնած: Կանե՞ն` այս երկրում քաղաքական ապագա կունենան, չե՞ն անի` կմնան քաղաքական դիակ: Եվ այդ դիակը չի կենդանանա Լևոն Տեր-Պետրոսյանի «վերադարձի» մասին հրապարակ նետված ոչ մի առասպելով…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ