Ադրբեջանը սարսափում է հանրաքվեից
Անցած շաբաթ Արցախը նշեց իր անկախության 16-րդ տարելիցը: «Մենք արդեն 16 տարեկան ենք, և արդեն ժամանակն է Ղարաբաղի անկախ Հանրապետությանն անձնագիր տալու»,- ասում էին ԼՂՀ բարձրաստիճան այրերը: Ինքնին հասկանալի է, որ նրանք նկատի ունեին միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի դե յուրե ճանաչումը: Մոտ մեկ տարի է, ինչ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած գրեթե յուրաքանչ յուր այցի ժամանակ հայտարարում են, թե կարգավորման հիմնական սկզբունքների հարցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն համաձայնության են եկել: Միջնորդները հավաստիացնում են, որ մնում է միայն տեխնիկական ինչ-ինչ հարցեր ճշգրտել, և շուտով բանակցային գործընթացին կմիանա նաև Ղարաբաղը: Ի՞նչ տեխնիկական հարցերի մասին է խոսքը: Նկատենք` վերջին շրջանում և° միջնորդները, և° Հայաստանի արտգործնախարարը հաճախ են խոսում Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին: Հայաստանում և Արցախում մարդիկ տարակուսում են. Ղարաբաղում 16 տարի առաջ ժողովուրդը հանրաքվեով արտահայտել է իր կամքը` Լեռնային Ղարաբաղը հռչակելով անկախ հանրապետություն: Սակայն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան չի մոռացել նշել, որ իր երկիրը նույնպես հանրաքվեի ճանապարհով է անկախացել: Ասել է թե` ամերիկացի համանախագահը և միջազգային հանրությունն այսօր անչափ կարևորում են հանրաքվեն որպես առկա խնդիրների լուծման ժողովրդավարական ճանապարհ: 16 տարի առաջ, երբ ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, աշխարհը, թերևս, վերապահումներով, զգուշավորությամբ էր ընդունում ԽՍՀՄ նախկին հանրապետություններում ժողովրդավարության դրսևորումները, ըստ երևույթին սպասելով այդ երկրներում հետագա զարգացումներին: Իսկ դրանք անցած տարիների ընթացքում հաստատեցին, որ չճանաչված, բայց փաստացի գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով: Բացի այդ, աշխարհը շատ արագ է փոխվում. ավելի ու ավելի է կարևորվում ինքնորոշման իրավունքը: Պատահական չէ, որ Մինսկի խմբի համանախագահները նշում են` բանակցային սեղանին դրված առաջարկությունները ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման վրա են հիմնված: Ըստ էության, Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել հակամարտությունը կարգավորել Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու միջոցով: Սակայն դիրքորոշումները կտրուկ հակադրվում են հանրաքվեի մասնակիցների խնդրի շուրջ: Պատահական և ինքնանպատակ չէ, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջին իսկ օրվանից Ադրբեջանը շեփորահարում է ադրբեջանցի մեկ միլիոն փախստականների մասին` առաջին պլան մղելով նրանց վերադարձի հարցը: Հենց այստեղ է, որ կարգավորման բանակցային գործընթացի խոփը քարի է դեմ առնում: Ջանալով խույս տալ Ղարաբաղի բնակչության դեմոգրաֆիկ ներկա պատկերի պարագայում իր շահերից չբխող արդյունքից, Ադրբեջանը պահանջում է, որ հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ունենա նաև Ղարաբաղի երբեմնի` այսպես կոչված, ադրբեջանական համայնքը: Լավ, դրան էլ համաձայնվենք. թող մասնակցի գոյություն չունեցող այդ համայնքը, սակայն ինչպես իրականացնել նրանց վերադարձը Ղարաբաղ և ամենակարևորը` ի՞նչ թվակազմով: Հասկանալի է` այդ համայնքը անցած տարիների ընթացքում թվակազմով չէր կարող աճել: Ի դեպ, դիվանագիտական այս անապագա «տրյուկը» Ադրբեջանը, կարծես, սովորել է իր արյունակցից` Թուրքիայից: Սակայն պաշտոնական Բաքուն մոռանում կամ չի ուզում հաշվի առնել, որ նման աճպարարությունը հաջողություն չի բերել Անկարային: Խոսքը Կիպրոսի թուրքական և հունական հատվածների միավորման` բացասական արդյունքով հանրաքվեի մասին է: Թուրքական կողմը «այո» ասաց երկու Կիպրոսների միավորմանը: Սակայն հույները դեմ քվեարկեցին: Միավորման դեպքում թուրքերը մեծամասնություն կազմելով` կարող էին երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնել և բոլոր հարցերը լուծել սեփական շահերի օգտին: Այժմ պաշտոնական Բաքուն ջանում է ուռճացնել Ղարաբաղը լքած ադրբեջանցիների թիվը, որպեսզի հնարավոր հանրաքվեին նրանց մասնակցության շնորհիվ իր շահերին համապատասխանող արդյունք ապահովի: Այսինքն հանրաքվեով մերժի Ղարաբաղի անկախությունը: Սա, թերևս, հնարավոր է զուտ տեսականորեն, սակայն գործնականում… Ամեն դեպքում Ադրբեջանում գիտակցո՞ւմ են, որ հանրաքվեից խույս տալը շատ դժվար է, եթե ոչ` անհնար: Միջազգային հանրությունը դա է պահանջում, ինչը խուճապ է առաջացնում Ադրբեջանում: Թերևս այդ խուճապով կարելի է բացատրել Բաքվից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունները: Սակայն, այս հարցում միջազգային նորմերը որքան էլ բարենպաստ ու հուսադրող լինեն, այնուամենայնիվ, մի խնդրում մենք կաղում ենք` տանուլ տալով քարոզչական պատերազմում: Պարտվում ենք այն դեպքում, երբ ունենք հզոր Սփյուռք: Եվ մեղքը Սփյուռքի վրա բարդելը սխալ կլինի: Սփյուռքն արդյունավետ է գործում Ցեղասպանության միջազգայնորեն ընդունման, ճանաչման հարցում: Սակայն Ղարաբաղի քարոզչության խնդիրը, որը Հայ Դատի, Հայկական Հարցի մի մասն է, պատշաճ ուշադրության չի արժանանում: «Ինդեփենդեթ» օտարալեզու լրատվամիջոցներից մեկը օգոստոսի 28-ի համարում մի հոդված է տպագրել, որտեղ հայերը մեղադրվում են ադրբեջանցի գյուղացիների զանգվածային ջարդեր կազմակերպելու մեջ: Ինքնին հասկանալի է, որ հոդվածագիրը, որը Արևմուտքում ճանաչված և ընդունված լրագրող է, չի տիրապետում ղարաբաղյան խնդրին, այդ հակամարտության իրական պատկերին: Կամ էլ չի բացառվում, որ նրա հետ լավ են աշխատել ադրբեջանական լոբբիստները: Եվ առայժմ այդ չարաբաստիկ հոդվածին հակադրվող, ադրբեջանական սուտն ու սադրանքը ջրի երես հանող որևէ հրապարակում չի եղել արևմտյան մամուլում: Ինչևէ: Առաջիկայում սպասվում է համանախագահների հերթական այցը հակամարտության գոտի: Չի բացառվում, որ նրանք կփորձեն աշխուժացնել բանակցային գործընթացը և հանդես գալ նոր առաջարկներով, որոնք, հավանաբար, միտված կլինեն փախստականների վերադարձի թնջուկը լուծելուն, առանց որի Ադրբեջանը սարսափում է Արցախում հանրաքվե անցկացնելու մտքից…