Թեկնածուների երկիր Հայաստանս
Նորություն չէ, որ մեր հասարակության զգալի հատվածը հիասթափվում է կուսակցություններից: Ուստի Նախագահի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին դժվար կլինի միայն լավ կարգախոսով կամ ծրագրային դրույթներով հավատ ներշնչել հասարակությանը և շահել նրա վստահության քվեն: Քաղաքական դաշտում 70-ից ավելի կուսակցությունների առկայությունն արդեն իսկ բավարար պայման է միասնական թեկնածուի «վարկածը» բացառելու համար: ԱԺ ընտրությունների եզրագիծը շեմած և անհաջող վայրէջք կատարած ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ իրենց հավաքների ժամանակ շարունակում են «փնթփնթալ» հիասթափված ժողովրդից, բայց միաժամանակ Նախագահի առաջիկա ընտրություններում որպես «մերան», միասնական թեկնածուի փնտրտուքում դարձյալ յուրաքանչյուրն իմ «մատնիք-մարջանն» է առաջարկում: «Ամբիցիոզ» հիվանդությամբ վարակված ընդդիմադիր լիդերներն առայժմ համեստորեն լռում են և որպեսզի ծանր տեղը չթեթևացնեն, նրանց փոխարեն խոսում են հավատարիմ կուսակիցները: Եվ որքան շատ ես լսում նրանց, այնքան համոզվում ես, որ «կազմակերպված ընդդիմություն» բառակապակցությունը 2-3 ամիս հետո, որպես հնոտի, կմնա քաղաքական «լեքսիկոն» արխիվում: Համբերությամբ սպասենք ընդդիմության մեջ «խելակորույս» վերափոխումներին: