«Պառլամենտում հայտնվել են օղի թորողները»


ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն, անշուշտ, համոզված է, որ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար պատգամավորական մանդատը քիչ է: Բա էն տեսակ մարդը, որը «տարաբնույթ մակարդակներով կազմակերպված ճնշումներից հետո կարողացավ պահպանել 100 հազար ձայն», մի՞թե արժանի է ԱԺ-ում «օղի թորողների» հետ նստելու բախտին: - Այնպես որ, կուսակցությունը մարտունակ է: Մենք և° ասելիք ունենք, և° անելիք: «Ասելիքը» լսեցինք, բայց «անելիքը» չտեսանք: Մարզերի և գյուղերի բնակչությունն առ այսօր սպասում է Արթուր Բաղդասարյանի խոստացած ավանդների վերադարձին: Իսկ նա էժանագին օծանելիք և հեռուստացույցի պատվանդան է բաժանում իր ընտրողներին: Հետաքրքիր է, այսքանից հետո 100 հազարից որքա՞նը կմնա: Իր առաջնորդի իմիջով հիացող Հեղինե Բիշարյանի սուր հայացքից չեն վրիպում քաղաքական դաշտում ձևավորվող միավորումներն ու բևեռացումները: -Մենք տարբեր կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումներն օգտակար ենք համարում: Իհարկե, դեռ խոսք չի եղել միասնական թեկնածուի մասին: Բնականաբար, ՕԵԿ-ը նույնպես պետք է մասնակցի Նախագահի ընտրություններին, բայց ի°ր թեկնածուով: «Տեղական ֆեոդալների մոտեցումներին» քաջատեղյակ ՕԵԿ-ը, իրենից բացի, իշխանական թևից «ժողովրդի վստահությունը ներշնչող որևէ արտառոց քաղաքական գործչի» չի տեսնում: Ինքն է, որ կա: Քաղաքական երանգապնակի խամրած գույները ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ ներքաղաքական զարգացումներն ի հայտ չեն բերի նոր քաղաքական ուժ, ուստի, եղած քաղաքական ներկապնակից պետք է կատարվի ընտրությունը: Եվ որքան ցանկալի կլիներ, որ «նոր որակը նոր քաղաքական ուժով հանդես գար»: Իսկ դրա համար. - Կարծում եմ, որ հասարակությունը պետք է լինի պահանջկոտ, քան կար և է մինչ այսօր: Նույնիսկ լավագույն քաղաքական ուժը, որ կգա իշխանության, եթե չլինի ադեկվատ վերաբերմունք հասարակության կողմից, ժամանակի ընթացքում կվերածվի կամ կմոտենա այն իրավիճակին, որը կա այսօր: Տնտեսագետի համոզմամբ` հասարակական պահանջի բացակայության դեպքում նույնիսկ «բարի քեռին ի վիճակի չէ լուծել մեր հարցերը»: Թ. Մանասերյանը բացառում է միասնական թեկնածուի հավանականությունը. «Է, թող լինի առողջ և բազմաթեկնածու մրցակցություն, և մարդիկ կարողանան տեսնել այլընտրանք»: Սակայն մինչև «յոթը պորտը ծանոթ» քաղաքական գործիչների միջև այլընտրանքը ո՞րն է: Ընկերոջ հինն է լավ, թեկնածուի` նորը Հայաստանի քաղաքական դաշտը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանի աչքին խամ ու խոպան է թվում, «նույնիսկ չի կարելի պնդել, որ քաղաքական կյանք կա Հայաստանում»: Դեռ ավելին, նրա կարծիքով «ազգային խնդիրները նետվել են աղբանոց, իսկ քաղաքական գաղափարախոսություն ունեցող մարդիկ հայտնվել են փոշու մեջ»: Թշնամու ականջը` խուլ: Մայիսի 12-ի ընտրությունների առումով երբեմնի պատգամավորը պնդում է, թե այդ ընթացքում ձևավորված համակարգն իր հետ բերել է իր նախագահին: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, պարզվում է` նրա ուժերից վեր է ցնցել ստեղծված համակարգը: Իսկ «հարազատ» ընդդիմությունը, «դե, 1996-ից այս կողմ նա ե՞րբ է փոխվել»: Լավ, ողջ Հայաստանում մի կարգին թեկնածու չկա՞: Կա°: - Մի դեպք կարող է խառնել այս խաղաքարտերը, եթե այս շարքում հայտնվի նոր մարդ: Պարտադիր չէ, որ նա լինի լավ ճանաչված, թող կարողանա ժողովրդի հետ լեզու գտնել: Դա կլինի միայն հուզական հողի վրա, ո°չ քաղաքական: Մեր ժողովուրդը դեռ երկար ժամանակ պատրաստ չի լինի լուրջ համակարգային փոփոխություններ կատարելու: Քանի որ այդ «նորին» ինքն էլ չգիտի, մնում է հիշեցնել, որ հույզերով երկիր չի կառավարվի: Համեցե°ք կամ մի կողմ քաշվե°ք ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի հուզական աշխարհն ալեկոծվում է` «պեսիմիզմով» տառապող մարդկանց հանդիպելիս: Այդպիսիներին նա խնդրում է «ուղղակի քաշվել մի կողմ և չզբաղվել քաղաքականությամբ»: - Մտել ես քաղաքականություն, պետք է ակտիվ լինես, եթե անգամ քո մեջ կա հոռետեսություն: Ես լավատես եմ, վստահ եմ, որ առանց ցնցման Հայաստանը կգնա փոփոխության, որովհետև կա° դրա անհրաժեշտությունը: Որքան հիշում եմ, դրա անհրաժեշտությունը կար նաև 88-ին և հետո, սակայն «համակարգային փոփոխությունները» ժողովրդին ստիպեցին մոմի ճրագով թակել հարևանի դուռը` հացի կտրոնը գրավ դնելու կամ պարտքով մի երկու կոպեկ ուզելու: Իսկ իշխանության համը տեսած «անոթիները» ալան-թալանը հասցրին պետական մակարդակի` ամրացնելով օրինավոր զբաղմունք համարվող հանցագործության հիմքերը: Եվ դեռ ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը հայտարարում է, թե Հայաստանը դարձել է ԱՊՀ գողերի հավաքատեղի և վկայակոչում Գյումրիում տիրող իրավիճակը: Տեսեք, թե ձեր ցանած սերմերը ինչ ծիլեր տվեցին: Իսկ այսօր հասարակության անունից ուզում եք «երկիրն ազատել ղարաբաղյան կլանից», որին ոսկե սկուտեղի վրա հանձնեցիք թալանված երկիր Հայաստանս: Եվ այսքանից հետո Հայաստանը համարում եք տարածաշրջանի ամենաթույլ երկիրը: Կարծես դա ձեզ ուրախություն է պատճառում, և դեռ հույս ունեք, որ ժողովուրդը դարձյալ կվստահի՞ ձեզ: Դուք արեցիք այն ամենը, ինչ կարող էիք, ճիշտն ու լավը թող անեն նրանք, ովքեր կարող են:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ