«ՉԱՓԱՐՆԵՐԸ» ՀԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ քաղաքական տեսադաշտում, պահպանելով, իհարկե, դրական համբավը: Սակայն, ի սկզբանե այս անհատը այդպես էլ չդարձավ առաջին դեմք, ոչ միայն երկրի ղեկավարի պատասխանատու աթոռը զբաղեցնելու, այլև սեփական գաղափարների շուրջ լայն զանգվածներ համախմբելու առումով: Թեև 1996-ին ՀՀ նախագահի ընտրություններում նրա հաղթանակը հավատընծա էր, սակայն խոստումները մնացին անընկալելի: Տխրահռչակ այդ ընտրություններից հետո ամբոխի միջոցով ԱԺ-ի շենքը «վրաերթի» ենթարկելու Վազգեն Մանուկյանի փորձը ոչ միայն չբարձրացրեց զանգվածներին համախմբելու վարկանիշը, այն ավելի խորացրեց տարակուսանքը: Այսօր էլ շատերին հետաքրքրում է անպատասխան մնացած հարցը, որտե՞ղ էր ցուցարարների այն առաջնորդը, որի բացակայության պատճառով հենց իրենց ձայներին տեր կանգնելու ելած ստվար բազմությունը վերածվեց ամբոխի: Պատշաճը պետք է մատուցել քաղաքական գործչին, ով շարունակում է մնալ քաղաքական կիզակետում և հաճախ ուրիշներից շահեկանորեն տարբերվող իր տեսակետերը պարբերաբար ներկայացնում հանրությանը: ՀՀ 3-րդ նախագահի ընտրությունների նախաշեմին Վազգեն Մանուկյանը դարձյալ չի հրաժարվում ընտրություններին մասնակցելու «խասյաթից» և ներկայաց նում է հերթական ծամծմված դրույթներից ու ծրագրերից տարբերվող իր տարբերակը: Սպասվելիք թեժ պայքարում Վազգեն Մանուկյանը կարևորում է ոչ այնքան անձերի, որքան 1994-ից Հայաստանում ձևավորված համակարգային մոդելի արմատական փոփոխությունը: - Ցանկացած մոդել, ցանկացած համակարգ զարգացման էլեմենտներ ունի, մեզ մոտ` նույնպես: Բայց ի՞նչն է վատը: Նախ` դա արդյունավետ չէ, և մենք աշխարհից ետ ենք մնում, երկրորդ` ուղղված չէ իր քաղաքացիների կարիքները բավարարելու: Հայաստանում մարդիկ ստանում են աֆրիկյան աշխատավարձ և եվրոպական գներով սնունդ… Հասարակությանը երբեմն ճիշտ չի բացատրվում, թե իր դժգոհության արմատը ո՞րն է: Հիշո՞ւմ եք, 2003-ին համոզում էին, թե պրոբլեմն այն է, որ ղարաբաղցիները եկել են, տիրացել իշխանությանը: Բայց այդպիսի մոդելի մեջ մի օր կլինեն սփյուռքահայերը, մի օր` լենինականցիները, մի օր` արարատցիները, այսինքն մարդկանց ուղղվածությունը գնում է ոչ թե համակարգը փոխելուն: Այսօր, եթե նրանց ճիշտ ուղղություն, ճիշտ մոդել տրվի, ինձ թվում է, դա հնարավոր կլինի, կան նախադրյալներ: Անգամ հին մոդել ունեցող Նախագահը կարող է փոփոխություններ մտցնել: Իհարկե, հասարակությանը ճիշտ չի բացատրվում, և հին մոդելներում փոփոխություններ մտցնել կարող է ցանկացած նախագահ: Սակայն սեփական փորձը թույլ տալի՞ս է Վազգեն Մանուկյանին վստահ լինել, որ ժողովուրդն իսկապես կարող է 88-ի ոգով համախմբվել: Չէ՞ որ հենց իր թիմը սպանեց այդ հավատը, բացի այդ, նույն ժողովրդի հետ պետք է աշխատել ամեն օր, այսինքն ծրագրեր և մոդելներ ներկայացնել հարկավոր է հասարակությանը, այլ ոչ սոսկ ընտրազանգվածին: Անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչները ստանձնեն հասարակական կարծիք ձևավորելու առաքելություն, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն նախընտրական տեսակետներով խառնաշփոթ ստեղծել մարդկանց շրջանում: Վազգեն Մանուկյանը, իրատեսորեն բացառելով միասնական թեկնածուի հնարավորությունը, արդեն իսկ հայտարարում է, որ ինքը մասնակցելու է ՀՀ նախագահի ընտրություններին միայնակ և իր ձևաչափով, իսկ ամենուր քննարկման թեմա դարձած իր նախկին զինակից Լևոն Տեր-Պերտրոսյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ արտահայտվելիս լեզվի տակ ոսկոր չի զգում: Նա սեփական հակակրանքը փորձում է հիմնավորել ոչ թե անձնական, այլ քաղաքական դրդապատճառներով: - Ես համոզված եմ, որ նա իր թեկնածությունը չի դնի: Բայց իր կողմնակիցները խոսում են, որ այդ ընտրյալ խավի մի մասը նոր տեր է ուզում տեսնել և նա կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանը: Դա կեղծ մտածողության ձև է, իսկ եթե նույնիսկ ճիշտ լիներ, հետո ի՞նչ: Սա ուղղված չէ Լևոն Տեր-Պետրոսյանին, ուղղակի կողքին կան մարդիկ, ովքեր ոչ այնքան սկզբունքների, որքան նույն անունը մլավելով գնում են առաջ… Մեզ մոտ (Վ. Մանուկյան-Լ. Տեր-Պետրոսան-Ա. Ն.) էմոցիոնալ հարաբերություններ եղել են 1991-ին, երբ ես դուրս եմ եկել վարչապետությունից, բայց դրանից հետո այդպիսի էմոցիաներ չեն եղել, և ես բացարձակապես թույն չունեմ նրա նկատմամբ: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հաց կիսած ԱԺՄ առաջնորդը կարծես ջղաձգվում է նրա անունը լսելիս: - Բայց եկեք մի հատ ճիշտ նայենք, ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը, Դուք գիտե՞ք: Ես մինչև 1998 թվականը ճանաչում էի մի հատ Լևոն Տեր-Պետրոսյան, որը պետության նախագահ էր, որի հետ մենք քաղաքական պայքարի մեջ էինք հանուն ինչ-որ գաղափարական սկզբունքների: Արդեն 10 տարի է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը չկա, նոր Լևոն Տեր-Պետրոսյան չկա, ո՞ւմ մասին եք խոսում: Վազգեն Մանուկյանը Նախագահի ընտրություններում բացառում է նաև արտաքին գործոնի ազդեցությունը, որովհետեւ «կարծես մոդա է դարձել, ու բոլորը սկսում են ասել, թե իրենք շատ մեծ կապեր ունեն, և Բուշի հետ Պուտինի տատիկի բաղում ցոգոլ էին քաղում: Դրանք տարածված խոսակցություններ են, բայց հարց չեն լուծում»: Այնուհանդերձ, ԱԺՄ նախագահը կարծես կիսաբաց մի «պատուհան» է թողնում` հետագայում այս ընտրություններին միայնակ մասնակցելու իր այսօրվա վճռականությունից ետդարձն արդարացնելու. - Մենք գիտենք, որ կան քաղաքական գործիչներ և կուսակցություններ, որոնք նույն ճանապարհով են ուզում գնալ, ինչ որ մենք: Կկարողանա՞նք լեզու գտնել իրար հետ, մեր ջանքերը համատեղել, կստացվի՞, լավ, չի՞ ստացվի, ի՞նչ արած: Վազգեն Մանուկյանը միանգամայն վստահ է, որ իր թեկնածության շուրջ կմիավորվեն «չափարից այս կողմ գտնվողները», իսկ մյուս կողմում գտնվողները, բնականաբար, կմիավորվեն իրար հետ: - Այ, եթե ես նախագահ դառնամ, այդ չափարները հանելու եմ: