Յոթ հոգով նույն մեխն ենք մեխելու
(զրույց` առանց խմբագրական միջամտության) «Ժառանգություն» կուսակցության օրակարգում կա՞ Րաֆֆի Հովհաննիսյանին իբրև Նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Կուսակցության ղեկավարը չմասնակցեց Պարույր Հայրիկյանի հրավիրած ընդդիմադիրների այսպես կոչված սրճարանային հանդիպումներին` սկզբունքորեն դե՞մ լինելով միացյալ թեկնածուի փնտրտուքին... «Ավանգարդի» այս հարցերին խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չկամեցավ պատասխանել. միայն առաջին հարցի առնչությամբ ասաց` - Դա կորոշվի մեր համագումարում` հոկտեմբերի վերջ- նոյեմբերի սկիզբ: Երկրորդ հարցին ես իրավասու չեմ պատասխանելու: - Խմբակցության անդամների պահվածքը Խորհրդարանում, Ձեր և նրանց մի մասի ելույթները ամառային արտահերթ նստաշրջանում որակվեցին իբրև պոպուլիզմ: Ի՞նչ կասեիք այս առնչությամբ: - Ազգային ժողովն իր ամբիոնով, իր խոսելու հնարավորություններով ցանկացած պատգամավորի հնարավորություն է ընձեռում իր պատգամը բերել: Պատգամավորը պետք է բարձրացնի հարցեր, պետք է բարձրաձայնի Կառավարությանը` էս ի՞նչ եք անում, էս ո՞ւր եք գնո¯ւմ: Այս վարքագիծը բնականաբար դուր չի գալիս ոչ Կառավարությանը, ոչ Ազգային ժողովի մեծամասնությանը, ոչ իշխանություններին: Դուր չեն գալու շատ պարզ պատճառով. մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք այսօր հուզում են ժողովրդին, օրենքների մեջ գտնում ենք նյուանսներ, որոնք ի վնաս մեր ժողովրդի բարեկեցության են: Եվ այդ հարցերը բարձրացնում ենք բոլորս: Ասում ենք յոթս էլ: Նույն կետին խփում ենք յոթով: Մեխը տեսեք` ինչ ամուր ենք մեխում: Արդյունքում չի անցնում «Ազատություն» ռադիոկայանի մասին օրենքը: Սակայն ընդունվում է պարզեցված հարկի մասին օրենքը: Յոթս էլ ամեն ձևով ասեցինք, որ այդ օրենքը վնաս է ժողովրդին, որ խոչընդոտում է նրան մի կտոր հաց վաստակելու: Այսօր իմ ձեռքի տակ բազմաթիվ ստորագրություններով մի դիմում կա, որտեղ ասվում է. «Խնդրում ենք օգնեք, որովհետև այդ օրենքի արդյունքում այսօր մենք մի կտոր հացից ենք զրկվելու»: Բնականաբար, այդ տեսակ վարքագիծն ասում են պոպուլիստական է, ուզում եք դուր գալ ժողովրդին: Անշուշտ, ուզում ենք դուր գալ ժողովրդին, որ վաղը, մյուս օրը մեզ էլի ձայն տան: Իսկ ե՞րբ դուր կգանք ժողովրդին: Երբ որ իրեն հուզող, ցավեցնող հարցերը մեզ հասցնի և մեր միջոցով ԱԺ-ում բարձրացնի: Հիմա այդ մարդկանց առաջարկը մենք հասցնելու ենք տեղ, և դա պոպուլիստական է համարվում: Մենք ընդամենը հուլիսից ենք պատգամավոր և տեսեք` քանի նամակ ենք գրել և քանիսն ստացել: Քանի հարց ենք կանխել և լուծել: Օրինակ, Արմավիրի մարզպետի դպրոցական համազգեստի վերաբերյալ որոշումը: Թիվ 15 ընտրատարածքի ընտրությունների ժամանակ ձեռք առանք համապատասխան միջոցներ և ի վերջո ստացանք Արմավիրի մարզպետի պատասխանը: Արդյունքում այդ պարտադրանքը վերացավ: Դա օգնել չի՞ ժողովրդին: Էլ ի՞նչ պետք է անի պատգամավորը դրանից ավել, չհաշված օրինաստեղծ աշխատանքը: