2006-ի բյուջեն` անցյալ-կատարյալ
Հիմա` բյուջեի 2006 թ. կատարողականի մասին: Դուք այնտեղ էիք, և քանի՞ մարդ էր հարց տալիս: Ովքե՞ր էին այդ հարց տվողները, ո՞ր խմբակցությունից: Իբրև քաղաքացի դա համարո՞ւմ եք պոպուլիստական: Տիկին Լարիսան հարց բարձրացրեց. «ՀՆԱ-ի տոկոսը 0,4 տոկոսով ավել եք գրել, որտեղի՞ց եք գրել»: Հետո պատասխանեցին, որ իրոք սխալ է տեղի ունեցել, ինչ լավ է, որ չտարածվեց: Սա պոպուլիստակա՞ն է: Թող հասարակությունն իմանա, որ Կառավարությունը ՀՆԱ-ի տոկոսը սխալ է ներկայացրել, և դա բացահայտել է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Կամ հենց այդ օրը Ջանջուղազյանին ուղղված իմ հարցերից մեկը վերաբերվում էր` բյուջեի միջոցներով մանկատների խնամակալություն չունեցող 56 շահառուների բնակարան, կահույք, սառնարան և այլնի տրամադրմանը: Մյուս էջում գրված է, որ այդ ծրագիրը ընդհանրապես չի կատարվել, մի երրորդ էջում գրված է, որ 87 շահառուի բնակարան է տրվել: Ինքը` Ջանջուղազյանը զարմացավ, բայց հաջորդ օրն ընդունեց, որ իսկապես սխալ է տեղի ունեցել: Դե, հիմա սա պոպուլի՞զմ է, թե՞… Դուք որոշեք, թող հասարակությունը որոշի, երբ որ մենք իր աչքերը բացում ենք և ասում, որ այսպիսին է այս բյուջեն: Դեռ մենք այսքանն ենք նկատել, իրենք ավելի լավ գիտեն, թե այդ փողերն ո՞ւր են գնացել: Երբ Վիկտոր Դալլաքյանը օրինագիծ է ներկայացնում և նշում, թե ինչպես օգնել երիտասարդ ընտանիքներին, Կառավարությունը պատասխանում է, թե փող չկա: Ոչ, ես չեմ հավատում, որ գումար չկա: Դրանք ուղղակի քաղաքացու բարեկեցությանը չեն ծառայում: Սա պոպուլի՞զմ է: Պոպուլիզմ կարելի՞ է համարել, որ մեր կուսակցությունը միակն է, որ մասնակցում է Կառավարության նիստերին և այսպիսի ինֆորմացիա է ստանում: Կառավարությունը 7,7 միլիոն գումար է տրամադրում` որ Էմիրաթներում հայկական դեսպանատուն կառուցելու համար հայկական քար տանեն: Հիմա, այս լարված վիճակի մեջ այդ քարը շա՞տ անհրաժեշտ էր: Չէ՞ որ այդ գումարը կարելի էր նպատակային օգտագործել: Այս մասին խոսելը պոպուլի՞զմ է, թե՞ չէ…