1. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ


(Լրագրողի մտորումներ) Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք Այս կարգախոսի հեղինակը ես չեմ, Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, հանրահայտ բարերար և ազգային գործիչ Արա Աբրահամյանն է: 2007-ի ամռանը Երևանում հենց իր նախաձեռնությամբ ու մասնակցությամբ նույն թեմայով համահայկական երիտասարդական համաժողով էր կազմակերպվել, որին մասնակցում էին 25 երկրներից ժամանած 250 պատանի ու աղջիկ: Հենց այդ համաժողովի օրերին էլ իմ մեջ հասունացավ ընթերցողի ուշադրությանը հրամցվող այս հոդվածաշարը գրելու գաղափարը: Նպատակս մեն մի հարցի պատասխանելն է` իսկ մենք կարո՞ղ ենք…միասին լինել: Այո, անվերապահ ճշմարտություն է, որ մենք իսկապես ուժեղ ենք, երբ միասին ենք: Սա ապացուցվել է մեր ժողովրդի հազարամյա մաքառումների փորձով, որի պսակը հանդիսացավ Արցախյան հերոսական ու հաղթական պատերազմը: Դա ոչ միայն Արցախի մեր քույր-եղբայրների, այլև համայն հայության սրբազան ազատագրական ու ինքնապաշտպանական պատերազմն էր հին, նենգ, ոխերիմ թշնամու դեմ: Եվ մենք միասնաբար, արցախահայությանն աշխարհի բոլոր ծագերից, Հայաստանից ու Սփյուռքից օգնության շտապած կամավորների ուժերով, ջարդեցինք նրա արյունարբու մռութը: Ո՞րն էր այդ հրաշքի ակունքը, այն հիմքը, որ մեզ, Հայրենիքում և Սփյուռքի գաղթօջախներում ապրող միլիոնավոր հայորդիներիս, այդպես համախմբեց, դարձրեց…ուժեղ: Չէ՞ որ մենք, զուտ իբրև մարդ, միանգամայն տարբեր էինք և ենք` տարբեր քաղաքակրթությունների, աշխարհագրական միջավայրերի, այլևայլ ազդեցությունների կրողներ: Էլ չխոսելով դասային ու դասակարգային տարբերությունների, սոցիալական սանդուղքի տարբեր մակարդակներում գտնվելու հանգամանքի մասին: Մի՞թե այն, որ մենք բոլորս ծնունդով հայ ենք, հետևաբար` միևնույն ժողովրդի զավակները, անկախ մեր բնակության վայրից, բավարար պայման է, որ մեկս մյուսին վերաբերվենք իբրև…հարազատի: Եվ փութանք օգնության` չխնայելով անգամ մեր մարդկային արյունը: Ոչ, դա բավարար պայման չէ: Նույնիսկ կենցաղային մակարդակում չափազանց շատ են արյունակից հարազատների անհաշտության, անգամ թշնամանքի օրինակները, ուր մնաց, թե այդպիսի դրսևորումներ չլինեն համաժողովրդական կամ հասարակական մակարդակում: Ծերուկ Մարքսն ամենևին էլ հիմար չէր, երբ դեռ 1848-ին Էնգելսի հետ գրած իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» մատնանշում էր, թե «մինչև այժմ եղած մարդկային հասարակության պատմությունը դասակարգային պայքարի պատմություն է»: Մեծագույն անմտություն կլիներ դասակարգային պայքարն անտեսելը: Այն կար Մարքսից հազարավոր տարիներ առաջ, կար Մարքսի ժամանակ, կա հիմա, և դեռ երկար է լինելու: Ոչ մի ժողովուրդ, այդ թվում մենք, բացառություն լինել չենք կարող: Դասակարգային պայքարը գալիս է հասարակական կյանքի անարդարությունների հանդեպ մարդու ներքին բնական ընդվզումից: Իսկ ամենամեծ անարդարությունն այն է, երբ մի դասակարգի ներկայացուցիչները մյուսներից ուղղակի խլում են բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու հնարավորություններն ու միջոցները: Մեզանում նույնպես այդ անարդարությունը կար ու կա` մեր մեծահարուստների խավը, իր բոլոր միջազգային եղբայրների նման, իր նախնական կապիտալը, բոլորիս աչքի առաջ, կուտակել է քրեական ճանապարհով` ժողովրդի արյուն-քրտինքով ստեղծված ազգային հարստությունները հափռելու, ազգակից հարյուր-հազարավորներին բառացիորեն կողոպտելու և ընչազրկության ու տառապանքի դատապարտելու միջոցով: Այդ անարդարությունների ականատեսը դարձանք նույն Արցախյան հերոսամարտի տարիներին: Տեսանք, թե ինչպես մեր կյանքի տզրուկները ծծում էին ժողովրդի հյութերը, երբ այդ նույն ժողովրդի հազարավոր որդիները կռվում էին թշնամու դեմ: Ոչ միայն կռվում էին, այլև` նահատակվում: Ես չգիտեմ` Եռաբլուրի բարձունքին ննջող Անմահների մեջ կա՞ն այն ժամանակվա իշխանավորների, մեծահարուստների…չեմ ասում` զավակները, գոնե…հեռավո¯ր հարազատները: Եվ եթե կան, ապա քանի՞ տոկոս են կազմում զոհվածների ընդհանուր թվի մեջ: Առանց որևէ վիճակագրության էլ կարելի է վստահաբար ասել` նահատակվածները հիմնականում ժողովրդի ընչազուրկ մասի զավակներն էին: Ուրեմն ի՞նչ: Մարքսն, այո, հիմար չէր, բայց նա ակնհայտորեն սխալվում էր` բացարձակացնելով դասակարգային պայքարը, միայն դա համարելով պատմության շարժիչ ուժը: Այլապես զրկվածների զավակները իրենց կյանքը չէին տա հանուն այն բանի, որ հարուստները ոչ միայն պատերազմի տարիներին, այլև դրանից հետո լիուլի վայելեն կյանքի քաղցրությունը` կողոպտվածներին ու խաբվածներին «մեծահոգաբա¯ր» թողնելով դառնության մրուրը… Ասել է` կա ինչ-որ ավելի մեծ բան, քան…դասակարգային պայքարն է կամ դասակարգային ատելությունը: Մի ինչ-որ զարմանալի ու զորեղ բան, որ հարկադրում է միևնույն ժողովրդի սոցիալական սանդուղքի տարբեր աստիճանների վրա գտնվողներին` հանդուրժել մեկը մյուսի գոյությունը, տանել մեկի անիրավությունն ու շահատակությունները հանուն այդ մեծ բանի կամ գաղափարի: Ըստ իս` դա Հայրենիքի, որպես բարձրագույն սրբության, գաղափարն է: Հայրենիքը բոլորինն է` հավասարապես: Թե° հարուստինը, թե° աղքատինը: Թե° շահագործողինը, թե° շահագործ վողինը: Թե° այս հողի վրա բնակվողինը, թե° այստեղից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվողինը: Հայրենիքը չեն ընտրում, այն յուրաքանչյուր նոր մարդու, նոր սերնդի բաժին է հասնում իր ծննդյան օրից, ի վերուստ, ճակատագրո°վ: Հայրենիքը արյան մորմոք է ու սրտի հիշողություն, ոգու կարոտ ու տենչ, որ հոգու միլիոնավոր անտես ու աննյութեղեն թելերով իրեն է կապում իր զավակին: Հայրենիքը կարելի է խլել մարդուց, բայց անկարելի է ստիպել, որ…մոռանա: Բանաստեղծ Վահագն Դավթյանն այսպիսի իմաստուն, ուղղակի մարգարեական տողեր ունի` «Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց, Սակայն ոչ մի օր, Եվ ոչ մի վայրկյան Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից»: Քոչվոր, անհայրենիք ժողովուրդները, ուրիշի հողի վրա իրենց պետականությունն ստեղծողները չեն կարող ունենալ Հայրենիքի այդքան սուր զգացողություն, որքան ունենք մենք` հայերս: Ռուս բոլշևիկների ամենամեծ ոճրագործությունն, ըստ իս, այն էր, որ պնդում էին, թե «պրոլետարիատը հայրենիք չունի»: Այս կերպ նրանք դասակարգային ատելությունը դարձրին տասնյակ-միլիոնավոր հեղափոխականացած զանգվածների կենսակերպը, նրանց մղեցին սեփական հայրենիքի դեմ անհուն չարիքներ գործելու կործանարար հունը: Հենց միայն 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջմանը հաջորդած Քաղաքացիական պատերազմի բոցերի մեջ ոչնչացավ Ռուսաստանի երիտասարդության ծաղիկը` պատմաբանների հաշվումներով 18 միլիոն մարդ: Կարո՞ղ է լինել սեփական ժողովրդի կենսաբանական պոտենցիալի նվազեցման ավելի մեծ ոճիր, քան այդ էր: Հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության մեջ, բարեբախտաբար, դեռ չի արձանագրվել նման խելահեղություն: Հավանաբար, օգնել է ժողովրդի ինքնապահպանման բնազդը, այն գիտակցությունը, որ ինչքան էլ հասարակական կյանքն իր անարդարություններով հիշեցնում է «մարդը մարդուն գայլ է» սկզբունքը, այնուամենայնիվ, մենք չենք կարող վեր կանգնել արյան կանչից և չհասկանալ, որ ամեն կարգի գայլերը, որոնք նաև մեր իրականության մեջ միշտ եղել են ու հիմա էլ կան, ինչ էլ լինի` մեր…արյունակի¯ցն են: Բացի այդ, հայ հասարակական վերնախավը դարերով տվել է հայրենիքին նվիրվածության, հանուն մայր հողի նահատակվելու պատրաստակամության փայլուն օրինակներ: Ո՞վ էր Վարդան Մամիկոնյանը իր կենդանության տարիներին: Ավատատեր, շահագործո°ղ: Ո՞վ էր Դավիթ բեկը: Նույնպես…շահագործող: Քանի¯-քանի այդպիսի շահագործողներ սերնդեսերունդ իրենց արյունը հեղեցին` այս հող-հայրենին հա°յ պահելու, հայկակա°ն պահելու համար: Նրանք դրանո°վ սրբացան, դրանո°վ անմահացան: Դարձան հաջորդների համար բարի օրինակ: (Շարունակելի)