ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


ԳԼՈՒԽ 1 Կիև, 2015թ. Կիևյան լայն պողոտաներից մեկով մեծ արագությամբ արծաթագույն «BMW -Z4» էր սլանում: Ղեկին նստած էր երիտասարդ կին, մոխրագույն փարթամ մազերը փռված էին ուսերին: Սև, խոշոր աչքերը լի էին զայրույթով ու արցունքներով: Շարունակելով մեքենան վարել` վերցրեց բջջայինը ու աչքը չկտրելով ճանապարհից` զանգահարեց: Հեռախոսից լսվեց կանացի ձայն. - Լենա՞… - Մայրի՞կ, ես Անդրեյի հետ նորից վիճեցի, պատկերացնու՞մ ես, այդ այլանդակը ինձ դուրս վռնդեց… - Լենա°, որտե՞ղ ես…, -տագնապած հարցրեց մայրը: - Մեքենայում, տուն եմ գալիս… - Աղջի°կս, զգու°յշ վարիր, տանը ամեն ինչի մասին կզրուցենք, դու.. - Մա°մ, վերջացրու°, դու երբեք չես փոխվի, չես կարողանում հասկանալ, որ արդեն վաղուց մեծացել եմ,-ջղային պատասխանեց Լենան ու բջջայինը զայրույթով նետեց կողքի նստատեղին: Բջջայինը գլորվեց ու ցած ընկավ: Լենան մի հայացք նետեց բջջայինի վրա, դիմացից լսվեց ավտոմեքենայի բարձր ազդանշանը, Լենան ակնթարթորեն հայացքը ճանապարհին նետեց ու ղեկը կտրուկ ձախ թեքեց` խուսափելով բախումից, հետո` կտրուկ աջ, որ խուսափի նոր բախումից: Լսվեց հետևից եկող ավտոմեքենայի արգելակման ճռինչը: Վերջապես մեքենան հասավ մայթեզրին ու արգելակեց: Լենան խորը արտաշնչեց ու հեծկլտաց, հետո թևքով սրբեց արցունքները, երկու ձեռքով ամուր բռնելով ղեկը` գլուխը հակեց ղեկին ու մրմնջաց. - Ես հանգիստ եմ, ես միանգամայն հանգիստ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է… Մի քանի վայրկյան լռելուց հետո խորը շունչ քաշեց, հատակից բարձրացրեց բջջայինը, գործի գցեց մեքենայի շարժիչը ու առաջ սլացավ: Մեքենան կանգ առավ մի էլիտար շենքի առջև: Լենան, դուրս գալով մեքենայից, շքամուտքից ներս մտավ: - Բարև° Ձեզ, Ելե°նա Իգորովնա,- գլուխ տալով` հարգալից բարևեց դռնապանը: - Բարև°, Ֆյո°դր,-անտարբեր պատասխանեց Ելենան ու վեր բարձրացավ: Արագընթաց վերելակը արագորեն նրան հասցրեց անհրաժեշտ հարկը: Լենան, վերելակից դուրս գալով, բնակարան մտավ: Անցնելով հարուստ ու ճոխ կահավորված նախասրահով` բարձրացավ աստիճաններով երկրորդ հարկ, ուր ննջասենյակներն էին և քայլերը ուղղեց դեպի մոր հարկաբաժինը: Դուռը կիսաբաց էր, ներսից լսեց հոր բարկացած ձայնը, կանգ առավ, խորը շունչ քաշեց ու արդեն ուզում էր ներս մտնել, երբ լսեց. - Ճիշտ են ասում` ինչքան ուզում ես կերակրիր գայլին, միևնույն է` անտառ է վազելու… (Շարունակելի)