ՅՈԹ ՕՐ ՇԵՔՍՊԻՐԻ ՀԵՏ
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնի «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացմամբ (պիեսը` Կ. Խոդիկյանի, բեմ.` Հ. Ղազանչյանի) Եպհթ մեծ բեմում այս երեկո կմեկնարկի Մենաներկայացումների շեքսպիրյան միջազգային թատերական «Արմմոնո» հինգերորդ` հոբելյանական փառատոնը: Ինքնատիպ կատարողական արվեստով «Տրակտատ»-ը նորովի իմաստավորած վրացական թատրոնի ճանաչված վարպետներ Նինո Կասրաձեից, Դավիթ Դարչիայից և Մալխաս Քվրիվիշվիլուց շեքսպիրյան թատերական մարաթոնի էստաֆետը կընդունի Իշխան Ղարիբյանը («…իսկ Պոլոնիո՞ւսը»): ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ` մայրաքաղաքի թատերասեր հասարակայնությանը լայն հնարավորություն է ընձեռվում յոթ օր անընդմեջ վերստին ըմբոշխնելու Մեծ բրիտանացու խորախորհուրդ թատերական աշխարհի անանցանելի գրավչությունը երկու տասնյակ տարալեզու և տարաոճ ներկայացումների համապատկերում: Միաժամանակ` որոշակի պատկերացում կազմել համաշխարհային թատերաբեմում ձևավորված գեղագիտական միտումների մասին: Ավստրալիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իրանից ժամանած մասնակիցների աշխատանք ներում խոստումնալից ուշագրավությամբ առանձնանում է Սիրանույշի 150-ամյակին ձոնված «…Լինել…» ներկայացումը Լարիսա Կադիրովայի բեմավորմամբ: Կոմերիցիոն նպատակներ չհետապնդող «Արմմոնո»-ի հոբելյանը իրենց ներկայությամբ կպատվեն աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, Մենաթատրոնի միջազգային ֆորումի նախագահ Վալերի Խազանովը, միջազգային հայտնի փառատոների տնօրեններ Վեցլավ Գերասը, Իոլանտա Զուտովիչը, Նինա Մազուրը, Լարիսա Կադիրովան: Հայաստանից փառատոնին մասնակցելու հայտ են ներկայաց րել արտիստներ Ժենյա Ներսիսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Մարիամ Ղազանչյանը, Ջուլիետ Ստեփանյանը, Դավիթ Հովսեփյանը, Ալլա Սահակյանը: Իր տեսակի մեջ եզակի է Հրանտ Խաչիկյանի «Համլետ» մենաօպերան: Դանիացի արքայազնի հանրահայտ ողբերգության թեմայով արված չորրորդ «Համլետ»-ով սեպտեմբերի 18-ին կավարտվեն շեքսպիրյան օրերը. ի՞նչ նոր տպավորություններով կխանդավառեն դրանք թատերասերներին… ՆՈՐՕՐՅԱ ՄԻ ԱՍՔ... «Դպրոցը որպես խաղաղության գործիք» իտալական ազգային ասոցիացիայի Միքելե Կոսուի անվան «Երիտասարդ պոեզիա» XXXVI ամենամյա մրցույթին ներկայացված վաղամեռիկ բանաստեղծ Դավիթ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի Մարիո Կոսուի ժանդակությամբ տպագրվեց «Տասնութ գարուն» խորագիրը կրող առանձին գրքով և այս տարի արժանացավ մրցանակի: Հետմահու յուրատիպ խաչվեցին կյանքից անժամանակ հեռացած իտալացի և հայ երիտասարդների` մարդկային հիշողության ծալքերում ամրագրվող հոգևոր գոյերը: Միքելեն և Դավիթը` երկու անավարտ էլեգիա: Բանաստեղծելու ձիրքով օժտված երկու նահատակ, որոնց ստեղծագործության չգրված էջերը պետք է որ հագենային արտահայտչամիջոցների` կատարելության ձգտող հասուն իմաստությամբ: Գրական առաջին թոթովանքներում արդեն ի հայտ էին եկել հուսադրող նախանշանները: Մինչդեռ... Միքելեն 21 տարեկանում զոհ գնաց ավտովթարին` թողնելով ունայնության թախիծով առլեցուն 19 բանաստեղծություն, որոնք վշտակիր հոր` հանրահայտ բժիշկ Մարիո Կոսուի կողմից 1988-ին ամփոփվեցին մի գրքում: Մարդասեր ծնողը, որդու հիշատակը հավերժացնող անձեռակերտ կոթող հղացավ` սահմանեց նրա անունը կրող գրական ամենամյա մրցանակ` 17-22 տարեկան ստեղծագործողներին խանդավառելու, հետագա ուղին լուսավորելու միտումով: Թող աշխարհում երբևէ անկատար չմնա որևէ մարդացնող երազանք… Նույն 88-ին հոգևոր ու ֆիզիկական ուժգին ցնցումներ ապրեց Հայոց աշխարհը: Հանկարծահաս ավերածությունների մահասարսուռ մուժով պատվեցին մարդաշատ բնակավայրերը` փլատակներում կենդանի թաղելով ծեր ու մանուկ, այր ու կին… Հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը` բարեգութ Մարիո Կոսուն, որդու կորստյան կսկիծը սրտում, զինվորագրվեց աղետի գոտու խեղանդամ «փրկվածներին» բժշկական անհապաղ օգնություն ցուցաբերող գործընկեր ների տարալեզու մեծաթիվ բանակին: Աննկատ հարազատացավ Հայոց հող ու ջրին, բառ ու բանին և Վարդգես Պետրոսյանի հետ 1991-ին յուրատեսակ հայ-իտալական մշակութային դաշինք կնքեց 20 տարով` որդու անունը կրող մրցույթում ընդգրկելով գրական շնորհներ դրսևորող հայ երիտասարդներին: Նույն 88-ին էր, երբ դպրոցահասակ Դավիթը ողջ էությամբ մխրճվեց հայոց համազգային զարթոնքով թափ առնող ազգային-ազատագրական պայքարի հորձանուտը: Դեռ փոքրուց իր ժողովրդի գենետիկ ժառանգության հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն հանդես բերող Դավիթը, զարմացնելով հասակակիցների համեմատ հասուն հայրենասիրական խառնվածքով ու սխրալից խիզախությամբ, ընդլայնեց ազգասիրական նկրտումներին համարժեք իր ծավալած գործունեության սահմանները` պատմության ու գրականության ոլորտներին հավելելով ընթացիկ հասարակական-քաղաքականը: Ստեղծեց «Զորավար Անդրանիկ» միությունը, որի առաջին հիմնաքարը ժողովրդական հերոսի մահվան 60-ամյակի կապակցությամբ նախորդ տարում իր կազմակերպած մասսայական միջոցառումն էր: Դժվարությամբ մուտք գործելով Ազգային արխիվ` հետևողականորեն բացահայտեց մի շարք քողարկված պատմական ճշմարտություններ, որոնց համակարգմամբ իրենց 3 սենյականոց բնակարանում ձևավորեց Զորավար Անդրանիկի արտասովոր տուն-թանգարանը, որտեղ իր պատվավոր տեղն ունեցավ Հովհաննես Շիրազի մինչ այդ կազմակերպված «անկյունը»: Հանուն ազգային ինքնագիտակցության մղվող պայքարի առաջամարտիկներից էր Դավիթը հրապարակային սուր և համարձակ ելույթներով, պարբերաբար անցկացրած գրական-երաժշտական հայրենասիրական երեկոներով, 10 տարեկանից թղթին հանձնվող ու մամուլի էջերում (նաև` «Ավանգարդ»-ում) հաճախ երևացող չափածո, արձակ, երգիծական, քնարական, հրապարակախոսական ստեղծագործություններով: Թաղամասի բնակիչները ցավագին երանությամբ են հիշում ամանորյա տոներին իրենց անսպասելի ուրախութ յուն պարգևող Ձմեռ պապ-Դավիթին, ով շրջում էր բակից բակ, տնից տուն` հանպատրաստից ելույթներով ու նվերներով: Նույն ճակատագրական 88-ին էլ, փաստորեն, դատապարտվեց մոտալուտ ֆիզիկական մահվան` հասարակական-քաղաքական գերակտիվության համար միլիցիայի բաժանմունքում ստացած «դասերով»: Բայց և` չընկրկեց: Դողդոջուն մատներով գրիչ վերցրեց, խմբագրեց «Հայորդիք» ամսագիրը, որը, գաղտնի պատճենահանման եղանակով հազար օրինակ տպագրվելով, տարածվեց բուռն կրքերի էպիկենտրոն Թատերական հրապարակում: Եվ երեք օր անց, իսպառ հյուծվելով, կնքեց մահկանացուն: Այդպես էլ չըմբոշխնեց մարդկային երջանիկ կեցության անդորրը. Ո՞ւմ են պետք, ասա, այն շրթունքները, Որ չեն համբուրվել գոնե մեկ անգամ… Գեթ իր աչքով տեսներ «Զորավար Անդրանիկ»-ի իր կազմած ծրագրի կենսագործումը: Հետմահու տասնյակ իրեղեն գնահատականները, որոնց շարունակում է արժանանալ Դավիթ Հովսեփյանի` կյանքի տևողության համեմատ չափազանց բովանդակալից գործունեությունը, վկայում են նրա հոգևոր անմահության մասին: «Եթե արցունքը խոսել գիտենար» գրքույկը, «Ապրողների մեջ փնտրեցեք նրան» ֆիլմը, ՌԴ կոզակների մեծ ատամանի շնորհած I աստիճանի Ս. Խաչ Գեորգիևյան հուշամեդալը, թիվ 191 դպրոցը իր անունով կոչելը… Եվ` «Տասնութ գարուն» գրքի շահած այս մրցանակը: Նրա անունն այսօր էլ շուրթից շուրթ է անցնում` պատմելով վաղ թոշնած այդ ապրեցնող ծաղկի հրաշալի հատկությունների մասին: Նորօրյա մի ասք հյուսեցին նրա 18 գարունները, որոնց համընդհանուր նշանակության պատշաճ արժեքավորումն ու ճանաչումը, ըստ իս, մեր վաղվա մաքրագործված արժանապատիվ կեցության, հարատևության կարևորագույն նախապայմաններից են: