Նաև ինչից պետք է զգուշանալ
Կոնստանտին Պոլիկարպովն Ալ. Պիչուշկինի դեմ ցուցմունք չի տա, չնայած ինքն էլ նրա զոհերից է: Ավելին, նրանք լավ ծանոթներ են` ապրել են նույն շենքում և մինչև 2002 թ. բարիդրացիական հարաբերություններ ունեցել: Ցուցմունք չի տա, որովհետև ոչինչ չի հիշում: Պիչուշկինն իրեն զբոսնելու չի¯ հրավիրել, ծոցից մուրճ չի¯ հանել, ծոծրակին 4 անգամ հարվածելուց հետո հորանը չի¯ նետել: 31-ամյա այս մոսկվացու փրկվելն էլ իսկական հրաշք է: Բիտցևյան գետնի տակից դուրս է եկել, բայց ինչպե՞ս. Կոնստանտինի հիշողության մեջ ոչինչ չի պահպանվել. ստացած հարվածներից վնասվել է նրա ուղեղը: Փրկվելուց առ ժամանակ հետո, Լոբովի նման, Պիչուշկինին նա հանդիպել է փողոցում, ջերմորեն բարևել: - Քեզ հետ ի՞նչ է կատարվել,- հարցրել է դահիճը: Պոլիկարպովը ուսերն է միայն թոթվել` - Ջարդված գլխով ուշքի եկա հորանում, ուրիշ ոչինչ չեմ հիշում: Այսօր նա դժվարությամբ է շարժվում և երեք ամիսը մեկը ստիպված է բժշկի դիմել: Լրագրողի բոլոր հարցերին նույն պատասխանն է տվել. - Ես այլևս մարդկանց չե°մ հավատում: Պոլիկարպովի դեպքից հետո Ալեքսանդրը կատարելագործեց սպանության մեթոդները և սպանում էր անվրեպ: Եվ հենց այդ պահից էլ անտառում սկսեցին հայտնաբերել դժբախտ մոսկվացիների այլանդակված դիակներ` բոլորի վրա Պիչուշկին «ֆիրմային» նշանը` գլխի մեջ շիշ կամ փայտ խրած: Մարդասպանի սև խարանը Ալ. Պիչուշկինի ցուցմունքից. «Ինձ դուր չէր գալիս խռխռոցի ձայնը: Երբ ես փշրում էի զոհի գլուխը, ուղեղի պարունակությունից օդն աղմուկով էր դուրս գալիս: Դա նաև կարող էր անցորդների ուշադրությունը գրավել: Չէ՞ որ ես հաճախ սպանում էի մարդաշատ արահետներից ոչ հեռու: Բայց գիտական թեմայով մի հեռուստահաղորդումից ես որոշակի պատկերացում կազմեցի գլխուղեղի կառուցվածքի մասին: Ուղեղը մի փոքր տեղաշարժելու դեպքում խռխռոց չի լինում, դրա համար շատ հարմար է օղու շիշը կամ ձեռնափայտը: Դա նաև ստուգիչ կրակոցի պես մի բան է: Այդպես ես կարող էի վստահ լինել, որ ինձանից հետո դիակ եմ թողել: Միաժամանակ դա դարձավ իմ «սև խարանը»: Հոգեբուժությունը` Պիչուշկինի ընտրությունը միանգամայն տրամաբանական է համարում… - Գլխի մեջ առարկա խրելը զոհից իրեն ավելի ուժեղ զգալու դրսևորում է. դա սոցիոպատիկ վարքագիծ է, անձի հիվանդագին զարգացում: Դրա ավելի հանդարտ (խաղաղ) տեսակն արտահայտվում է մազոխիստական հետապնդման հարաբերություններով: Բոլոր դեպքերում սեռական սուբլիմացիայի բնազդ է: Շարունակական հանցագործները փորձում են այդ կերպ վերակենդանացնել նախկինում ունեցած սեռական ցանկասիրության ապրումները (զգացողությունները): Եվ փայտի կտորն ու շիշը ֆալլոսապաշտության (ֆալլոսային) խորհրդանիշեր են: …Սպանության տենդով բռնկված յուրաքանչյուր ոճրագործ իր նախընտրած նշանն ունի: Ալեքսանդր Պիչուշկինն առանձնահատուկ սեր էր տածում «Ոսկյա Վելես» օղու հանդեպ: Եվ հենց ոգելից այդ խմիչքի շշերն էլ նա թողել է հանցանքի վայրում: Ի դեպ, այդ «խորհրդանիշի» գինն էլ խորհրդանշական է` 28 ռուբլի (մոտավորապես` 360 դրամ` 1 շիշը): Խորհրդանշանի ընտրությունն էլ պատահական չի եղել: Վելեսը հեթանոս սլավոնացիների որսորդության աստվածն էր, և Պիչուշկինը կարծես իրեն երևակայել է որպես նրա աջ ձեռքը: Պատահական չէ նրա այն խոստովանությունը, որ Բիտցևյան անտառն ինքը ցանկացած անտառապահից լավ է ճանաչում: Մինչ մոլագարին կձերբակալեին, խուզարկուները, դիակների հայտնաբերման քարտեզը կազմելիս, քիչ է մնացել ճչան զարմանքից, երբ հանկարծ նկատել են, որ իրենց գծած սխեման… հին սլավոնական խաչ է` երկու հատվող ուղղագծերը վերևից ծածկված են «տնակ-կափարիչով»: Հատման մեջտեղում անտառի այն փոքրիկ բացատն է, ուր տեղադրված են աստվածների փայտե պատկերներ: Ոճրագործության մյուս զենքերը չափազանց պարզունակ են: Պիչուշկինն իր մոտ միշտ ունեցել է մեխահան ունելի (որպեսզի հեշտ բացի հորանների կափարիչները) և սովորական մուրճ: Ընդ որում` նա դժվարահաճ գնորդ է եղել. մանրակրկիտ փորձել է տարբեր մուրճերի քաշերը` որոնելով ձեռքին հարմարվողը: Մասնագիտությամբ լինելով հյուսն, նա շատ լավ գիտեր, թե գործի հաջողության համար որքան կարևոր է լավորակ գործիքը: Յուրաքանչյուր հանցանքից հետո մոլագարը խնամքոտ (հոգատար) տիրոջ նման զենքը ողողել-մաքրաջրել է լճակում: Երկու մուրճ գցել է ջուրը, թե` «ձանձրացա նույն գործիքով աշխատել»: Մի անգամ էլ որոշել է դեղագործական պահեստում իր հետ աշխատած ընկերոջից վերցրած կրակող «ինքնահոսը» փորձարկել: Բայց երկու անգամ կրակելուց հետո ինքնահոսն էլ է լճակը նետել: Ի դեպ` այդ նվերի տիրոջը նույնպես մոլագարը սպանել է: «Բռնեք ինձ` թե կարող եք» Ալ. Պիչուշկինի «որսաշրջանը» պայմանականորեն կարելի է բաժանել երկու հատվածի. «փակ»` երբ վայրագը թաքցնում էր դիակները և «բաց»` երբ հոշոտված մարմինները թողնում էր ոճրագործության վայրում: Մոլագարի` ձեռագիրը փոխելու պատճառները նույնպես հոգեբանական են: «Առաջին շրջանի» նրա զոհերի ճակատագիրը շատ եկար անհայտ էր բոլորին: Լավագույն փաստը պրոֆտեխուսումնարանում Պիչուշկինի համադասարանցի Միխայիլ Օդեյչուկի օրինակն է. նա էր բացահայտել այդ հրեշի սարսափելի ցուցակը` 1992-ին («ԾԽ»-ն հանգամանորեն անդրադարձել է այս փաստին և իր էջերում որոնում հայտարարել): Սադիստն իր վաղեմի բարեկամի հետ դատաստան է տեսել` հասկանալու համար, թե ինչ կարելի է զգալ մարդ սպանելիս: Օդեյչուկին կոյուղահորում անհետացնելուց հետո (14 տարի նրա մասին ոչինչ հայտնի չէր) Պիչուշկինն ամբողջ ինը տարի թաքնվել է ասես` սպասելով իր ժամին: 2001-ից նրա ձեռագրով սպանություններն սկսել են հաջորդել մեկը մյուսին` գրեթե շաբաթը մեկ: - Ինձ դուր էր գալիս տեսնել հոգեվարքը,- հետագայում խոստովանել է նա: Իսկ ովքե՞ր էին այդ դժբախտները, որ մոլագարի կանչով Բիտցևյան անտառ էին գնում. անտուն թափառականներ ու հարբեցողնե՞ր, ազգ ու ընտանիք չունեցողնե՞ր: Եվ` այո, և` ոչ: Ահարկու ցուցակում շատ են հարբեցողությանն անձնատուր եղած մոսկվացիք. այդ թվում և մտավորականներ ու նախկինում հաջողակ քաղաքացիներ: Նրանց մի մասը պարզապես անհարմար է զգացել` մերժելու արտաքինից վայելուչ թվացող այս հրեշին, մյուսներին «վիշտն ալկոհոլի մեջ խեղդելու» ցանկությունն է կուրացրել` «կարևոր չէ, ում հետ կխմենք»… - Նրանք պարզապես հոգով ու մարմնով թույլ մարդիկ են եղել,- արձանագրում են մասնագետները: Պիչուշկինն էլ խոստովանում է, որ` - Հաճելի չէր հաջողակներին սպանելը: Ընտրում էի միայն նրանց, ովքեր ինձ դուր էին գալիս: Ուզում էի, որ այդ մարդիկ ընդմիշտ ինձ հետ մնան: Ինձ թվում էր` նրանց լավագույն հատկանիշներն ինձ կփոխանցվեն: (Շարունակելի)