ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ԱՎԱՐՏ


Այլևս պատմական դարձած վերջին հինգշաբթին որքան հետաքրքիր, նույնքան էլ թեական մի մոտեցում է ենթադրում. Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացի ավարտը ինչ-որ բանի սկի՞զբ, թե՞ ավելի շատ ավարտ կարող է լինել: Թերևս` և° մեկը, և° մյուսը: Եվ իրոք, այն, որ վերջնականապես ճշգրտվեցին հավանական թեկնածուների անձերը, ու տվյալ դեպքում խիստ խորհրդանշական 9 թվակազմը մինչև փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում սպասվող քարոզչական և այդ փուլերի ընթացքը որոշակիացնելու հեռանկարն ունի` կասկածից վեր է: Սակայն մյուս կողմից ամեն ինչ շարունակում է մնալ սովորականի պես փխրուն, և թափ հավաքող պայքարի ցանկացած օր կարող է, ինչպես ընդունված է ասել, «իրավիճակ փոխել»: Մասնավորապես, արդեն իսկ նկատելի է, որ ինն առաջադրվածներից առնվազն 8-ի` Նախագահ ընտրվելու ցանկությունն և հնարավորություններն ի դերև են լինելու: Եվ իրոք, նրանցից շատերի ամենագայթակղիչ խոստումներն անգամ ոչինչ չեն կարող փոխել: Եվ անկախ բոլոր տիպի գելափներին ու քոմրեսների պնդումներից` անվիճելիորեն ակներև է, որ միմյանց ձեռնոց նետած նախագահացուներից հաղթելու իրատեսական հնարավորություն առավելագույնը 3-4 թեկնածուներ ունեն: Ասել է թե` մյուս հինգը այդպես էլ օդից կախված վիճակում են շարունակելու «պայքարել»: Իհարկե, բոլոր հավակնորդները գոնե արտաքնապես ձգտելու են հաղթանակի, սակայն կասկածից վեր է, որ նրանց մեծ մասը ներքուստ էլ համոզված է ու լավ է պատկերացնում սեփական խաղի անհեռանկարայնությունը: Իսկ նման ապագայի ուրվագծումը ամենևին էլ գույների խտացման կամ ընդգծված հոռետեսության արտահայտություն չէ: Քաղաքական դաշտում մինչև այսօր նրանց թողած աննշան հետագիծը անվերապահորեն նման եզրակացության է հանգեցնում: Արդյունքում` Նախագահի ընտրություններին որոշ թեկնածուների մասնակցությունը մրցապայքարի արդեն իսկ նկատվող առաջատարներին ոչնչով չի կարող օգնել կամ խանգարել: Ինչ խոսք, նման խոսակցությունները, որոնք հատկապես առաջադրումների փուլի ավարտից հետո հաճախ քննարկվողներից են դարձել, իհարկե անհիմն չեն: Այլ հարց է, որ թեկնածուներն իրար օգնել կամ խանգարել կարող են գոնե 3-4 տոկոս վարկանիշ ունենալու պարագայում: Հակառակ դեպքում մասնակցության անգամ օլիմպիական հայտնի սկզբունքն արդարացված չէ: Հենց նման հիմնավորն էլ շատերի մասնակցությունն ինքնանպատակ է դարձնում: Մեզ բոլորովին էլ չպետք է ոգևորի այն փաստը, որ երկրի ղեկավարի հավակնորդները սահմանակից Վրաստանում 22-ն են, այստեղ` 9-ը: Ազգանուններով հարուստ ու տարողունակ քվեաթերթիկները, քաղաքական միավորների հնչեղ անունները, քարոզչության համար հաճախ անտեղի վատնվող հսկայական գումարները կամ տպավորիչ պաստառներն ամենևին էլ ժողովրդավարության առհավատչյան չեն: Բոլորս ու, առաջին հերթին` Նախագահի առաջադրված թեկնածուները լավ պետք է գիտակցեն, որ ամեն ինչ կախված է մեր` ընտրողներիս ձայնից: Ուստիև, ոմանց պարագայում հարկ է արդեն իսկ ընդգծել, որ թատերականացված մրցապայքարը, ընտրազանգվածին հրեշտակի տեսքով ներկայանալն և հաղթելու հավաստիքներ շռայլելն ի սկզբանե դատապարտված են: Ամեն ինչ ավելի քան պարզ է, թեև այս մասին նախքան գրանցումներն ակնարկելը գուցեև մի փոքր վաղաժամ կարող է թվալ: Բայց երևույթն անհրաժեշտ է կարևորել հենց քարոզարշավի մեկնարկին: Մանավանդ որ, առաջադրվածների «պատկառելի» թվակազմն ըստ ամենայնի անփոփոխ է մնալու, քանի որ, ինչպես ԿԸՀ պատասխանատուներից մեկն օրերս հավաստիացրեց, ամենայն հավանականությամբ առաջադրված բոլոր թեկնածուներն էլ գրանցման հետ կապված խնդիրներ չեն ունենալու: