Ռուսական «Ժողովրդավարություն»


Անցած շաբաթ ԵԱՀԿ-ն և Եվրախորհուրդը դեկտեմբերի 2-ին կայացած ռուսական խորհրդարանական ընտրությունները գնահատեցին որպես «ոչ ազատ և ոչ արդար»: Որքանո՞վ էր այդ գնահատականը համապատասխանում իրականությանը: Ռուսական խորհրդարանական ընտրությունները այս անգամ անցան նոր, բացառապես համամասնական ընտրակարգով, կուսակցական ցուցակներով: Դա, անշուշտ, խոշոր առաջընթաց քայլ էր Ռուսաստանի համար: Դրական երևույթ էր նաև ընտրողների բարձր քաղաքացիական ակտիվությունը. ընտրատեղամասեր եկան ընտրության իրավունք ունեցողների 64 տոկոսից ավելին, ինչը նախորդ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների թվից բարձր էր ամբողջ 8 տոկոսով: Այդպիսի ակտիվություն Ռուսաստանը դեռ չէր տեսել, և դա վկայում էր սեփական ձայնին տեր կանգնելու, գոնե 4 տարին մեկ «մեծ քաղաքականությանը» մասնակցելու Ռուսաստանի քաղաքացիների հասարակական գիտակցության, սեփական պետության ապագայի համար նրանց պատասխանատվութ յան աճի մասին: Ընտրությունների առանձնահատկությունն էր նաև այն, որ խորհրդարան անցած 4 կուսակցությունների օգտին քվեարկեցին քաղաքացիների 90 տոկոսից ավելին: Նախորդ Պետդումայում ներկայացված կուսակցությունների օգտին քվեարկել էր ընտրողների ընդամենը 70 տոկոսը: Այս անգամ, սակայն, 7 տոկոսի արգելապատնեշը չհաղթահարած բազմաթիվ կուսակցությունների հավաքած ընդհանուր ձայները նախորդ 30-ի փոխարեն 10 տոկոս էլ չէին կազմում: Պարզ է, որ նույնիսկ հնարավոր ընտրախախտումները վերջնական արդյունքների վրա էական ազդեցություն չեն թողել և նոր խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի ենթարկելու հիմքեր չկան: Այսքանը դրականն էր: Բայց բացասականն ավելի շատ էր: Դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները մեծ աղմուկ հանեց այն իրողությունը, որ նախագահ Պուտինը անսպասելիորեն համաձայնեց գլխավորել այժմ արդեն Պետդումայում սահմանադրական մեծամասնություն ստացած «Միասնական Ռուսաստան» կուսակցության ընտրացուցակը: Համաշխարհային պրակտիկայում, որքան գիտեմ, իսկապես նման նախադեպ չի եղել, երբ երկրի գործող նախագահը, առանց իր պաշտոնից հրաժարվելու, մասնակցի… խորհրդարանական ընտրություններին: «Միասնական Ռուսաստանի» հավաքած 64 տոկոսից ավելի ձայների 20-25 տոկոսը, եթե ոչ ավելին, պայմանավորված էր Պուտինի անձով, ինչը հնարավորություն տվեց լիուլի օգտագործել վարչական ռեսուրսը: Այդ տեսակետից ռուսական ընտրությունները, ինչ խոսք, «ազատ ու արդար» չէին: Սակայն մյուս կողմից դա վկայում էր, որ նախագահ Պուտինն իսկապես վայելում է իր երկրի քաղաքացիների մեծամասնության վստահությունը: Հետևաբար, ճշմարտությունից հեռու չէին այն ռուս մեկնաբանների հավաստիացումները, թե անցած ընտրությունները խոշոր չափով նաև գործող նախագահին տրված վստահության քվե էին, մի յուրատեսակ համաժողովրդական հարցում` պլեբիսցիտ, թե ժողովուրդն ուզո՞ւմ է, արդյոք, որ պահպանվի Պուտինի քաղաքական երկարակեցությունը, որ նա շարունակի մնալ իրենց «համազգային լիդերը» նաև նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո, որը լրանում է եկող տարեսկզբին, և ակտիվ դերակատարություն ունենա այն քաղաքական կուրսի իրականացման մեջ, որն այժմ իրենք իսկ անթաքույց անվանում են «Պուտինի կուրս»: Իսկ ո՞րն է այդ կուրսի էությունը: Ըստ իս` դա Ռուսաստանում պետության կոշտ, եթե չասենք շա¯տ կոշտ վերահսկողության տակ այսպես կոչված «պետական կապիտալիզմ» արմատավորելն է: Նման համակարգը, ուր բացարձականացվում է պետության դերը հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, իսկ Նախագահին կամ, ինչպես այժմ իրենք են ասում` «համազգային լիդերին» օժտում է անձնիշխանական ռեժիմ հաստատելու բոլոր լծակներով, եվրոպական կամ արևմտյան չափանիշներով ժողովրդավարական անվանել, անշուշտ, չի կարելի: Սակայն այստեղ օրինական հարց է առաջանում` արդյո՞ք Ռուսատանը պատրաստ է և մանավանդ` կարո'ղ է ապրել եվրոպական ժողովրդավարության չափանիշներով: Երկու դեպքում էլ օբյեկտիվ կհնչի «ոչ» պատասխանը: Դումայական ընտրություններում լիբերալ գաղափարախոսություն կրող բոլոր ուժերը ձախողվեցին: Իսկ այն հասարակությունը, որը գրեթե լիովին մերժում է լիբերալ գաղափարները, չի կարող համարվել շուկայական հարաբերությունների, ազատ տնտեսական մրցակցության, կապիտալի ազատ շրջանառության համար պատրաստ հասարակություն: Առանց դրանց երբեք չի եղել և չի կարող լինել որևէ տնտեսական առաջընթաց, սոցիալ-քաղաքական ու ժողովրդավարական զարգացում: Ռուսաստանը, իմ խորին համոզմամբ, պարզապես չի կարող գոյատևել իբրև այդ կարգի նորմալ պետություն: Ռուսաստանը դարերով եղել ու այսօր էլ կարող լինել միայն և միմիայն… կայսրություն: Այդ հասարակությունը ցարի' է սովոր, ինչ էլ դնես այդ ցարի անունը` կոմունիստական «գլխավոր քարտուղա՞ր», թե՞ հետխորհրդային «նախագահ» կամ այժմ արդեն` «համազգային լիդեր»: Պուտինի նախորդը` Բորիս Ելցինը, իր ամբողջ հակասականությամբ հանդերձ, իսկապես փորձում էր Ռուսաստանը տանել դեպի եվրոպական կամ արևմտյան քաղաքակրթական արժեքներ: Ի՞նչ դուրս եկավ դրանից: Ոչինչ էլ դուրս չեկավ. տնտեսությունը կատարյալ քայքայում ապրեց, տասնյակ-միլիոնավոր մարդիկ, ովքեր դարերով սովորել էին ամեն բարիք ակնկալել ոչ թե իրենց անձնական-անհատական նախաձեռնությունից, այլ` «բարի ցարից» կամ կոմունիզմի լուսավոր ցնորքով առաջնորդվող պետությունից, նոր` շուկայական հարաբերությունների պայմաննե րում ակնթարթորեն անգործունակ և կատարելապես ընչազուրկ ու իրավազուրկ դարձան, երկիրը կանգնեց մասնատման, նրա զինված ուժերը` կազմալուծման ու բարոյալքման շեմին: Եկավ Պուտինը և ուղղակի վերականգնեց իշխանության դարերով արմատավորված կոշտ ուղղաձիգը, հրաժարվեց ելցինյան լիբերալիզմից, դրանով իսկ վերացրեց երկրի մասնատման վտանգը և դարձավ իր երկրի քաղաքացիների մեծամասնության աչքի լույսը: Պուտինյան կառավարման շրջանը համընկավ նաև համաշխարհային շուկայում էներգակիրների` նավթի ու գազի գների տևական աճին, իսկ դրանցով Ռուսաստանի ընդերքը աշխարհում ամենահարուստներից մեկն է: Այդ հումքային ռեսուրսների արտահանման շնորհիվ պետության ձեռքում հայտնվեցին ֆինասական զգալի միջոցներ: Ուստի կարելի է արձանագրել, որ Պուտինն ուղղակի բախտի սիրելին է. համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների տևական աճը նրան հնարավորություն տվեց պարբերաբար ավելացնել ժողովրդի հիմնական զանգվածի սոցիալական դրության բարելավման ծրագրերի ֆինանսավորումը, ամրապնդել բանակը: Ռուսաստանցիներին էլ ի՞նչ է հարկավոր: Նրանք այժմ ունեն մի «համազգային լիդեր», ով անվերջ բարձրացնում է իրենց ամեն կարգի սոցիալական նպաստների ու կենսաթոշակների չափերը, հընթացս հզորացնում ու տեխնիկապես վերազինում է բանակը, երկիրը վերադարձնելով համաշխարհային տերության` իրենց համար սովորական կարգավիճակի: Դա շոյում է ռուսաստանցիների հոգեբանության մեջ դարերով ամրագրված` հզոր երկրի քաղաքացի լինելու ազգային ինքնասիրությունը, և տասնյակ-միլիոնավոր մարդկանցից հիմա շատ քչերն են մտածում, թե պետական բյուջեի մեջ նավթի ու գազի համաշխարհային գների բարձրացման շնորհիվ առաջացած հավելյալ եկամուտները չհաշված` երկրի տնտեսությունը պուտինյան կառավարման տարիներին իրականում ե՞տ է գնացել, թե՞ առաջ: Ի միջի այլոց, ռուսական շատ տնտեսագետներ ու մեկնաբաններ այն կարծիքին են, թե բացի էներգակիրների արտահանման բնագավառից` Ռուսաստանը մյուս գրեթե բոլոր ոլորտներում խոշոր չափերով ետ է մնացել համաշխարհային տեխնիկա-տնտեսական ու քաղաքակրթական առաջընթացից: Սակայն դա շարքային մարդկանց բացարձակ մեծամասնությանը տեսանելի չէ և գործնականում նրանց չի հուզում: Ահա և մեծամասնությունը համախմբվում է Պուտինի շուրջը, ինչը և իր հավաստումը գտավ Պետական դումայի նախորդ կիրակի կայացած ընտրությունների արդյունքներում:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ