Զինվորի առողջությունը` մարտունակության երաշխիք


Ավելի քան մեկ ամիս է` մեկնարկել է աշնանային զորակոչը: Եվ արդեն ավելի քան մեկ ամիս ՊՆ կենտրոնական հավաքակայանի դարպասների մոտ խմբվում են նորակոչիկներն ու նրանց հարազատները: Գալիս են` այստեղից հրաժեշտ տալու զինվոր դարձող որդիներն ու ծնողները: Հավաքակայանի սովորական առօրյան այդօր մի քիչ տարբեր էր. զորակոչի ընթացքին անձամբ հետևելու էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով փորձեց կիսել նաև ծնողների մտահոգությունը: - Ի՞նչ հարցեր ունեք,- անմիջականորեն դիմեց նա ծնողներին: - Խաղաղությունն անխաթար պահել.- այս էր նորակոչիկների ծնողների մտահոգություն-խնդրանքը` Պաշտպանության նախարարին, երկրին, աշխարհին… Ով, ով` Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը լավ գիտե` պետք է պատրաստված, բարձր մարտունակությամբ բանակ ունենալ, հուսալիորեն պաշտպանված լինել, որպեսզի խաղաղությունն հարատևի: Այդպես էլ ասաց: Իսկ այցի բուն նպատակը` անձամբ ծանոթանալ կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքին, տեսնել թե ինչպես է ընթանում զորակոչը, որը առաջնահերթ քայլն է խաղաղութ յան ճանապարհին: - Մենք արդեն զորակոչում ենք 1988-89թթ. ծնված տղաներին. ժամանակ, երբ մեր պետությունը ծանր կացության մեջ էր, երկրում կային բազմաթիվ խնդիրներ. երկրաշարժը, որին հաջորդեց ԽՍՀՄ փլուզումը, պատերազմը և կենցաղային վատ պայմաններն իհարկե իրենց ազդեցությունն ունեցան մեր այսօրվա երիտասարդների առողջության վրա: Սա պատճառ չէ, սակայն, հիվանդ երիտասարդին բանակ զորակոչելու հարմար: Կենտրոնական հավաքակայանի աշխատանքները դրական եմ գնահատում: Այստեղ նորմալ պայմաններ են ստեղծված` զորակոչը ճիշտ կազմակերպելու և զորքերի համալրումն ապահովելու համար: Այսօր արդեն կատարված է մեր ծրագրի 70 %-ը, իսկ մինչև տարեվերջ ամբողջությամբ կիրականացվի: Նախորդ տարիների համեմատ, անցյալ զորակոչի ընթացքում զինակոչիկների առողջական խնդիրների ավելի լավ ցուցանիշներ ենք արձանագրել: Իհարկե, լինում է և այնպես, որ քաղաքացիական բժիշկների սխալ ախտորոշման հետևանքով հիվանդ պատանին գալիս հասնում է հավաքակայան, սակայն մեր զինվորական բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վատառողջ որևէ մեկը ծառայություն չգնա: Մեր բժշկական կենտրոնական հանձնաժողովը, գնդապետ Մինասյանի ղեկավարությամբ, հունվար-փետրվար ամիսներին աշխատելու է ԶՈՒ տարբեր զորամասերում, որպեսզի կրկին հետազոտի մեր զինծառայողների առողջական վիճակը: Այդ առնչությամբ կա Պաշտպանության նախարարի հրամանը` պատասխանատվության ենթարկել նրանց, ում մեղքով հիվանդ զորակոչիկ է գնում բանակ: Իբրև Պաշտպանության նախարար, ես ինքս չեմ ցանկանա հիվանդ զինվոր ունենալ: - Զորակոչից-զորակոչ դրական նոր փոփոխություններ է արձանագրում մեր Բանակը: Ո՞րն եք համարում ամենաէական բարեփոխումը ՀՀ Զինված ուժերում: - Ամենաէական ու ամենակարևոր բարեփոխումը Բանակի մարտունակության բարձրացումն է, ինչը խաղաղ կեցության գրավական է: Մենք ամեն ինչ անում ենք` Բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու և մեր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար: Այսօր մեր զորամասերում չկան այնպիսի հրամանատարներ, կամ փոխհրամանատարներ, որ զինվորական բարձրագույն կրթություն չունենան: Սա մեծ բարեփոխում է և մեծ առաջընթաց: - 2008-ի պետական բյուջեն ի՞նչ նոր հնարավորություններ ընձեռեց պաշտպանության համակարգին: - Նախորդ տարվա համեմատությամբ 2008-ի պետական բյուջեն ավելացել է 20 %-ով: Այն ուղղված է լինելու Բանակի մարտունակության բարձրացմանը, տեխնիկայի հզորացմանն ու արդիականացմանը, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծմանը: Ավելացված գումարներից հատկացումներ է արվելու նաև բնակարանաշինությանը: Եթե ճիշտ օգտագործենք պետական բյուջեն, ապա մենք քայլ առաջ կգնանք այս խնդիրները լուծելու ճանապարհին: - Բանակում հանցագործությունների նվազեցման միտումն ակնհայտ է: Ինչո՞վ կբացատրեի՞ք: Եվ ի՞նչ նոր ծրագրեր կան այդ ուղղությամբ: - Այո, ճիշտ եք նկատել: Իսկապես հանցագործությունների թիվը բանակում նվազել է: Այդ արդյունքը արձանագրելու համար անհրաժեշտ է եղել քրտնաջան, անդուլ աշխատանքի` սերժանտից մինչև Պաշտպանության նախարար: Դրական փոփոխությունն ակնհայտ է, և պետք է շարունակենք հետևողական աշխատանքով նվազագույնի հասցնել բոլոր բացասական երևույթներ: Մենք անում ենք ամեն ինչ` բանակում կարգապահությունն ամրապնդելու համար և ասեմ ավելին, ինձ համար և պաշտպանության նախարարության ղեկավարության համար մեկ զոհը, մեկ մահն արդեն շատ է: Դրանք խիստ պակասել են, բայց, ցավոք սրտի, դեռ կան: Այսօրվա ցուցանիշներն անհամամեմատելի են նախորդ տարիների ցուցանիշների հետ: - Ի՞նչ կասեիք պայմանագրային ծառայության մասին: - Տարեցտարի նվազում է զորակոչիկների թիվը, և մենք որոշում ընդունեցինք` Բանակի մի մասը համալրել պայմանագրային հիմունքներով: Այսօր արդեն ունենք այդ կերպ համալրված զորամասեր և ստորաբաժանումներ: Այդ զինծառայողները իրենց պարտքը կատարում են սահմանի վրա և մարտական դիրքերում: Մենք որոշում ենք կայացրել` հաջորդ տարեսկզբից առաջին հերթին դասակի հրամատարների տեղակալներին նույնպես ընդգրկել պայմանագրային հիմունքներով: Համոզված եմ, որ դա ևս կնպաստի Բանակի մարտունակության բարձրացանը: - Անցյալ տարի և գարնային զորակոչի ընթացքում քանի՞ մասնագետ է պատասխանատվության ենթարկվել` սխալ ախտորոշում կատարելու համար: - Ձեզ վստահեցնում եմ` չկա և չի լինի բացահայտված այդպիսի դեպք, որ սխալ ախտորոշում կատարած բժիշկը չպատժվի: - ՀՀ ԶՈՒ-ն գործնական բազմաթիվ նոր կապեր է ամրագրում օտարերկրյա իր գործընկերների հետ. ընթացիկ տարին, կարելի է ասել, բավական բեղուն էր այդ առումով: Համագործակցության նոր ծրագրերից ո՞րը կառանձնացնեիք և ինչո՞ւ: - Այո, համագործակցության առումով մեր աշխատանքները հագեցած են: Բազմաթիվ այցելություններ են եղել` թե° մեր, թե° մեր գործընկերների կողմից: Դա փաստում է, որ բարձրացել է մեր Բանակի վարկանիշը` հատկապես վերջին վեց-յոթ տարիներին: Այսինքն` դա միայն իմ աշխատանքի շնորհիվ չէ, այլ նաև` վերջին տարիների Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ամենաօրյա հետևողական աշխատանքի արգասիքն է… Հարցի առիթով, թե ծնող-զինկոմիսարիատ, ծնող-հավաքակայան հարաբերություններում հաճախ մեքենայություններ են արվում, Մ.Հարությունյանը կոչ արեց բոլոր ծնողներին և հարազատներին ոչ մի դեպքում չգնալ նման քայլերի, իսկ նման դեպքում պատասխանատու զինծառայողը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ