ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


ԳԼՈՒԽ 3 Լենան մի անգամ էլ հնչեցրեց զանգը, այս անգամ այն պահելով այնքան, մինչև դռան հետևից ոտնաձայներ լսվեցին: - Գալիս եմ, գալիս, այդ ո՞ր սատանան է այդքան անհամբեր, հանգիստ էլ չեն տալիս խեղճ պառավիս: Դուռը բացվեց, ութսունն անց տատիկը իր տարիքի համար բավական լավ էր պահպանվել, հիշողությունը տեղն էր, չնայած Իգորի և Մարգարիտայի պնդումներին ու խնդրանքներին, հրաժարվում էր սպասուհի պահել կամ տեղափոխվել նրանց մոտ: Տեսնելով Լենային` տատիկը վախեցած հարցրեց. - Լենա՞, Աստված իմ, ի՞նչ է պատահել…երեսիդ գույն չկա: - Ոչինչ, տատիկ, ուղղակի մի քիչ հոգնած եմ, շատ էի կարոտել, որոշեցի այցելել, կարո՞ղ եմ մտնել: - Ներս արի, -մի կողմ քաշվելով` ասաց տատը: Լենան ներս մտավ, տատիկը, դուռը փակելով, հետևեց նրան: - Հը՞, խիղճդ տանջե՞ց, չեք էլ ամաչում, լքել եք խեղճ պառավիս... - Տատիկ..., - բողոքեց Լենան: - Ես քեզ նկատի չունեմ, դու գոնե մեկ-մեկ այցելում ես, իսկ... - Տատիկ, արդարացի չես, երկու օր առաջ մայրիկը այստեղ չէ՞ր,-սովոր տատիկի փնթփնթան բնավորությանը, լուրջ չընդունելով նրա բողոքները, ժպտալով հարցրեց Լենան: - Շատ պետքս է նրա գալը, ասա թոռներիս ինչու՞ հեռացրեց ինձանից.. - Տատի¯կ, դու ինքդ էլ լավ գիտես, որ եղբայրներս մեկնել են սովորելու... - Այ հենց այդ, փոխվել եք բոլորդ, խելոքացել, էլ մերը ձեզ դուր չի գալիս, կարծես Կիևում չէին կարող սովորել... - Տատիկ,-կատակով ոտքը գետնին խփելով բողոքեց Լենան,-տատիկ, տեղափոխվիր մեզ մոտ: - Էդ էր պակաս, որ ապրեմ էդ անտաշ Իգորի հետ մի հարկի տակ... - Տատիկ,-ծիծաղեց Լենան,- ասա ինձ, ինչո՞ւ այդքան չես սիրում Իգորին: - Որովհետև ոչ մի իրեն հարգող զոքանչ չպիտի սիրի փեսային,- պատասխանեց տատիկը ու փռթկաց: Լենան գրկեց տատիկին ու լիաթոք ծիծաղեց, հետո, համբուրելով նրա այտը, խորամանկորեն հարցրեց. - Իսկ դու գիտե՞ս, թե ինչ եմ բերել քեզ,- և, ցելոֆանե տոպրակից հանելով թխվածքի տուփը, ավելացրեց,-ապա մի տես... - Թխվածք, իմ սիրածը, ապրես, թոռնիկս, անցիր խոհանոց, ես հիմա թեյը կեռացնեմ, կխմենք,-ուրախացած ասաց տատիկը: Մի քանի րոպե հետո, բաժակները լցնելով թեյով, տատիկը նստեց Լենայի դիմաց ու հարցրեց. - Դե հիմա, թոռնիկս, ասա, թե ի՞նչ է պատահել: - Տատիկ...,-նորից բողոքեց Լենան: - Լենա, դու ինձ հիմարի տե՞ղ ես դրել, կարծում ես` կկարողանա՞ս ինձանից բան թաքցնել… - Տատիկ, դրանք իմ խնդիրներն են, չեմ ուզում տրամադրությունդ գցել… - Հիմար բաներ մի խոսիր և մի բարկացրու տատիկին, ապա մի արագ խոստովանիր,-կատակով ձեռքի ափով սեղանին խփելով ասաց տատը: - Դե, լավ,-դժգոհ դեմքը ծամածռելով ասաց Լենան ու պատմեց իր և Անդրեյի հարաբերությունների մասին: Տատիկը ուշադիր լսում էր նրան` ավելի ու ավելի մռայլվելով: Լենան ավարտեց իր պատմությունը և հարցական նայեց տատիկին: Տատիկը լռում էր: - Դե՞… - Իսկ մայրդ ի՞նչ է ասում… - Խորհուրդ է տալիս, նրա ասածները բանի տեղ չդնել: - Մայրդ ճիշտ է ասում,-մտահոգ ասաց տատիկը,-դու ավելի լավ է ինձ ասա, սիրո՞ւմ ես նրան, թե` ոչ: - Դե, ինչ ասեմ, նա գեղեցիկ է, կրթված, նրա հետ հետաքրքիր է... - Ասա, դու ուզո՞ւմ ես ամուսնանալ նրա հետ, - Դե… նա … մի խոսքով, այո: - Դե, եթե` այո..., մայրդ ճիշտ է. նրա այդ խոսքերը սովորական տղամարդկային պոռոտախոսություն է, լուրջ ընդունել չարժե, տղամարդկանց ամենալավ բնորոշումը տվել է Նինան... - Նինան ո:վ է... - Զարմուհիս, Լենինգրադի Վոլոդյայի մորաքույրը... - Քեռի Վովայի... - Հա, հա, մի ընդհատիր, այսպես, տղամարդկանց մասին նա ասում էր` ինքնահավան սեռ, որն իրեն համարում է ուժեղ... - Դիպուկ է ասել...,-ժպտաց Լենան: - Ուժը մեր մեջ է, թոռնիկս: Տղամարդու տեղը կնոջ կրունկի տակ է, վաղ թե ուշ նրանք այնտեղ են հայտնվում: Այդպես եղավ պապիկիդ հետ, այդպես եղավ Իգորի հետ, այդպես կլինի նաև Անդրեյի հետ: Կան տղամարդիկ, ովքեր առանց դիմադրության, սուսուփուս գրավում են իրենց տեղը, կան նաև այնպիսիք, ովքեր կարող են դիմադրել, գոռգոռալ, բայց մեկ է, ի վերջո կհաշտվեն ու կհանձնվեն: Տղամարդուն պիտի հաղթել ոչ թե լաչառությամբ, ինչպես դու ես փորձել, այլ խելքով, համբերությամբ, կանացի խորամանկությամբ: Նրա խոսքերը ինձ չեն մտահոգում, ինձ հիմա այլ բան է մտահոգում` թե ինչու ես թույլ տվել, որ բանը դրան հասնի: Թոռնիկս տղամարդո°ւն է հատուկ ճակատային գրոհը, մինչդեռ կինը ավելի խելոք է, նա կարողանում է չնկատելու տալ, թույլ և անպաշտպան թվալ, ու երբ դիմացինը զգոնությունը կորցնում է` հասցնել հաղթական հարվածը: (Շարունակելի)