Նահանգներում մտահոգ են երկրագնդի ջերմացմամբ


ԱՄՆ կոնգրեսի հավանությանն է արժանացել ջերմոցային գազերի` մթնոլորտ արտանետումների կրճատման մասին օրինագիծը, որի օգտին քվեարկել են Կոնգրեսի շրջակա միջավայրի հիմնախնդիրների կոմիտեի 11 անդամներ, իսկ 8 սենատորներ, հիմնականում հանրապետական, դեմ են եղել: Համաձայն այդ օրինագծի, 2012 թ. սկսած, արդյունաբերական և այլ ձեռնարկությունները պետք է սահմանափակեն ածխածնի երկօքսիդի արտանետումները մթնոլորտ` մինչև 2050 թվականն այն կրճատելով 60 տոկոսով: Այն ձեռնարկությունները, որոնք չեն կարողանա նվազեցնել արտանետումների ծավալը, ստիպված կլինեն հատուկ վարկեր վերցնել: Սակայն, ինչպես տեղեկացնում է Voice of America-ն, չնայած ամերիկյան սենատի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել օրինագծին, Հանրապետական կուսակցությունը չի թաքցնում իր վրդովմունքը: Քաղաքագետները գտնում են, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը բացասաբար կանդրադառնա ԱՄՆ-ի տնտեսության վրա: Ժամանակային առումով օրինագծի քննարկումն համընկել էր Բալի կղզում ՄԱԿ-ի երկշաբաթյա կոնֆերանսի հետ: Իսկ վերջինիս նպատակը Կիոտոյի արձանագրության այլընտրանքային մշակումն էր` ուղղված երկրագնդի տաքացումը կանխելու պայքարին: