ԱՄՆ-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՍՆՈՒՑԵԼ


Հայաստանում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը օրերս տված զրույցում հայտարարել էր, որ լավատես չէ Հայաստանի հարցում ԱՄՆ կառավարության Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի դրական որոշման կապակցությամբ: Դեսպան Հեֆերնը նշել էր, որ Հայաստանը համապատասխանում է կորպորացիային դիմելու չափանիշներին, բայց դրանց համապատասխանում է 14 պետություն և մրցակցությունը բավական մեծ է լինելու, որովհետև ռեսուրսները քիչ են:

Հեֆերնի «լավատես չլինելու» հանգամանքը կարելի է համարել ոչ պաշտոնական մերժում:

Այս մերժման հիմքում գուցե կան քաղաքական շարժառիթներ: Կամ ավելի ճիշտ կլինի ասել` անկասկած կան: Հավանաբար սա մի օրինակ է, թե ինչպես են պատժում Հայաստանին Եվրաասոցացումից կտրուկ հրաժարվելու և միջազգային քաղաքական սուբյեկտությունը Ռուսաստանին հանձնելու համար: Միևնույն ժամանակ, խնդիրն ունի նաև հստակ տնտեսական կողմ, ինչն իհարկե պակաս քաղաքականություն չէ, որքան էլ պարզունակ հնչի այդ միտքը:

Հարցն այն է, թե ինչպիսի արդյունավետությամբ է ծախսվել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի առաջին ծրագրով հատկացված փողը, որը պետք է լիներ հինգ տարվա համար 235 միլիոն դոլար, սակայն մոտ 70 միլիոն դոլարը չհատկացվեց: Ինչպես հայտնի է, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի փողն ուղղվում է գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:

Ո՞ւր է ուղղվել Հայաստանի առաջին ծրագրի փողը և ի՞նչ գյուղական համայնքների ենթակառուցվածքներ են զարգացվել: Այդ համայնքներում որքա՞ն է եղել խոշոր հողատերերի ներկայացվածության չափը, ովքեր հանդիսանում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգարխներ: Ովքե՞ր են ավելի շատ օգտվել առաջին ծրագրի արդյունքից. շարքային գյուղացիական տնտեսություննե՞րը, թե՞ այդ օլիգարխ-պաշտոնյա խոշոր հողատերերը: Խոսքը Հայաստանի կառավարության որոշմամբ գյուղացիներին տրվող դոտացիոն դիզվառելիքի մասին է: Հազարամյակի մարտահրավերները կառավարական ծրագիր է: Ահա այդ իմաստով, ԱՄՆ-ն պարզապես հրաժարվում է Հայաստանի օլիգարխների և պաշտոնյաների գյուղատնտեսական եկամուտները սնուցելուց` հավանաբար առաջին ծրագրի փորձից տեսնելով, որ շարքային գյուղացիների տնտեսություններն այդ ներդրումներից գրեթե չեն շահում: Այսինքն ավելի շատ գյուղում բևեռացումն է խորանում, քան ձևավորվում են նոր հնարավորություններ:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ