«Նշանակովի» նախագահ չեն ուզում


Յուլյա Տիմոշենկոյի և Տարածաշրջանային կուսակցության նոր դաշինքն առաջարկում է երկրի նախագահը նշանակվի Ռադայի կողմից: - Քաղգործիչները կամ պետք է միավորվեն` ճգնաժամը հաղթահարելու համար, կամ խոստովանեն, որ ունակ չեն պաշտպանել Ուկրաինան,- ասել է Տիմոշենկոն: - Մենք պետք է վեր կանգնենք վիրավորանքներից ու պատվամոլությունից` հանուն ժողովրդի հանդեպ պատասխանատվության,- նրան ձայնակցել են Տարածաշրջանային կուսակցությունից: Եվ քաղաքական այս նոր կոալիցիան, որպես առաջին քայլ, որոշել է վերաձևել Սահմանադրությունը` երկրի նախագահին ընտրելու իրավունքից զրկելով ժողովրդին: Այս պարագայում Յուշչենկոյի օգտին է մայր օրենքի պահանջը` «Ուկրաինայում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է»: Ավելին, ըստ գլխավոր այդ փաստաթղթի` Սահմանադրության ընդունելու ու դրանում փոփոխություններ կատարելու իրավունքը բացառապես միայն ժողովուրդն ունի և չի կարող յուրացվել պետության կամ նրա մարմինների կողմից: «Սոֆյա» սոցհետազոտական կենտրոնի նախագահ Ա. Երմոլովը փաստել է, որ իրենց հարցումներին մասնակցած ուկրաինացիների 80,6 %-ը դեմ է` Ռադայի կողմից Նախագահ ընտրելուն: - Հասարակության ներկա վիճակը ես կբնութագրեի որպես փոփոխությունների սպասման ռեժիմ: Չնայած մարդիկ հիասթափված են իշխանությունից, սակայն մեծ է հավանականությունը, որ ստեղծված իրավիճակը խաղաթուղթ է և° Վիկտոր Յանուկովիչի, և° այսպես կոչված նոր ընդդիմադիրների ձեռքում: Իսկ քաղաքական հետազոտությունների և անվտանգության միջազգային կենտրոնի տնօրեն Վիկտոր Չումակն ավելի կտրուկ է արտահայտվել. - Ո°չ Տիմոշենկոն, ո°չ Յանուկովիչը վստահ չեն, թե կհաղթեն Նախագահի ընտրություններում: Նրանց համար ավելի հարմար է պայմանավորվել «երկուսիս համար» սկզբունքով, քան մտավախություն ունենալ, որ իշխանության կարող է գալ ինչ-որ երրորդ անձ: ԲՅուՏ-ի և ՏԿ մշակած սահմանադրության տարբերակը կարող է քննարկվել Ռադայում: Սակայն խորհրդարանում երկրի նախագահ ընտրելու նորմի հանդեպ հասարակությունը շատ զգայուն է: Անձամբ ինքս չեմ ցանկանում, որ ինձ զրկեն երկրի ղեկավար ընտրելու իրավունքից: Այդպես է մտածում մարդկանց մեծամասնությունը: Եվ եթե Յուշչենկոն հանրաքվե հայտարարի` ուկրաինացիների մեծ մասը կսատարի նրան: