«Փրկության» տրտունջը
Ժողովրդական արվեստի թանգարանի 2 ցուցասրահներում ներկայացված աշխատանքները ըստ էության մեկ հավակնություն ունեին` հավաստել հանրությանը մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամների ինչ-ինչ ունակությունների բացահայտման միանգամայն ռեալականության մասին: Որոշ գործեր իրենց գրավչությամբ համարժեք էին վերնիսաժային «գլուխգործոցների» չափանիշներին: Գուցե թե այդ նկատառումով էլ «Փրկություն» ԲՀԿ-ն (նախագահ` Արփինե Աբրահամյան) սակագներ էր սահմանել իրենում ընդգրկված մտավոր խնդիրներ ունեցող մոտ 50 դեռահասների ու երիտասարդների մշակութային գործունեության լավագույն արգասիքների համար: Շուրջ 10 տարի ցերեկային խնամքի կենտրոնում հաշմանդամների առօրյան կազմակերպվում է այնպես, որ նրանք չօտարվեն հասարակական կյանքից: Բազմամասնագիտական ծառայությունների մատուցմամբ` Կենտրոնի 24 հաստիքային և 4 կամավոր աշխատակիցները ձեռագործության, բրնձագործութ յան, նկարչության ու կավագործության խմբակներում գեղագիտական որոշակի հմտություններ ձեռք բերածներին հավատ են ներշնչում իրենց ընտանիքներին ու հասարակությանը պիտանիության` ցուցահանդես-վաճառքները կազմակերպելով քիչ թե շատ հետաքրքիր գործերի` նկարների, ապլիկացիաների, հյուսկեն զգեստների, կավածեփ հուշանվերների: Հասույթի 50 %-ը տրամադրելով խնամյալների ծնողներին, որոնց հետ ջանում են սերտ հարաբերություններ պահպանել, հուսադրում են, որ իրենց զավակները ի վիճակի են թեթևացնելու ընտանեկան հոգսերը, որոշ չափով իմաստավորելով ու վերահսկելի դարձնելով իրենց խեղված գոյատևումը: Ամենաուշիմները թանգարանի այցելուներին ցուցադրում են իրենց առօրյան. թրծված կակաչների սիրահար Պետրոսը նկարն է զարդարում բրնձի սոսնձվող հատիկներով, որոնք հետո պիտի գունավորի, ինչպես Բայդրելով Ալեքսանդրի մի քանի աշխատանքներում արել են Օլյան ու Շավարշը: Ավագիմյան Դավիթը հետաքրքրասերներին բացատրում է իր ինքնաքանդակի, 88-ի երկրաշարժի խորհրդանիշ` քանդված մատուռի, վարպետ Աշոտի խորհրդով և օգնությամբ իր բախտակիցների հուշանվեր-ափսեների, ճեղքված նռերի ներթաքույց իմաստը: Մարիամն ու Հասմիկը, Գոհարն ու Աիդան տիկին Կարինեի աջակցությամբ լցակարում են, կանվայով ասեղնագործում` փութալով աչքի ընկնող մի նոր աշխատանքով գեղեցիկ վերնազգեստների գումար վաստակել: Արևիկն իր կարապի ապլիկացիան է մատնացույց անում: Իրենց նկատմամբ բարեսրտությամբ համակված այցելուներին «Փրկության» աշխատակիցները պարզաբանում են այս ցուցահանդես-վաճառքով հետապնդած գլխավոր նպատակը` պետական ծանրակշիռ աջակցության հրատապության շեշտադրումը` հաշմանդամների ցերեկային խնամքն ու առօրյան կազմակերպող կենտրոններին: «Մենք Կրթության, գիտության նախարարության խորթ զավակներն ենք,- տրտնջում է տիկին Աբրահամյանը:- Կրթական և սոցիալ-մշակութային հատուկ ծրագրերի միջոցով հաշմանդամներին հասրակության մեջ լիարժեք ինտեգրելու մեր ջանադրությանը հարկավոր նշանակություն չի տրվում: Չնայած մենք գործնական գիտելիքների ձեռքբերման բազա ենք դարձել ԵՊՀ և ԵՊՄՀ համապատասխան ֆակուլտետների ուսանողների համար: Առավել արդյունավետ աշխատելու համար մեզ հատկացված միջոցներն անբավարար են: Տարածքային խնդիրներ են նաև ծագել: Բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք ուրիշի դժբախտության վրա սեփական գոյությունն են հիմնականում պահպանում: Իսկ մենք հավատում ենք մեր ստանձնած առաքելության հասարակական օգտակարությանը և անկեղծորեն մտահոգված ենք խեղված երիտասարդների, մատաղ սերնդի հետագա ճակատագրով: Պատահաբար չէ, որ նրանց հավերժ մանուկներ ենք համարում: Նրանք անհատական մանկավարժական մոտեցման կարիք ունեն, հոգատար խնամքի: Ավելի, քան հասարակության լիիրավ անդամները»: Մշակութային գործունեության կազդուրիչ ազդեցությունը նկատելի է որոշ ունակություններ զարգացրած հաշմանդամների մարդկային նկարագրերում: Բայց, կարծում եմ, առանց կրթաառողջարա րական հատուկ ծրագրերի հետ զուգակցման` լուրջ հաջողություններ չեն կարող արձանագրվել այս ոլորտում: Համալիր պետական ուշադրությամբ միայն կարելի կլինի բժշկել հասարակական օրգանիզմի բնածին արատները, գեթ վերահսկել: