«Ես Արևելքը չեմ սիրում»


- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Մարդ մնալը: Այս դաժան ժամանակներում մարդկայնությունը ամենակարևոր հատկանիշն է, որը պետք է կարողանաս պահպանել` չխախտելով Աստծո պատվիրանները: Առաջ այդպես չէր. մարդիկ ուշադիր էին միմյանց նկատմամբ: Իսկ այսօր մարդկային փոխհարաբերությունների հիմքում հաշվենկատությունն է, որովհետև կապիտալիստական անհասկանալի հասարակություն ենք կառուցում` ընդօրինակելով ամերիկյան մոդելը, որը մեզ հետ ոչ մի կապ չունի: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչը կնախընտրեիք լինել: - Շատ ուրախ և գոհ եմ, որ հայ եմ, բայց հաճախ էլ ամաչում եմ ազգային պատկանելությանս համար: Օրինակ, մեծ հպարտություն ապրեցի, երբ մեր շախմատիստները օլիմպիական կրկնակի չեմպիոն դարձան: Ընդհանուր առմամբ` շատ են և° հպարտանալու, և° «գլուխ կախելու» առիթները: Մոսկվայում սովորելու տարիներին Երևան գալիս, երբ օդանավակայանում տեսնում էի, որ ամենաաղմկալի, ամենախայտառակ հերթը հայերինն էր, ամաչում էի: Բայց, ցավոք սրտի` առայժմ գերակշռում են ամոթալի փաստերը: Իսկ ինչ վերաբերում է այլ ազգերին, համակրում եմ գերմանացիներին. ամենաճշտապահ ազգն է աշխարհում: Այն ազգը, որը պատասխանատու է իր ամեն ինչի համար` հարգանքի է արժանի: Շատ ավելի մոտ և սիրելի են ֆրանսիացիները, մասամբ էլ` իսպանացիները, թեև նրանց կանայք… հրաշք են. ավելի գեղեցիկ արարածներ չեմ պատկերացնում: Այդուհանդերձ, իմ կարծիքով, իսպանացիները, պորտուգալացիները, մեքսիկացիները մի քիչ ավելի արևելյան ժողովուրդներ են հիշեցնում: Ես Արևելքը չեմ սիրում և շատ եմ ուզում, որ հայերի կողմնորոշումը լինի ավելի եվրոպական, քան ասիական: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Չասվածն ըստ իս` մարդու մտածումների հետ առնչություն ունի: Դրանցից ոչ բոլորի մասին է, որ հաջողվում է արտահայտվել: Թվում է, թե քեզ հուզող ամեն հարցի շուրջ խոսել ես, բայց մի պահ է գալիս` երբ գիտակցում ես, որ այնուամենայնիվ դեռ կան ուշադրություն հրավիրող մտքեր, հարցեր: Եվ այս առումով իմ բեմադրություններում հնարավորին չափ բարձրաձայնում եմ հայ մարդու ցավը, թախիծը, իղձը: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - 21-րդ դարը: Ճիշտ է, այն նոր է սկսվել, բայց բոլորս գիտենք, որ 19-րդը` արվեստի, 20-րդը` տեխնիկայի դարեր էին, բնականաբար, արվեստագետը հետին պլան մղվեց: Թե ի՞նչ կլինի 21-րդում` չեմ պատկերացնում: Մարդկային արժեքներով, արվեստի գնահատմամբ ինձ ավելի հարազատ է 19-րդ դարը: Տեխնիկայի զարգացման այսօրվա տեմպը կտանի կործանման. քաղաքակրթութ յունը լավ բան է, բայց և ծայրահեղ դրսևորումները խիստ վնասակար են: Առաջադիմության հետ այն մեծ չարիքներ է նաև բերում: Ինչպես օրինակ` ատոմային ռումբի հնարումը, կլոնավորումը: Բա որ հանկարծ հազարական օրինակով հիտլերներ ու ստալիններ ստեղծե՞ն: Իսկ ավելի հակված են այդպիսիներին վերաստեղծել, քան թե Խաչատրյանների, Սարյանների և այլ հանճարների: - Որևէ զավեշտելի դեպք Ձեր կյանքից: - Մինչև այսօր էլ, իմ ամբողջ կյանքը զավեշտ է, և որևէ հատված առանձնացնելը դժվար է: Միայն այն հանգամանքը, որ երկու կուրսի ղեկավար լինելով, ստանում եմ 46.000 դրամ, դրանից ավելի զավեշտալի ի՞նչ կա: Հիշում եմ. Մհեր Մկրտչյանի հետ խաշ ուտելու էինք գնացել: Նա բավական օղի էր խմել և ուզում էր իր մեքենայով տուն վերադառնալ: Ասացի` գործ չունես, արի մի տաքսի կբռնենք, կգնաս, իսկ մեքենադ կուղարկենք: Համառեց և իր մեքենայով գնացինք: Փողոցի այն հատվածում էինք, որտեղից ձախ չէր կարելի թեքվել: Զգուշացրեցի, որ թեքվելու դեպքում ավտոճանապարհային կարգն է խախտելու, այդ անգամ էլ չլսեց, ու ավտոտեսուչը կանգնեցրեց: Մոտեցավ ու երբ տեսավ, թե ով է ղեկին, ասաց` «Վա°յ, բարև ձեզ, պարոն Մկրտչյան, ա°խր Ձեր կյանքն եք վտանգում` այս կողմ թեքվելով»: Ֆրունզը, թե. «Թքած ունեմ իմ կյանքի վրա, քեզ տեսա` ասի գամ բարևեմ»: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Մենք Լենինի (Մաշտոցի) պողոտայում գտնվող շենքերից մեկում էինք ապրում, մեծ ընտանիք էինք` 13 հոգի: Մեծ հյուրասրահ ունեինք, ուր անընդհատ վազվզում էի, չարաճճիություններ անում, բայց երբ աչքս ընկնում էր պատից կախված գորգին, որի վրա արևի շողքն էր խաղում, կարծես անէացած, հրճվանքով տարվում էի այդ պատկերով: Այդ մանկական հրճվանքի պահերն են, որ անմոռանալի և ցանկալի են առայսօր: Այժմ մի քիչ ավելի պրագմատիկորեն ենք ամեն ինչին վերաբերվում, որովհետև չկա մանկական անմիջականությունը: Առհասարակ, աշխարհում ամենաշատը սիրում եմ երեխաներին և կենդանիներին: Իհարկե, առաջինը երեխաներն են, քանի որ նրանք ամենաբնական, ամենամաքուր և ամենահողեղեն էակներն են: Նրանք մեզանից ավելի բարդ ու խորիմաստ են, որովհետև առաջնորդվում են անեղծ զգացմունքներով: Մենք արդեն «փչացած» մարդիկ ենք: Կինս նույնիսկ ինձ հանդիմանում է. «Լավ, ինչքան կարող ես գնալ թոռանդ մոտ»: Ես էլ ունեմ իմ արդարացումը. «Եկեղեցի չեմ գնում, որովհետև իմ եկեղեցին թոռս է. այդ բյուրեղյա մաքրությունը նրա մեջ եմ տեսնում»: Կենդանիներին նույնպես շատ եմ սիրում, քանի որ երբեմն համոզվում եմ, որ կենդանին ավելի «մարդկային» է, քան մարդ արարածը: Օրինակ` առյուծը, եթե կուշտ եղավ, կողքով անցնող եղնիկի վրա երբեք չի հարձակվում: Իսկ մարդ արարածը` սոված լինի, թե կուշտ` պետք է ձեռքը անընդհատ գցի` մեկ հատ էլ վերցնելու սկզբունքով: Կենդանին պաշարի հանդեպ ագահության զգացողությունը չունի: Մեկ անգամ ասել եմ. ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ սիրում մենակությունը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ