Մի կյանքի պատմություն
Իմ հերոսուհին շուտով կբոլորի իր 104 տարին… Մեկ դար և չորս տարի ապրում է նա` Մարի Վարդանյանը (Խբիկյան), ապրում է զարմանալիորեն խաղաղ էությամբ, անվրդով` իրեն շրջապատող հարազատներին, ծանոթներին ու ազգականներին, առաջին անգամ հանդիպողներին իսկ մշտապես անակնկալի բերելով իր ապշեցնող, տարողունակ, պայծառ հիշողությամբ ու հուշերով… Հուշեր, ուր Արևմտյան Հայաստանի մալաթիացի Ստեփան Խբիկյանի և Սաթենիկ Մազմանյանի` տիկին Մարիի ծնողների լուսավոր կերպարներն են, Թուրքիայի կառավարության անդամ` պապիկի` Գևորգ էֆենդի Մազմանյանի, եղեռնին զոհ գնացած քեռիների, նրանց կանանց, մորաքույրների, հարևաններից շատ-շատերի երբեք չմոռացվող դեմքերը…
Տիկին Մարիի ճերմակ, բարակած, նշխարի պես թափանցիկ մաշկի վրա շատ քիչ խորշոմներ կան, կարմրած կոպերի տակից մի քանի կաթիլ արցունք է գլորվում այտերն ի վար, երբ պատմում է իր հայրենի Ինդարա սարից բխող սառը ջրի մասին, անմահական խաղողի, ճաքող ձմերուկների ու նռան, իր մանկության արահետների, Էրգրի ծով երկնքի ու աղբյուրների, դաշտերի ու ձորերի, համադամ կերակուրների ու քաղցրահամ բլիթների մասին…
«50 թթի ծառ ունեինք, չէինք հասցնում թափ տալ, ինքն իրեն թափվում էր գետնին, չամիչ դառնում, ամեն տեսակ բերք ու բարիք կար, թուրքն ամեն ինչ ավերեց ու թալանեց, արուն արեց, արցունք էլ չմնաց, որ լացեինք, մեռելները թաղող չմնաց»,- մորմոքով պատմում է Մարի տատիկը: