Մեր լեզուն ճկուն է ու բարբարոսաբար աղարտվող

ԱՀԱԶԱՆԳ, ՈՐ ՉԳԻՏԵՍ՝ Ո՞ՒՄ ՈՒՂՂԵՍ

ՀՀ կրթության և գիտության նախարարը երեկ՝ օգոստոսյան խորհրդակցությունում անկեղծորեն խոստովանել է. 
 
- Մոտակա մի քանի տարիներին պետք է անցնենք հաջորդ կարևոր փուլին՝ կրթության որակի ապահովմանը: Այն գերակա է, քանի որ առանց որակի՝ ձևը շատ արագ կաղավաղվի, և մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջև: 
 
Խոսովանել է, որ երկրորդվել է կրթության որակը
 
Անկեղծ խոստովանություն է. մեզանում որքան պարզեցվում ու հեշտացվում են ուսումնական ծրագրերը, այնքան ավելի նվազում է ուսման որակը: Ստացվում է, որ արտաքին տեսքն ապահովելուց հետո միայն մտածում ենք պարունակության մասին: Ու մինչ նախարար Լևոն Մկրտչանը հպարտորեն արձանագրում է, թե ընդգծելով, թե «մենք կարողացել ենք ստեղծել կրթության ձև, որն ամբողջությամբ հասկանալի և ճանաչելի է», թող թույլ տրվի փաստել, որ մենք արդեն իսկ հայտնվել ենք կոտրած տաշտակի առջև: Համենայնդեպս՝ մեր մայրենին աղարտելով այնքան, որ գարշահոտ տիղմից այն մաքրելը անկարելիության չափ դժվար է թվում: 
 
Հիմնականում հեռուստաեթերից մեր խոսք ներթափանցած գարշահունչ այս խոտանը, եղկելի ամեն երևույթի նման արագ տարածվեց՝ սպառնալիք դառնալով մեր լեզվամտածողությանը:
 
BlogNEWS-ում հրապարակված Ռոբերտ Մելքոնյանի՝ «Ոչ մեկն իրավունք չունի աղավաղել մեր ոսկեղենիկ հայերենը» նկատառումը վերստին մղում է անդրադառնալ մեր մայրենին աղավաղումներից փրկելու մտահոգությանը:
 
- Թերթերից մեկի լրագրողը երեկ հարցազրույց էր ունեցել պատգամավորներից մեկի հետ: Հոդվածի վերնագիրն էր. «Եթե դու մտածողությամբ ազատ մարդ ես, քեզ ոչ մեկ չի կարա կառավարի, դասավորի»… Ընդհանուր առմամբ պետք է հիմնականում բոլորս էլ ձգտենք հնարավորինս գրական ու մաքուր հայերենով գրել ու խոսել, առավել ևս լրագրողները: Չէի անդրադառնա, եթե այսպես չգրեին, չխոսեին, չարտահայտվեին բարձրաստիճան պաշտոնյաները, նույնիսկ դասախոսներն ու մանկավարժները, լրագրողները, հաղորդավարները, մի խոսքով շատ-շատերը…
 
Հարգարժան լրագրողներ, հարգարժան բարեկամներ ոչ թե «ոչ մեկ», այլ «ոչ մեկը»… Նույն կերպ՝ ոչ թե վարքաբեկել, այլ վարկաբեկել, սա ևս համատարած սխալ է օգտագործվում…
 
Մի խոսքով՝ ոչ մեկը իրավունք չունի աղավաղել մեր ոսկեղենիկ հայերենը… Ոչ մեկը… Եվ չփորձի վարկաբեկել…  (ընդգծումները մերն է- խմբ.)
 
Եվ անգրագիտության այսպիսի ճամարտակումները կարելի է անվերջ թվարկել, բայց դրանց ցանկը չի սահմանափակվում, որովհետև անվերջ ավելանում են խոշտանգվող բառերն ու արտահայտությունները:
 
Ու ամենացավալին այն է, որ չգիտես, թե ում դիմես՝ խնդրել-հորդորելով կամ պահանջելով, որ կասեցվեն լեզվի դեմ այս վայրագությունները:
Չարենցի բանաստեղծական տողը եթե փոքր-ինչ ձևափոխենք, մերօրյա իրականության ճիշտ նկարագիրը կդառնա՝ մեր լեզուն ճկուն, բայց բարբարոսների շուրթերով աղավաղվող: