Հերթական կասեցումը

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵՐ ՉԿԱՆ

Ամենացավալին այն է, որ այլևս որևէ մեկին չի զարմացնում սննդի հայկական շուկայում անվերջ խոտանվող տեսականիները: Ընդհակառակը, ՍԱՊԾ-ի կողմից կատարվեղ ստուգումները գնահատելով հանդերձ՝ սպառողը վստահ չէ, որ միայն մատնանշվող արտադրանքն է վտանգավոր: Ավելին, ստուգումներից ու շուկայից ետկանչից հետո արդո՞ք հենց նույն (էլ չենք ասում՝ «չբռնված») արտադրողները չեն շարունակում սպառողին թունավորելու իրենց սև գործ: Առանց անհարկի հոռետեսության կարելի է պնդել, որ հանրությանը հրամցվող ցանկացած սննդամթերք խոտանելի է ու վտանգավոր առողջության համար: 
 
ՈՒրեմն շատ ավելի հիմնավոր քայլեր պետք է ձեռնարկվեն: Արտադրող կոչվածների գործունեությունը չբարդացնելու համար արժե՞ վտանգել արդեն իսկ առողջությունը կորցրած մի ողջ ժողովրդի լինելիությունը: Սպիտակ ջարդի մի նոր տարբերակ չէ՞ անորակ ու անհայտ հակահիգիենիկ բաղադրությամբ սննդամթերք «սաղացնելը»:
 
Ահավասիկ, այսօր հայտնի է դարձել, որ կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը:
 
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ: Օրեր առաջ էլ լաբորատոր փորձաքննության,արդյունքների հիման վրա կասեցվել էր հինգ պաղպաղակ արտադրողների («Թամարա և Անի» ՍՊԸ, «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Արմսվիթ» ՍՊԸ) արտադրական գործընթացի առանձին գործառույթներ, և տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված պաղպաղակի խմբաքանակները օգտահանման կամ ոչնչացման նպատակով հետ էին կանչվել շուկայից:
 
Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան:
 
Պետական վերահսկողության շրջանակներում վերը նշված բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Քանի որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, արտադրամասերում առկա բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել է, միաժամանակ՝ տրվել են իրացման ցանցերում գտնվող ամբողջ արտադրանքի և արտադրատեսակների հետ կանչի կարգադրագրեր. չորս տնտեսվարողի արտադրական գործընթացն էլ կասեցվել է: Կասեցված ապրանքանիշներն ու արտադրամասերում առկա քանակներն են. «Գետափ»՝ 1 լ տարողությամբ 47 շիշ (արտադրող Ա/Ձ Արտակ Գևորգյան), «Սառնաղբյուր»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 86 շիշ (արտադրող Ա/Ձ Խաժակ Ենոքյան), «Եղեգիս»՝ 1 և 1.5 լ տարողությամբ 200 շիշ (արտադրող Ա/Ձ Մուրադ Հովսեփյան), «Ձորն Անուշ»՝ 0.5 լ տարողությամբ 115 շիշ (արտադրող Ա/Ձ Արգամ Ասլանյան): Դրանցից իրականացվել են նմուշառումներ և տրվել լաբորատոր փորձաքննության, արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
 
- Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ սպառողներին զգուշացնում ենք՝ չգնել վերը նշված արտադրողների արտադրանքը մինչև տնտեսվարող սուբյեկտները չվերացնեն խախտումները. այդ մասին կհայտարարվի լրացուցիչ,- ահազանգել-նախազգուշացրել է ՍԱՊԾ-ն:
 
Մնում է սպասել, թե այդ խախտումները վերացնելու պատրանք ստեղծելուց հետո ի՞նչ նոր աճպարարություն են մոգոնելու թե՛ նշյալ ու թե՛ դեռ չհայտնաբերված մեր վայ-արտադրողները: