Ինչ վերահաստատեցին աղետալի հրդեհները

ՍԱ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Վերահաստատված իրողություններից մեկն էլ Հայաստանին ու հայերին օգնության «շտապող» ռազմավարական մեր դաշնակցի հավերժական ուշացումներն են (դրա ամենացայտուն օրինակը, թերևս, Սուգայիթում դաժանաբար հոշոտվող հայերին 2-3 օր հետո օգնության «շտապելն» էր):Այս անգամ ևս ՀՀ նախագահը օրեր առաջ էր հանձնարարել ՌԴ-ից հատուկ ինքնաթիռ խնդրել, բայց նրանց օգնությունը՝ ԻԼ-76-ի տեսքով, այս անգամ նույնպես ուշացավ…
 
Դեռ դրանց վերջնական մեկուսացումը հաստատված չէ, և շարունակվում են հետմարման աշպատանքները: Ասել է թե՝ կորուստները չափը հստակ չէ: Հստակ է, սակայն, որ անչափելիության չափ մեծ է օրավուր ավելի ու ավելի նոսրացող մեր կանաչ տարածքներին,և, ընդհանրապես, Հայաստանի բնաշխարհին հասցված վնասը: Բայց այս աղետը վերահաստատեց մի շարք իրողություններ, որոնք ոնց որ թե այդպես էլ հաղթահարել չենք կարողանում:
 
Նախ, դիվային դիտավորությամբ կամ անմեղսունակ անփութությամբ խոշտանգում ենք բնությունը: Երևանն արդեն անապատացման շեմին է. աղոթենք, որ գոնե տասնամյակներ առաջ տնկված ու ծերացող ծառերի կյանքը երկարի, և՝ որ ծառեր եղած տարածքներում ինչ-որ շինություն «տնկել» ցանկացողներ չլինեն: Թե չէ՝ դրանց «աչքից» էդ խեղճ ծառերը չորանում կամ իրենք իրենց հատվում-վերանում են:
 
Դառնագին նոր իրողությամբ համոզվեցինք, որ ունակ չենք միմյանց ականջալուր լինել: ՀՀ կառավարության մի օղակը՝ ԱԻՆ-ը, օրեր շարունակ ահազանգում էր հրդեհավտանգ իրավիճակի մասին և անվերջ հիշեցնում ու հորդորում էր զգոն լինել: Լսո՞ղն ով էր: Ավելին, ընդամենը մեկ ամիս առաջ՝ «հաշվի առնելով հանրապետության տարածքում առաջիկայում սպասվող բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով»:
 
Հանձնարարվել է նաև… «շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել նախարարին և համապատասխան պետական մարմիններին»:
 
Ծագած հրդեհի մասին կրակի լեզուներն ու երկնասլաց ծուխն էլ կտեղեկացնեն՝ առանց որևէ հանձնարարականի, իսկ ա՛յ՝ կանխարգելելու առումով, պարզվեց, որ կամ նախարարի հրամանը ազդեցիկ չէր, կամ այդ հրամանը կատարողներն են անճարակ՝ կրակը կանխելու հնար չունեն:
 
Ասենք՝ մեր ԱԻՆ-ն էլ առանձնապես զինված չէ. ջրցան ինքնաթիռ էլ չունեն…
 
Այս հրդեհները, երևի նաև տարերքի փորձությունն էր ու նախազգուշացում՝ մարդն անզոր է բնության դեմ՝ եթե աններդաշնակ է նրանց կապը: Մեզանում աններդաշնակ ասվածը շա՜տ մեղմ է: