Հրո ճարակ է դարձել 670 հա տարածք

ԻՍԿ ՉՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ

Հանրապետությունում ստեղծված հրդեհավտանգ իրավիճակի մասին բազմաթիվ նախազգուշացումներին, ինչպես երևում է՝ ականջալուր են միայն նրանք, ովքեր առանց այդ էլ զգուշավոր լինելու բարեկրթությունն ունեն: Մնացյալի պարագայում անփութություն ասվածն էլ հաճախ անարդար է: 
 
Բայց միայն վերջին օրերի աղետալի հրդեհների մասին չէ, որ ուզում ենք խոսել: Թեև չի բացառվում, որ ամենակուլ խելահեղ այդ բոցերը ևս պատահականությանը վերագրվող դիտավորություն լինեն: Դա առաջիկայում կպարզի արդեն սկսված նախաքննությունը, իսկ ավելի ուշ՝ կտենենք, թե այրված տարածքները ո՞ր գործարարների ինչ մտահղացումներ ի հայտ կբերեն:
 
Չարաբաստիկ հրդեհներից բառացիորեն 3-4 օր առաջ շատերին քաջածանոթ մտավորական Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում խորաթափանց դի գրառում էր կատարել՝ վերնագրելով «Քարանձավային բարքեր».
 
- Գիշերվա ժամը մեկն է: ԱԻՆ-ը բազմիցս նախազգուշացրել է երկրում, հատկապես Արարատյան դաշտավայրում և մայրաքաղաքում հրդեհավտանգ միջավայրի մասին: Մարդիկ խուսափում են նույնիսկ լուցկի և խարույկ վառել, բայց դյուքանչիների ծովը ծնկներից է, նրանք անվերահսկելի են, օրենքից վեր ու բարձր, նրանց համար որևէ խնդիր գոյություն չունի, որ իրենց օբյեկտներից անարգել ժայթքեն չտեսության հրավառ փնջերը՝ ոչ միայն դիվահար անելով բնակչությանը, այլև հրդեհավտանգ իրավիճակ ստեղծելով...
 
Չտեսության պոռթկումներ. այլ կերպ չես անվանի այդ հրավառությունները, որոնք պրկում են երևանցիների նյարդերը տարվա բոլոր եղանակներին, շաբաթվա տարբեր օրերի՝ ուշ երեկոյան, երբ մարդիկ փորձում են թոթափել օրվա հոգնությունը, ամփոփել հաճելի ու տհաճ տպավորությունները:
 
Կարծում ենք՝ այս օրերին հրդեհավտանգության մասին մասին ԱԻՆ-ը հատուկ նախազգուշացում պետք է ուղարկի բոլոր ռեստորանատերերին: Իսկ ոստիկանությունը ամբողջ տարվա համար ինչ-որ ծրագիր պետք է մշակի՝ երևանցիների անդորրը պահպանելու: Ճիշտ է, ժամը 23-ից հետո Վարչական իրավախախտումների մասին օրենքով աղմկելն արգելվում է, բայց այս հարայ-հրոցը սովորական, միայն հարևաններին լսելի աղմուկ չէ. գինովցած ամեն «տնգոզ» իրավունք չունի տագնապեցնել մարդկանց:
 
Արդեն երրորդ օրն է՝ չի հաջողվում վերջնականապես մարել Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհը (450-500 հա խոտածածկ և 80 հա անտառածածկ տարածք) : Ճիշտ է, ի վերջո մեկուսացվել են վտանգավոր օջախները ՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, սակայն փրկարարները շարունակում են առավել մանր օջախների մարման աշխատանքները:
 
Այսօր վաղ առավոտից վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին երեկ կեսգիշերին՝ վատ  տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով (տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը): Այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել՝ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ (այս մասին էլ տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից): Եվ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով: Եթե այս վարկածը հաստատվի, ուրեմն դիտավորության ու նույնիսկ անզգուշության մասին խոսք լինել չի կարող: Եթե, իհարկե, հաստատվի:
 
Նույն վարկածներն, անշուշտ, հերքվելու կամ հաստատվելու են այսօր՝ ժամեր առաջ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի առնչությամբ ևս: 
 
Իսկ ժամեր առաջ, մինչ պաշտոնական թվերի հրապարակումը՝ բնապահպաններն արդեն ունեն վնասի մոտավոր չափեր։ Ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը, «Ազատությանը» տեղեկացրել է, որ իրենց տվյալներով՝ ընդհանուր այրվել է 670 հեկտար տարածք, որից 370 հեկտարը անտառային հող է, 256-ը՝ անտառածածկ տարածք։ Դրանից 202 հեկտարը գիհու անտառ է, 54-ը՝ կաղնու և այլ ծառատեսակների։