Չթանկացնելն էլ հույս է

ՉԵՆ ԹԵԹԵՎԱՑՆՈՒՄ՝ ԳՈՆԵ ԱՎԵԼԻ ՉԾԱՆՐԱՑՆԵՆ «ԾԱՆՐԱՁՈՂԸ»

Մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են դարձել անվերջ թանկացումները՝ առաջին անհրաժեշտության մթերքներից մինչև կենսական նշանակության ծառայություններ՝ աղբահանություն, ջրամատակարարում,  գազ, էլեկտրաէներգիա: Թանկացումներ, որոնց հիմնական ու միակ պատճառաբանությունն այն է, որ տվյալ ընկերություններին ավելի շատ փող է պետք: Այդ  նույն համակարգերում աշխատող շարքայինները նույնիսկ դեմ են այդ թանկացումներին, որովհետև դրանից իրենց աշխատավարձերը չեն բարձրանում (համենայն դեպս՝ նրանց իսկ պնդմամբ), իսկ որպես սպառող՝ նրանք էլ դժվարանում են «բարձրացնել» կոմունալ վճարների «ծանրաձողը»: 
 
Մի խոսքով՝ ծանոթ ու չարչրկված մի թեմա, որին անդրադառնալը կարող էր և անպտուղ ու ձանձրալի թվալ, եթե գործադիրի երեկվա նիստում չբարձրաձայնվեր՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մինչև 2036 թվականն էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանելու ուղղությամբ:
Դժվար է ասել՝ առաջիկա 19 տարում ինչպիսին կլինի հայաստանաբնակների սոցիալական վիճակը, բայց գնանկում կոչվող վայեքը վաղուց մոռացածներիս համար նոր թանկացում չպարտադրելու ուղղությամբ գործնական մտահոգությունն արդեն իսկ հուսադրող է: 
 
Վարչապետի հարցմանն ի պատասխան՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ  Մանուկյանը զեկուցել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականը զարգացման ծրագիրը արդեն մեկ անգամ ներկայացրել են կառավարություն և ստացել որոշ դիտողություններ, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
 
- Ամենայն հավանականությամբ, կմշակվի լրացուցիչ ևս մեկ նորմատիվային ակտ, որը կկանոնակարգի փոքր ՀԷԿ-երի բաժինը: Այն մենք ներառել էինք մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրում, սակայն այն ծրագրից կհանվի և, ամենայն հավանականությամբ, առանձին նորմատիվային ակտով կհաստատվի: Սա էր հիմնական խնդիրը: Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք: Փոխվարչապետի և ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկում ենք կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա մինչև 2036 թվականը սակագները պահպանել գործող  մակարդակի վրա: Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1.5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաև արտաքին ազդեցությունները, - ասել է նախարարը:
 
Իսկապես, այսքան հէկաշատ մեր երկրում դրանց գոյությունը զգացվում է միայն պատճառած վնասների դիտանկյունից, իսկ օգտակարությունը, հավանաբար, միայն սեփականատերերին է հայտնի: 
 
Դե, իսկ արևի էներգիան մեր կենցաղ բերելու ուղղությամբ հապաղումը մնում է անհասկանալի: Մինչդեռ բնությունը շռայլորեն ու անվճար է տալիս այս բարիքը՝ առանց լրացուցիչ բանակցությունների, առանց սահմանակետային սակարկումների:
Բարեբախտաբար՝ այս աղբյուրների մասին ևս ակնարկել է Կ. Կարապետյանը՝ նշելով, որ հայեցակարգում պետք է դիտարկել մեր երկրի ողջ հիդրոներուժը, արևի և քամու էներգիայի արտադրության պոտենցիալը, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի ուղղությամբ հետագա քայլերը: Հավելումն՝
 
- Պետք է հասկանանք, թե էներգետիկ անվտանգության տեսակետից ինչ կարելի է անել, - ընդգծել է ՀՀ վարչապետը:
 
Հուսանք, որ եթե ոչ էժանացման, ապա գոնե չթանկացման երկարաժամկետ ծրագրեր կմշակվեն նաև մյուս ոլորտների համար՝ տրանսպորտ, գազ, ջուր…