Քիմհսկայի վերագործարկմամբ մտահոգ

«ՍՈՍԻՆՁԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԵՆ ԲԵՐՈՒՄ. ԻՆՉՈ՞Ւ»

Արդեն քանի տարի՝ «Նաիրիտ»-ի անունը հնչում է միայն աշխատակիցների բողոքների համատեքստում: Անկախության սերունդը երևի չի էլ պատկերացնում արդյունաբերական այդ հսկայի այն հզորությունը, արտադրական այն ծավալները, որոնցով ժամանակին այն ճանաչում էր բերում մեր երկրին ու տասնյակ հազարավոր ընտանիքների բարեկեցությունն ապահովում: 
 
Հիմա էլ «Նաիրիտն» և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է։ Բայց դա էլ չի օգնում, որ գործարանը բնականոն աշխաանքային հուն մտնի: Վերջին  քառորդ դարում դրա ղեկավարումը ստանձնողները միայն իրենց շահույթները կարևորեցին՝ իրենք իրենց բարձրաբարձր աշխատավարձեր պարգևելով, իսկ աշխատողներին տրվելիք գումարները պետության պարտքերի ցուցակներին պահ տալով և ձեռնարկությունը սնանկացման անդունդը գլորելով:
 
Արդեն 7 տարի է՝ քիմիական երբեմնի հսկան արտադրանք չի տալիս.  2015-ին գրչի մեկ հարվածով 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ասում են՝ հիմա գործարանում աշխատում են միայն անվտանգության աշխատակիցները: Իսկ ասողները պատահական մարդիկ չեն, այլ ակամա գործազուրկ դարձած նաիրիտցիները, ովքեր իրենց արտադրամասեր վերադառնալու հույսեր են փայփայում: Նաև համոզված են, որ գործարանը վերագործարկելու համար անհրաժեշտ է միայն իշխանության ցանկությունը։ Գործարանն այս վիճակին հասցրած կառավարություններին ու նրանց նշանակած պատասխանատուներին ակնարկելով, ակցիայի մասնակիցները փաստել են՝
 
- Իրենց ձեռք էր տալիս, որ միայն ալան-թալան լիներ, և իրենք օգտվեին այդ բարիքներից: Թող պետությունը վերցնի իր ձեռքը և  աշխատացնի, եկամտաբեր գործարան է։ Այդ գործարանը հո միայն կաուչուկ չի արտադրում. ժավել, կիր, սոսինձ: Սոսինձը Մալաթիայի շուկայում Թուրքիայից են բերում, ինչի՞։
 
Օրինաչափ հարցադրում է:
 
Նաև հիմնազուրկ չէ նրանց մեկ այլ տեսակետը, որը թեև միանշանակ չի կարող ընդունվել օդի աղտոտվածությունն ավելացնելու առումով, սակայն համոզիչ է՝ հեռանկարայնության տեսակետից. 
 
- Առանց «Նաիրիտի» Հայաստանը լրիվ կկործանվի: «Նաիրիտի» հետ կաշխատեն բազմաթիվ գործարաններ, որովհետև մեր գործարանի արտադրանքը օգտագործվել է և՛ գյուղատնտեսության, և՛  թեթև արդյունաբերության բոլոր բնագավառներում։
 
Նրանց նոր հույսեր է ներշնչել այն լուրը, որ ՀՀ կառավարությունը չի մերժել  եվրոպական հոլդինգի առաջարկը, և 
«Նաիրիտի» օգտին ներդրումներ կատարողները գիշերը ժամանել են Հայաստան։ Եվ իրենց ծրագրած ակցիան նրանք այսօր էին անցկացնում՝ հինգշաբթի օրվա փոխարեն: