Անակնկալ՝ առանց նախնական ծանուցման

- Միայն դիակիս վրայով Սերյոժայիս կտանեն բանակ:
Ապրիլյան քառօրյա պատերազմում ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին ուղարկել բանակ 
 
 
Ապրիլյան քառօրյա պատերազմում 18 անհետ կորած զինվորներից մեկի՝  Գրիգոր Հարությունյանի մայրը հրաժարվում է բանակ ուղարկել երկրորդ որդուն, ով նաև կնոջ միակ խնամատարն է: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է որդեկորույս մայրը՝ Անահիտ Հարությունյանը, մինչև կրտսեր որդուն՝ Սերյոժա Հարությունյանին բանակ զորակոչելը, դիմել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ՝ որդուն ծառայությունից ազատելու խնդրանքով: 
 
- Զինկոմիսարիատից ինձ կանչեցին, պահանջեցին որոշ փաստաթղթեր այն մասին, որ վերջին տասը տարիների ընթացքում իմ խնամատարները եղել են երկու որդիներս՝ Գրիգորը և Սերյոժան, իսկ Գրիգորի մահից հետո իմ խնամքով զբաղվում է միայն Սերյոժան: Նաև փաստաթղթեր եմ ներկայացրել առաջին ամուսնուցս ունեցած երկու երեխաներիս՝ Հասմիկի և Արամի, ինձանից հեռու ապրելու մասին,- ասաց Ա. Հարությունյանը՝ շեշտելով, որ ինքն արյան բարձր ճնշման հետ կապված առողջական խնդիրներ ունի:   
 
Որդեկորույս մայրն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝  նոտարի և համատիրության կողմից հաստատված և կնքված, ներկայացրել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ, որտեղից էլ դրանք ուղարկվել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ: 
 
Ա. Հարությունյանի փոխանցմամբ՝ վերոնշյալ փաստաթղթերը ՀՀ ԶՈւ ԳՇ ուղարկվել է սույն թվականի մարտի 27-ին, իսկ չորս օր անց՝ մարտի 31-ին, ԳՇ պետ Մովսես Հակոբյանը զեկուցագիր է ուղարկել՝ պարզաբանելով, որ օրենքի սահմաններում Սերյոժա Հարությունյանը չի կարող ազատվել ծառայությունից, սակայն հնարավոր է նույն փաստաթղթերի հիման վրա տարկետում ձևակերպել: 
 
- Մեր զինկոմիսարիատը բոլոր փաստաթղթերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարան, որը չմերժեց, և ինձ բոլորը վստահեցրեցին, որ տարկետում է լինելու: Որոշ ժամանակ անց զանգահարեցի զինկոմիսարիատ, հարցրեցի, թե Սերյոժայի փաստաթղթերից պատասխան կա՞, պարոն Մամիկոնյանն ինձ ասաց, որ հանգիստ լինեմ և սպասեմ, մինչև հուլիսյան զորակոչն ավարտվի, որից հետո պատասխանը կգա,- նշեց Ա. Հարությունյանը՝ ընդգծելով, որ հուլիսի 31-ին,  բոլորովին անսպասելի կերպով զինկոմիսարիատից զանգահարել են իրեն և տեղեկացրել, որ ՀՀ Պաշտպանության նախարարը չի հաստատել Սերյոժա Հարությունյանին տարկետում տալու դիմումը, հետևաբար վերջինիս զորակոչելու են Արարատի զորամաս: 
 
Նախապես ծանուցում չստանալով պատճառով անակնկալի եկած կինը անմիջապես գնացել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ և դիմում է գրել՝ հրաժարվելով որդուն ուղարկել բանակ: 
 
Ա. Հարությունյանի համոզմամբ՝ իր որդին որպես հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի եղբայր, պետք է ազատվի ծառայությունից: 
 
- Պաշտպանության նախարարը պետք է ընդառաջ գնա և որդուս ազատի ծառայությունից՝ հաշվի առնելով այն, որ նա միակողմանի ծնողազուրկ է, ապրում ենք սոցիալապես անապահով պայմաններում, ապրիլյան քառօրյայում խոշտանգված զինվորի եղբայր է և հիվանդ մոր միակ խնամատարը: Միայն դիակիս վրայով Սերյոժայիս կտանեն բանակ,- եզրափակեց հուսահատված մայրը՝ ՀՀ պաշտպանության նախարարին հիշեցնելով ժամանակին հրապարակայնորեն արված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն մշտապես գտնվելու է զոհված զինծառայողների ընտանիքների կողքին: